«Սիրային երգերիս հեղինակը հիմնականում ես եմ». Սարգիս Եղիազարյանը՝ սպասվող տեսահոլովակի, 2 նոր երգի, ռեստորանային երգիչների և «Պատվից առավել»-ում իր կերպարի մասին

Ռոմանտիկ ու սիրային երգեր, որոնք գրեթե բոլորի սրտին էլ հասնում և իրենց հետքն են թողնում. հենց նմանատիպ երգեր է իր լսարանին ներկայացնում երգիչ Սարգիս Եղիազարյանը: Երգիչն օրերս ներկայացրեց միանգամից 2 նոր երգի պրեմիերա, որոնք արդեն իսկ տարածում էին գտել, լսարան հավաքել և շատ սիրվել: Սակայն այսքանով չեն սահմանափակվում Սարգիսի նորություններն ու աշխատանքները: Showbiz.am-ը զրուցել է նրա հետ անցած ուղու, երաժշտական կրթության, հարսանեկան արարողություններին իր կատարումներով հանդես գալու, ինչպես նաև ամենառեյտինգային սերիալներից մեկի՝   «Պատվից առավել»-ում նկարահանվելու մասին:

«Մոլորակ ես»  և «Մի վայրկյան»  2 նոր երգերի հեղինակը հենց Սարգիսն է. նա երգելուց զատ նաև շատ է սիրում գրել, ստեղծագործել և իր երգացանկի սիրային երգերի հիմնական մասի հեղինակը հենց ինքն է. «Սիրում եմ գրել, սիրային երգերիս հեղինակը հիմնականում ես եմ , սակայն ունեմ նաև հեղինակային երգեր Ռիչարդ Մադլենյանից, Ավետ Բարսեղյանից և Վահրամ Պետրոսյանից:

Սարգիսի այս 2 նոր երգերն ընդգրկվելու են նրա նոր՝ թվով 2-րդ ձայնասկավառակի մեջ, սակայն նրա երկրպագուներին կրկին անակնկալներ են սպասում.  «Այսքանով ես չեմ սահմանափակում իմ աշխատանքները. հակառակը՝ գտնվում եմ շատ բուռն աշխատանքային գործունեության մեջ և շատ շուտով հեռուստադիտողի դատին կհանձնեմ նոր՝ ավելի ռիթմիկ ու աշխույժ երգեր ու նոր տեսահոլովակներ. այնպես որ աշխատում եմ անդադար»:

Դեռ երեկ նկարահանվել է Սարգիսի նոր տեսահոլավակը՝  «Ամենից ամենասիրուն » երգի հիման վրա: Տեսահոլովակի պրեմիերան կկայանա մոտ մեկ շաբաթից: Այն երգչի նախորդ՝  «Քեզ գտա » երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի շարունակությունն ու 2-րդ սերիան: Երգիչը, բացելով փակագծերն ասաց, որ լինելու է նաև 3-րդ սերիան, այսինքն՝ 3-րդ տեսահոլովակը, որը կշարունակի ամբողջի միտքն, ու այդքանով կավարտվի այդ պատմությունը: Տեսահոլովակների հերոսուհին Մերի Երեմյանն է:

Ընկնելով հիշողությունների գիրկն ու վերապրելով անցածը՝ Սարգիսը մի փոքր պատմեց իր անցած ուղու մասին.  «Երգել եմ դեռ 5-6 տարեկանից և հիմնականում երգում էի ժողովրդական երգեր: Երաժշտական կրթությունս ստացել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում՝ ուսանելով դասական երաժշտություն, սակայն այսօր երգում եմ այլ ժանրում, քանի որ ինձ սա ավելի հոգեհարազատ է»,- ասում է նա և հավելում, որ որևէ ռեստորանի աշխատող-երգիչ չէ, այլ պարզապես երգում է հատուկ հրավիրված հարսանիքների և երեկույթների ժամանակ: Իսկ երգչի վերաբերմունքը շատ դրական է ռեստորաններում աշխատող երգիչների ու երաժշտության հանդեպ.  «Ընդհանրապես չեմ քննադատում և շատ լավ եմ վերաբերվում. մանավանդ՝ բոլորն էլ իմ ընկերներն են: Բացի դա, այսօր ով ինչ ուզում, դա էլ անում է. շատերը այդպես,  ինչու ոչ, գումար են վաստակում. չէ՞ որ բոլորն էլ ինչ-որ կերպ գումար  են աշխատում»:

Խոսեցինք նաև  «Պատվից առավել» հերուստասերիալում նկարահանվելու և իր կերպարի մասին.  «Առաջարկը ստացել էի մեր շատ սիրելի պրոդյուսեր Ելենա Արշակյանից: Ծանոթանալով կերպարիս և իմանալով անձնակազմին ՝ միանգամից համաձայնվեցի»,- պատմում է Սարգիսն ու հավելում, որ դերասանական կրթություն քանի որ ինքը չունի, երբեմն-երբեմն հանդիպող փոքրիկ դժվարությունները օգնում են հաղթահարել անձնակազմի պրոֆեսիոնալ անդամները:

Կերպարը որոշ չափով երգչին հոգեհարազատ է. մի տղա, ով պարզապես սիրում է և անում է ամեն բան՝ սիրած աղջկան հասնելու համար.  «Մարդիկ շատ անգամ իմ կերպարը վերագրում են բացասականի, սակայն ես այդքան էլ այդպես չեմ կարծում. իհարկե, կան բաներ, որոնք բացասական երանգ են կրում, սակայն այդքան էլ պետք չէ բացասականի վերագրել»:

Եվ զրույցի վերջում Սարգիսը հումորով նշեց, որ աշխատանքային դադար ու հանգիստ գրեթե չի ունենում. նա ստեղծագործում և աշխատում է անդադար: Այսօր էլ նոր երգեր է ստեղծում, աշխատում, որ դրանց հիման վրա էլ հետագայում լինեն տեսահոլովակներ, ինչպես նաև՝ նկարահանվում  «Պատվից առավել»-ի  2-րդ երթերաշրջանում:

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան