Իրինա Թովմասյանը՝ Եգիպտոսում ու Վրաստանում ունեցած հանգստի և ամուսնու անակնկալի՝ դեպի Մալդիվներ սպասվող ճամփորդության մասին

Հայկական շոու- բիզնեսի ամենավառ ու ուրախ կերպարներից Իրինա Թովմասյանն ու Մեգին այս ամառ , ինչպես և միշտ, տպավորված են իրենց հանգստից, լիարժեք հանգստացած, թարմացած ու նոր ուժերով լցված: Ինչպես Իրինան է նշում, իր կյանքում այնքան շատ են եղել ճամփորդությունները՝ մեկը մյուսից հետաքրքիր ու հիշվող, մեկը մյուսից տպավորիչ ու ծիծաղաշարժ. խոստովանում է՝ ամուսինն իրեն այդ առումով չափազանց շատ է անակնկալներ մատուցում, որոնցից ամենասպասվածն ու հրաշալին դեռ առջևում է :

ShowBiz.am-ին Իրինան պատմել է այս ամռան իրենց տպավորիչ հանգստից, նախորդ տարիների ունեցած ամառային ուղևորություններից և աղջիկների տպավորված ու երջանիկ լինելուց:

«Այս տարի մենք ընտանիքով ընտրեցինք Եգիպտոսը: Ես, ամուսինս և, իհարկե, նաև Մեգին, քանի որ նա արդեն մեծ է, և իր կարծիքն ու ցանկություններն ավելի ենք կարևորում, քան փոքրերինը, ընտրեցինք Կարմիր ծովը: Մեզ համար առաջնային կարևորությունը հենց Կարմիր ծովն էր, քանզի չափից շատ ենք այն սիրում»,-պատմում է Իրինան և նշում, որ  առաջին իսկ օրից սկսած բոլորը վայելել են ամեն մի վայրկյանը:

Երջանիկ ընտանիքը լույսը բացվելուն պես անմիջապես շտապել է ծով, ինչպես Իրինան է նշում, իր պարտքը կատարել ծովի հանդեպ, այնուհետև նոր շտապել լողավազան: Միջնեկ և կրտսեր աղջիկներն անգամ ջրից դուրս գալ չեն ցանկացել և ամեն օր մինչև լողավազանի փակվելը մնացել են ջրում:

Այս տարի Եգիպտոսում անցկացրած հանգիստը Իրինա Թովմասյանի ընտանիքի համար մի շարք հետաքրքիր դեպքերով էր հարուստ ու տպավորիչ. «Այս տարի միջնեկ աղջիկս սկսեց կատարյալ լողալ, իսկ փոքրս, որ չէր կարողանում, սովորեց: Մեգին այս տարի ինձ և ամուսնուս նման դարձավ դայվինգի սիրահար.  այնքան ակտիվ էր, որ բոլորը նրան արդեն ճանաչում ու սիրում էին. մասնակցում էր  բոլոր մրցույթներին, երգում ու պարում: Նա այդպիսին է և միշտ նոր ընկերներ ձեռք բերած է վերադառնում տուն»,- պատմում է նա և նշում, որ երբեք չեն մոռանա այն վտանգավոր ու թունավոր ձկանը, որն իրենց է հանդիպել ջրի տակ, սակայն չիմանալով նրա թունավոր լինելու մասին՝ Իրինան և Մեգին անգամ լուսանկարվել են նրա հետ:

Չնայած նրան, որ այս տարի կարողացել են լիարժեք հանգստանալ, այնուամենայնիվ, համացանցի առկայության շնորհիվ Իրինա Թովմասյանը երբեմն-երբեմն աշխատել է և իր գործերն արել համացանցի միջոցով. ինչպես նա է նշում, այդպես ավելի հեշտ է ամեն ինչ իրար չխառնելու համար:

Այսքանով սակայն չի սահմանափակվել նրանց հանգիստը, երբ Մեգին և Իրինան հասկացել են, որ ուզում են միայնակ լիարժեք հանգստանալ ու վայելել նաև Վրաստանը. «Եգիպտոսից հետո ես ու Մեգին  որոշեցինք գնալ Վրաստան, և այն դարձավ մեր ծովափնյա հանգստի շարունակությունը»:

Պատմելով այս տարվա ծովային տպավորություններից՝ Իրինան նաև վերհիշեց իր մի շարք ճանապարհորդությունները ամուսնու և Մեգիի հետ. «Երբ սպասում էի 2-րդ բալիկիս, մեքենայով որոշեցինք շրջել Եվրոպայի տարբեր քաղաքներով: Այնքան նոր բաներ ու հետաքրքիր վայրեր բացահայտեցինք. այդպես ավելի տպավորիչ է, քան  ինքնաթիռով: 2 տարի առաջ էլ ես ու Մեգին որոշեցինք իր ծնունդը նշել Իսպանիայում: Չեմ կարող մոռանալ նաև մեր ուղևորությունը կրկին մեքենայով ԱՄՆ, բայց այս ամենից զատ ամենակարևորն ու սպասվածը իմ ստացած անակնկալն է մեր ամուսնության օրվա առթիվ՝ ուղևորություն դեպի Մալդիվներ. մեր տոմսերն արդեն ամրագրած են, և մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան»,-ուրախությամբ նշեց Իրինան:

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան