«Դայանան համապատասխանում է մեր հասարակության թելադրած բոլոր պահանջներին». Գոհար Հարությունյանը` հաղթողի, մյուս աղջիկների արձագանքի և իր տխրելու պատճառի մասին

Դայանա Դավթյան. անուն , որ այս տարի Հայաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» մրցույթում: Ինչպես Գոհար Հարությունյանն է նշում, ընտրված գեղեցկուհին գեղեցիկ է, զարգացած, կրթված, զուսպ և ինքնավստահ, ինչն էլ շատ կարևոր է տվյալ մրցույթում ներկայանալի լինելու համար: Բացի դա, Դայանան համապատասխանում է բոլոր չափանիշներին անխտիր, իսկ այսօրվանից սկսած դեռ մի քանի ամիս նա և Գոհարն առավել շատ կսկսեն Դայանայի հետ պարապել և պատրաստվել: «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթը կայացավ երեկ Գյումրու «Սև բերդում»: Մրցույթին մասնակցում էին 15 գեղեցկուհի:  Թե ինչպես անցավ մրցույթը, ինչպես արձագանքեց հանդիսատեսը Դայանային, և թե ինչպես ընդունեցին որոշումը մնացած 14-ը  ShowBiz.am-ին պատմել է Գոհար Հարությունյանը:

Գոհարի խոսքով` իրենք այս անգամ  բավականին բարդ խնդիր էին դրել իրենց  առաջ. նրանց նպատակն էր  մշակութային ծրագրերը ոչ միայն Երևանում անցկացվեին, այլև Հայաստանի այլ քաղաքներում. այդ իսկ պատճառով ընտրեցին պատմական Գյումրին և Գյումրու քաղաքապետարանի թույտվությամբ մրցույթն անցկացրին «Սև բերդում». «Մեզ համար շատ բարդ էր իրականում մրցույթը տեղափոխել Գյումրի, նախապատրաստական աշխատանքները ևս բարդ էին, քանի որ այդ գեղեցիկ շքեղ տարածքը համալրված չէ գունային ու ձայնային համակարգով, և մեզ պետք էր այդ ամենով հագեցնել, որպեսզի  մեր աղջիկների գեղեցկությունն ու շքեղությունը ակնհայտ երևար»,- ասում է նա:

Կայացած մրցույթից Գոհարը բավականին գոհ էր. նա նշում է, որ դահլիճը լիքն էր հանդիսատեսով, բոլորը ոգևորված էին, աղջիկները՝ շատ գեղեցիկ ու գոհ իրենց վարսահարդարումից ու դիմահարդարումից: «Շատ փոքր աշխատակազմով ենք աշխատել և քանի որ մեր ողջ ուժերը ներդրել ենք «Միսս աշխարհ Արմենիա»-ի վրա, ավելի շատ այդ մրցույթին էինք անդադար ուշադրություն դարձնում: Այս ամենը հաշվի առնելով կարծում եմ, որ մրցույթն անցավ գերազանց:

Մրցույթի մասնակից 15 գեղեցկուհիները  բոլորն անխտիր ՀՀ  քաղաքացի և մշտական բնակիչներ էին. այդպես է պահանջում «Միսս Տիեզերք» մրցույթը: Գոհարը կարծում է, որ մրցակցությունը տարեցտարի թեժանում է. «Ես ինքս հիացած էի նրանց արտաքին գեղեցկությամբ, լողազգեստերով ելույթից. բոլորը փայլում էին բեմի վրա: Այս տարի ժյուրիի ընտրույթունը, կարծում եմ, որ շատ բարդ էր. ես ինձ ազատել էի այդ բարդ ու պատասխանատու աշխատանքից, սակայն որոշումը եղել է միաձայն»:

Մրցույթի ընթացքից, աղջիկների ելույթներից  Գոհարը գոհ է և համարում է կայացած, միայն մի բան կա, որ փոքր-ինչ հուզել և  տխրեցրել է նրան. «Վերջում ես կուզեի, որ հաղթողի անունն արտասանելուց առաջ մի քիչ ավելի ձգձգեին, որպեսզի ինտրիգը պահպանվեր, և հուզմունքը շատ լիներ, սակայն այդպես չեղավ, և Դայանայի անունը շատ արագ հնչեց»:

Գոհարի հետ խոսեցինք նաև Դայանայի մասին, թե ինչպիսին է նա իրականում, ինչ առավելություններ ունի, տիրապետում է արդյոք անգլերեն լեզվին  և որ հարցում է թերանում. «Դայանան ամբողջովին համապատասխանում է մրցույթի չափանիշներին. շատ կարևոր է մարմնի կառուցվածքը, համաչափությունը, համարձակ քայլվածքը, ինքնավստահությունն ու ժպիտը. Դայանան շատ զուսպ է, ինտելիգենտ, կարողանում է իրեն մատուցել. այդ առումով հանգիստ եմ. նա ամբողջությամբ «Միսս տիեզերք»-ի համար է»,- ասաց նա և հավելեց, որ, այո, տիրապետում է անգլերենին, սակայն դեռ աշխատելու տեղ ունի:

Իսկ զրույցի վերջում Գոհարը հավելեց, որ այս անգամ կարծում է` հասարակության կողմից  դժգոհություններ դժվար թե լինեն. «Դայանան ամբողջությամբ համապատասխանում է մեր հասարակության կողմից դրած բոլոր պահանջներին: Նա ունի լրիվ բնական գեղեցկություն, համաչափություն,  ինտելեկտ: Կարծում եմ, որ հիմա հաստատ դժգոհության կամ  մի բանի կպնելու տեղ պետք է որ չլինի: Ինչպես նշեցի, կշարունակենք աշխատել բանավոր խոսքի, քայլվածքի վրա, իսկ մնացած գեղեցկուհիները կշարունակեն իրենց պայքարը «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի համար: Նրանք բոլորն էլ ցանկանում  էին հաղթել երեկ, սակայն ժպտացին և ուրախացան Դայանայի համար»:

 Նյութը` Կիմա Միրզոյանի