Արման Հովհաննիսյանի երկար սպասված համերգը կայացավ. տպավորությունների, ներկաների ու նոր երգերի մասին

Մեկն իր շրթներկն էր թարմացնում, մեկն իր մազերն էր ուղղում, մյուսն էլ՝ իր անհարմար զգեստի փեշը:  Բոլորը սպասում էին: Գեղեցիկ սրահը լեփ-լեցուն էր Արման Հովհաննիսյանին գնահատող և իր երգերը սիրող մարդկանցով:

Երեկ`օգոստոսի 9-ին, «Dvin Music Hall»-ում տեղի ունեցավ հայ սիրված երգիչ Արման Հովաննիսյանի երկար սպասված մենահամերգը: Ավտոկայանատեղիում ասեղ գցելու տեղ չկար, իսկ նախասրահում հանգիստ շարժվել հնարավոր չէր:

Հանդիսատեսն արդեն տեղավորվել էր, այնպես որ երեկույթն արդեն կարելի էր սկսել: Համերգը սկսեցին բենդի անդամները, ովքեր մի քանի երգ կատարելով՝ իրենց տեղը զիջեցին Արման Հովհաննիսյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ավետ Բարսեղյանը և ներկաներին լավ տրամադրություն ու հետաքրքիր ժամանց մաղթեց:

Մեկ-երկու երգ կատարելուց հետո Արմանը սկսեց շփվել հանդիսատեսի հետ`պատմելով իր ոճային փոփոխությունից: «Հիմա կասեք`էս ինչ թիթիզություն է անում. սկզբից թրաշ է պահում, հետո ջինս ու բոթաս հագնում: Բայց տեսեք՝ այսօր առիթին համապատասխան եմ հագնվել»,- կատակեց երգիչը`շարունակելով համերգային ծրագիրը:

Վառ լույսերն ու բարձր երաժշտությունը հանդիսատեսին ստիպում էին Արման Հովհաննիսյանի հետ բարձրաձայն երգել ու պարել:

Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև երգչուհի Անուշիկ Ալավերդյանը, ով առաջին անգամ բեմից ներկայացրեց իր նոր «Սերը սա է» երգը (խոսքերի հեղինակ`Ավետ Բարսեղյան, երաժշտությունը`Սոնա Ռուբինյանի և Անուշիկ Ալավերդյանի): Երեկոյին միացել էր նաև երգչուհի Նելլի Պողոսյանը, ով կատարեց իր «Մի, մի արի» երգը:

Տասնհինգ ձայնասկավառակ թողարկած երգիչը համերգի համար ընտրել էր լավագույնները. կային ինչպես տարիների ընթացքում թրծված ու հանդիսատեսի կողմից անգիր հիշվող, այնպես էլ այս ամառվա ընթացքում թողարկավծ նոր երգեր:

Ներկաների համար երգիչը անակնկալ էր պատրաստել՝ նոր երգի պրեմիերա: Կարճատև ընդմիջումից հետո Արմանը բեմ վերադառնալով`կատարեց իր նոր «Ընտանիք» երգը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության ու գործիքավորման վրա աշխատել է երգիչ Կարեն Սևակը:

Համերգի վերջում էլ հանդիսատեսը Արմանի հետ ոտքի կանգնած երգեց «Տեր Աստված» երգը: Համերգը ավարտվեց ուրախ նոտայի վրա, ներկաները գոհ էին: «Համերգն, իրոք, լավ էր կազմակերպված: Մենք ընտանիքով ենք եկել: Հենց իմացանք համերգի մասին, փորձեցինք արագ տոմսերի հարցը լուծել»,- մեզ հետ իր տպավորություններով կիսվեց ներկաներից մեկը:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին Արման Հովհաննիսյանը՝ Արմենչիկի և Սուպեր Սաքոյի հետ միասին համերգային շրջագայությամբ հանդես էր գալիս ՌԴ-ի հայաշատ քաղաքներում: