«Դու պետք է արթնանաս առավոտյան վեցին, իսկ ութին՝ ունենաս անթերի տեսք». բիզնես կանոններ Ալլա Վերբերից

Օգոստոսի 6-ին՝ իր կյանքի 62-րդ տարում, մահացավ «Mercury» ընկերության փոխնախագահ Ալլա Վերբերը, ում շնորհիվ համաշխարհային լյուքսը մուտք գործեց հետխորհրդային Ռուսաստան: Վերբերի մահվան պատճառների մասին տեղեկատվությունն իրարամերժ է՝ արյան վարակումից մինչև սրտի կաթված:

Ծնվելով Լենինգրադում՝ հրեա բժիշկների ընտանիքում, նա դեռ մանկուց հետաքրքրվում էր նորաձևությամբ: Լքելով ԽՍՀՄ-ը՝ Ալլա Վերբերն ապրել է մի քանի երկներում՝ մինչև կրկին հետ է վերադարձել իր հայրենիք ու դարձել մոսկովյան ՑՈՒՄ-ի նորաձևության գծով տնօրենը:

Forbes Woman-ը հրապարակել է Վերբերի մեջբերումներն այն մասին, թե ինչպես է նա հասել հաջողության և դարձել ռուսական լյուքսի ներկայացուցիչը:

 

Խորհրդային ժառանգության մասին

  • Երբ 1992 թվականին մեկնեցի Փարիզ՝ Chanel-ի թիմի հետ առաջին հանդիպմանը, ստիպված էի նրանց համոզել, որ երկիրն այլևս այնպիսին չէ, ինչպիսին խորհրդային տարիներին էր: Այլևս չկան գլխաշորով տատիկներն ու մորեգույն պիջակներով տղամարդիկ: Ինձ չկանգնեցրին այս բոլոր կարծրատիպերը:
  • Աշխատակցի կարևորագույն հատկանիշերն են անկեղծությունը, նորաձևությունը հասկանալու ունակությունը, աշխատունակությունը և հարգանքը մարդկանց նկատմամբ:
  • Սկզբում ես աշխատակիցներիս (ՑՈՒՄ-ի –խմբ.) սովորեցնում էի պարզապես աշխատել, վաճառել, շփվել հաճախորդների հետ, լինել բարեհամբույր, ներարկում էի սեր նորաձևության նկատմամբ և սովորեցնում բարձրակարգ ծառայություն մատուցելու արվեստը: Խանութում աշխատելն արդեն հարգի էր համարվում, մինչ դեռ իմ երիտասարդ տարիներին այն այդքան էլ սոլիդ աշխատանք չէր: Մեզ համար ամենակարևորը ծառայությունն է, որովհետև այս դժվար ժամանակներում, երբ մարդիկ կարող են ամեն տեղ վատնել իրենց գումարը, մենք պետք է նրանց բերենք այստեղ:

 

Նեթվորքինգի մասին

  • Այո, իմ առաջ հեշտությամբ բացվել են բոլոր դռները: Կարելի է անգամ ասել՝ ինքն իրեն են բացվել: Ես ստիպված չեմ եղել դժվարությամբ հարթել իմ ճանապարհը:
  • Շատ դեպքերում ինձ օգնում է արտաքինս. ես միշտ վառ էի և գիտեի՝ ինչպես ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ:
  • Կյանքում ինչ-որ բանի հասնելու շնորհիվ դուք դառնում եք ինքնավստահ, և դա արտացոլվում է ձեր հագուստն ընտրելու վրա:
  • Իսկ ձեր գործնական կերպարը կարող է ներկայացնել ինչ-որ կարգավիճակի հասնելու ձեր նպատակը: Ցանկանում եմ նշել, որ այսօր բոլորն ունեն հնարավորություն, անգամ ցածր աշխատավարձի դեպքում, հագնվել ոճային ու նորաձև:
  • Դու պետք է արթնանաս առավոտյան վեցին, իսկ ութին՝ ունենաս անթերի տեսք: Եվրոպայում սրան այդքան էլ մեծ կարևորություն չեն տալիս, բայց Ամերիկայում սա առանձնահատուկ ուշադրության է արժանանում: Եվ Աստված չանի, որ դուք հանդիպմանն ուշանաք անգամ մեկ րոպե:


Աշխատանքային
սկզբունքներ

  • Ես երազում էի կառուցել այն, ինչն արդյունքում կառուցվեց: Mercury-ն այսօր ռուսական ամենախոշոր լյուքս ընկերություններից է: Ես սկսել եմ գնումները Chanel-ից, Gucci-ից, Dior-ից, Brioni-ից: Հավատացեք, այս աշխատանքը հեշտ չէ: Չէ՞ որ սկզբից ոչ ոք չէր վազում այս բրենդների հետևից. պետք էր շատ աշխատել, որպեսզի զարգանար որոշակի հոգեբանություն և մեզ մոտ ձևավորվեր սեփական գնորդների շրջանակը:
  • Ես ամեն տարի ասում եմ, որ եկող տարում ավելի քիչ եմ աշխատելու՝ տուն գնալու եմ մինչև ժամը 8-ը, գնալու եմ շաբաթական երեք անգամ թատրոն: Երդվում եմ ընկերուհիներիս: Բայց ուր էլ, որ ինձ հրավիրեն, ես հասնում եմ ամենավերջինը, կորում են տոմսերը, և ես ամբողջ ժամանակ պայքարում եմ դրա դեմ:
  • Ինձ դուր է գալիս ամեն առավոտ ողջունել դռնապանին և լսել, որ նրա կինն ինձ բարևներ է հաղորդում: Ես հաճախ եմ ուսումնասիրում այնպիսի մարդկանց, ովքեր իշխանություն ստանալով՝ կտրուկ փոխվում են դեպի վատը:
  • Ես երբեք՝ անգամ այսօր, չեմ հոգնում բացահայտել նորը: Ես գնում եմ առաջ՝ երիտասարդությանը հավասար, գիտեմ ամենանորի մասին և ես այնտեղ արդեն առաջինն եմ:
  • Ես հինգ տարի պայքարում էի քաղցկեղի դեմ, և դա դժվար պայքար էր: Այն բիզնեսի նման ամենօրյա պայքար է, և բացի ինձնից ոչ ոք չգիտի՝ որքան դժվար է դա ինձ տրվում:
  • Ընկերության համար աշխատելու և ինքդ քեզ համար աշխատելու մեջ կա մեծ տարբերություն: Աշխատելով քեզ համար՝ հնարավորություն ես ստանում օրերից մի օր փոխանցել գործդ երեխաներիդ կամ թոռներիդ, իսկ ընկերությունից, որտեղ դու աշխատում ես, դու ստիպված ես լինելու մի օր լքել: