«Տարբերե՛ք թացը չորից. ճիշտը թացն է». հայ հայտնիների «թաց» հոլովակներն ու Գյումրիում «Վարդավառ»-ի տոնին պատրաստվելը

Ամառ. Վարդավառ. Գյումրի…  Թեժ շոգն անդադար զգացնել է տալիս իրեն, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է ջրելու և ջրվելու: Շուտով՝ հուլիսի 28-ին, հայերի կողմից անչափ սիրված Վարդավառի տոնն է: Անկախ առօրյա ու աշխատանքային ամենատարբեր խնդիրներից այդ օրը սիրում են բոլորը, սակայն այս տարի կարծես թե առանձնահատուկ աշխուժություն է տիրում: Դեռևս տոնը չսկսած՝ ջրվում են բոլորն ու զովանում այս տապին: Երևանում այս օրերին լայն տարածում գտած չելենջի  գաղափարն ու նախաձեռնությունը  Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանինն է: Նա, նկարելով «Ճիշտը թացն է» վերնագրով կարճ  հոլովակ, կոչ է անում բոլորին հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, ներկա լինել Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ մեծ շուքով և հայ հայտնիների հետ նշելու «Վարդավառի» այդքան սիրված տոնը: Չելենջին են միացել հայկական շոու-բիզնեսի հայտնիներից շատ-շատերը: Վերջիններս այս օրերին ներկայացնում են իրենց թաց հոլովակներն ու իրենց թե՛ երկրպագուներին թե՛, առհասարակ, բոլորին կոչ անում ևս նկարել «Ճիշտը թացն է» վերնագրով հոլովակը և տեղադրել իրենց ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում: Տեսանյութում պետք է ասեն հետևյալը. «Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է»: Ինչպես նաև, տեսանյութին կից կարող են հեշթեգով նշել իրենց սիրած արտիստին՝ հրավիրելով նրան ևս մասնակցելու:

 

Բոլոր նրանք, ովքեր մասնակցում են challenge-ին, իրենց տեսանյութին կից պետք է հետևյալ գրառումն անեն, ինչպես և արել են բոլոր հայտնիները:

«Դե ինչ, կարծում եմ այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում եմ ձեր հոլովակներին և, իհարկե, ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր ԹԱՑ/ՀՈԼՈՎԱԿԸ և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորովս ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՄԸ:
Ես ձեզ կսպասեմ հուլիսի 28-ին` 12:00-ից Գյումրիի կենտրոնական հրապարակում: «Վեդռոները» ու փոխնորդ շորերը չմոռանաք:
Հ.Գ.1.Ձեր հոլովակները պետք է սկսվեն հետևյալ տեքստով,- «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է»»:

Ի դեպ, սա Ռուբեն Մխիթարյանի միակ նախաձեռնությունը չէ. oրեր առաջ կրկին Գյումրիում  պրոդյուսերն անցկացրել էր  «Ինչպե՞ս գոլ խփել մեդիադաշտում» խորագրով վարպետության դաս: