«Ամենախելացին» նախագծի հաղթող Աննա Թովմասյանը ստացավ 1.000.000 դրամ և կմեկնի Զագրեբ՝ Nikola Tesla ընկերության լաբորատորիա

Հայկական եթերի ամենաինտելեկտուալ հեռուստախաղի 6-րդ եթերաշրջանի՝  «Ոսկե լիգայի» հաղթողը հայտնի է: Արմենիա Հ/Ը «Ամենախելացին» հեռուստախաղի նախորդ 5 եթերաշրջանների 96 լավագույն մասնակիցները մրցում էին «Ոսկե լիգայում»: Ինտելեկտուալ մրցապայքարի եզրափակչում Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սան Աննա Թովմասյանը կարողացավ իր գիտելիքով արժանանալ «Ամենախելացին» տիտղոսին:

«Իմ շանսերը այսքան էլ չէի գնահատում, հստակ հասկանալով, որ մեզանից յուրաքանչյուրը արժանի էր հաղթանակի», – լարված ինտելեկտուալ  մրցապայքարից հետո նշեց Աննան:  

Աննան կմեկնի Զագրեբ Nikola Tesla ընկերության գլխամաս, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում կտեսնի, թե ինչպես են ստեղծվում նորարարությունները, ինչպես է աշխատում տեխնոլոգիական կենտրոնը, կծանոթանա ղեկավարության հետ: Բացի այս Աննան ստացավ նաև 1մլն դրամ կրթաթոշակ:

Հետաքրքիր, ուսուցողական ու ինտելեկտուալ. այսպես են բնորոշում «Ամենախելացին» նախագծի աջակիցները, որոնք իրենց լավագույնս դրևորած մասնակիցների համար պատրաստել էին հատուկ մրցանակներ:

Արարատ Սահակյանը, որը ամենատեղեկացվածն էր Վիլիամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը, կուղևորվի Միացյալ Նահանգներ՝  Ֆրեզնո, Սարոյանի տուն-թանգարան: Արարատի խոսքով Սարոյանի  պետք է շատ կարդալ. «Իրականում Սարոյանին կարելի է շատ-շատ ուսումնասիրել, ես կարդացել եմ նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները, ու փորձել բացահայտել Սարոյանին»:

Նազենի Հովհաննիսյանի խոսքով, 6 եթերաշրջանների ընթացքում բացահայտվեցին նոր սերնդի ամենախելացիները, բայց  «Ոսկե լիգան» տարբերվում էր բոլոր անցած եթերաշրջաններից:

««Ամենախելացին» նախագիծը բաց հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է դրսևորվել յուրովի: Ամենախելացին նախագիծը ցույց տվեց, որ մերօրյա հերոսը  ինտելեկտուալ երիտասարդն է և ստեղծեց վստահություն՝ նոր սերնդի հանդեպ», – ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Հատուկ մրցանակ ստացավ նաև Կարեն Մնացականյանը,ով իրեն լավագույնս դրսևորեց  Ֆիզիկա անվանակարգում: Կարենը ստացավ նոթբուք և ուղևորություն դեպի ՌԴ՝ Ռուսատոմի ձեռնարկություններ, որտեղ նրան սպասվում է տեղեկատվական հագեցած շրջայց:

«Շատ լավ էի պատրաստվել և ցանկանում էի ցույց տալ, որ մեր երկրում կան երիտասարդներ, որոնք գերազանց գիտելիքներ ունեն ֆիզիկայից», – նշեց Կարենը:

Մրցանակային էր նաև Ֆինանսներ անվանակարգը. Հաղթողը Հրաչյա Թումանյանն է: Հայաստանի գլխավոր դրամատանը Հրաչյային սպասվում է երկամսյա աշխատանքային փորձառություն, ինչպես նաև խաղի վերջում նա ստացավ արժեքավոր հուշամեդալ:

Հայկական ամենավարկանիշային ինտելեկտուալ նախագծի «Ոսկե լիգայի»  բոլոր մասնակիցները կմասնակցեն նաև Սևան Ստարթափ Սամմիթ 2019-ին, իսկ հաղթողը Աննան՝  հնարավորություն կունենա մասնակցելու նաև մեկ տարվա ընթացքում Հայաստանի սահմաններից դուրս անցկացվող բոլոր  Seaside Startup Summit-ներիին:

Լուսանկարները՝ Նարեկ Խաչատրյանի

Աղբյուրը՝ Life.tert.am