«Լինելու են նոր՝ շոկային բացահայտումներ ու աղմկահարույց հարցազրույցներ». Մհեր Բաղդասարյանը՝ իր նոր շոուի, Անժելա Սարգսյանի և ԱՄՆ-ում ապրելու մասին

«Տետ ա տետ». հաղորդում, որ դեռ երեկ տարածում գտավ Youtube-ում, և որի միջոցով շատերը տեսան անկեղծացած դերասանուհի Անժելա Սարգսյանին: Տարիներ առաջ եղած սկանդալն ու իրարանցումը բոլորն են հիշում, իսկ դրանից հետո իր ապրած ու ունեցած օրերի, ինքնասպանության ցանկության և այլ դժվարութունների մասին նա անկեղծացավ ու խոսեց հենց այս հաղորդման ժամանակ՝ Մհեր Բաղդասարյանի հետ: ShowBiz.am-ը կապ հաստատելով Մհերի հետ, ով բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, պարզել է հաղորդման մանրամասները, առանձնահատկություններն ու հյուրերին անկեղծացնելու իր տարբերակները:

Ինչպես Մհերը նշեց, այսօր ամբողջ աշխարհում շատ տարածված է Youtube-յան շոուներն ու հաղորդումները. «Տետ ա տետ»-ը նույնպես այդպիսին է. այն առկա է լինելու միայն համացանցում. «Նմանատիպ ֆորմատի շոու ես ցանկացա առաջինն անել ու վստահ եմ, որ Հայաստանում էլ այն լայն տարածում կգտնի: ԱՄՆ-ում ես աշխատոմ եմ ՊանԱրմենիա TV-ում, շաբաթական 5 օր վարում եմ «Բարի լույս» ծրագիրը և նաև աշխատում տարբեր նախագծերում, սակայն ես ցանկացա ունենալ նմանատիպ ծրագիր, որը նախատեսված կլինի միայն Youtube-ի համար»:

Հաղորդման ձևաչափը սկանդալային է, և Մհերն իր հյուրերի հետ խոսում է միայն ամենահայտնի ու աղմկահարույց դեմքերի հետ, տալիս հարցեր, որոնք շատերը հաճախ կխուսափեն տալ ու չեն ստանա պատասխան: Հենց այդպիսի հետաքրքրություն առաջացնող ու սկանդալային դեմք էր նաև դերասանուհի Անժելա Սարգսյանը. «Սա առաջինն էր, որ տեղադրեցինք յութուբում, 3-ն էլ արդեն իսկ պատրաստ են: Սա Անժելայի առաջին մեծ հարցազրույցն է իր կյանքի, սեքս սկանդալի, ինքնասպանության փորձերի մասին. ի դեպ, շատ անկեղծ զրույց է ստացվել»,-ասում է Մհերն ու հավելում, որ Անժելան, Մհերին տանելով եկեղեցի, պատմեց իր կյանքի դժվարությունների, նախկին ամուսնու հետ ունեցած հարաբերությունների, կրոնական իր հավատքի ու «Կյանքի խոսք»- ի կարևորության մասին:

Իր հյուրերին Մհերը փորձում է ընտրել ամենքննարկվող ու ու աղմկահարույց լինելու տեսանկյունից. «Ես չեմ անի հարցազրույցներ, որոնք արդեն արվել են, չեմ խոսի այնպիսի թեմաներից, որոնց մասին արդեն խոսվել են»:

Խոսելով նկարահանումների մասին՝ Մհերն ասաց, որ ընթացքն անցնում է բավականին հետաքրքիր, և իրենք փորձում են նկարահանումը նմանեցնել իրապատում շոուի. այսինքն՝ եթե այդ օրը հյուրը որևէ տեղ պետք է գնար կամ գործ ուներ, իրենք էլ նրա հետ միասին գնում են, և դա իրենց հնարավորություն է տալիս առավել լավ ու խորը ճանաչել ու բացահայտել հյուրին. «Ես կարծում եմ, որ արդեն անցել է հեռուստատեսային, լուսավորված տաղավարային այդ կեղծ ժամանակաշրջանը: Հեռուստադիտողն այսօր ուզում է տեսնել  իրական մարդկանց՝ իրական իրավիճակներում»:

Մհերը խոստովանում է, որ հայտնիների՝ իր հանդեպ ունեցած թե՛ մարդկային և թե՛ մասնագիտական վստահության շնորհիվ չեն լինում նկարահանումից հրաժարվելու և մերժելու դեպքեր, բայց, այնուամենայնիվ, միևնույն է, մինչև վերջ անկեղծանալն ու բացվելն էլ է անհնար, քանի որ հանրային մարդը պետք էլ չէ, որ մինչև վերջ անկեղծանա. միշտ պետք է մի ինտրիգ ու հետաքրքրություն թողնի, այլապես հետաքրքիր չի լինի մարդկանց:

Մհերի հետ խոսեցինք նաև հայկական շոու-բիզնեսի հայտնիների՝ այսչափ մեծ արտագաղթի, ԱՄՆ-ում բնակություն հաստատելու և այնտեղ հասնելու ու հաստատվելու ձգտումի մասին. «Խոսելն ու մեղադրելը հեշտ է: Ես գնահատականներ չեմ տա, բայց կասեմ մի բան. եթե ես այստեղ մի օր անգամ չաշխատեի իմ մասնագիտությամբ, չէի մնա: Շատ անհատական ու անձնական է մարդու՝ ինչ-որ տեղ ապրելու որոշումը: Ամեն մարդ ունի իր կյանքն ու ճակատագիրը»,- ասաց նա ու հավելեց, որ բացարձակ կապ չունի, թե որտեղ է նկարահանվում «Տետ ա տետ» յութուբյան շոուն, քանի որ այն հետաքրքիր է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերին, իսկ առաջիկայի համար խոստացավ, որ լինելու են նոր բացահայտումներ, աղմկահարույց հարցազրույցներ. «Չեմ ասի, թե ովքեր են լինելու ապագայում հյուրերս, քանզի դրանք իմ բացառիկ զրույցներն են, և ես չեմ ցանկանա, որ ինֆորմացիայի արտահոսք լինի հայկական մամուլում»,- եզրափակեց Մհերը:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի