«Ես չեմ սիրում ինձ ոճերով սահմանափակել»․ Գոռ Սուջյանը՝ ներկա ու ապագա ծրագրերի մասին

By

Գոռ Սուջյանին երգելու ու ստեղծագործելու համար հարկավոր է ուղղակի ապրել։ Երգիչը խոսել է «Դորիանս» խմբի և «Project LA»  նախագծի մասին, պատմել ակումբներում ելույթ ունենալու և սոլո կարիերայի մասին, ներկայացրել իր ապագա պլաններն ու ծրագրերը։ Գոռը առաջիկայում համերգներ կունենա դեռևս միայն ակումբներում։ Ինչպես նաև կշարունակի համագործակցությունը «Project LA»-ի հետ, այնպես որ պետք է սպասել նոր երգերի և տեսահոլովակների։

— Չարենց, Տերյան Սևակ Մի տեսակ անսպասելի, նաև հաճելի անակնկալ էր մեծանուն գրողների ստեղծագործությունները երաժշտական մատուցմամբ լսել: Վաղու՞ց կար գաղափարը, շարունակակա՞ն է լինելու: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում գրողին կամ ստեղծագործությունը։

— Խոստովանեմ՝ ինձ համար էլ էր անսպասելի։ «Project LA»-ի հիմնադիր Լևոն Արևշատյանն է կատարում գրողի կամ բանաստեղծության ընտրությունը և դրա հիման վրա էլ գրում է երաժշտություն։ Այ թե ինչ սկզբունքով է կատարվում ընտրությունը, իրենից լավ ոչ-ոք չի պատասխանի։

— Գերադասում եք սոլո՞ արտիստի կարիերան, թե՞ խմբում հանդես գալը։

— Ես միշտ խմբով եմ հանդես եկել և միայն վերջերս եմ սկսել սոլո արտիստի կարիերան։ Հիմա ներկայանում են One Man Band ձևաչափով։ Թե´ սոլո կարիերան, թե´ խմբով հանդես գալն իր հետաքրքրությունն ունի, ամեն մեկը տարբեր, յուրահատուկ զգացողություններ է փոխանցում։ Այնպես որ երկուսն էլ սիրելի են։

— Հասե՞լ եք ձեր երազանքներին։ Արդյո՞ք ակումբներում ելույթ ունենալն է եղել ձեր նպատակը։

— Երազանքներիս դեռևս չեմ հասել, շարունակում եմ գնալ այդ ուղղությամբ։ Ակումբներում նվագելու կամ երգելու համար առանձնապես նպատակ պետք չէ ունենալ, առավել ևս երազանք։ Ակումբը ուղղակի վայր է, որը ամեն երաժշտի կարիերայի ինչ-որ հատված է կազմում։ Ակումբներում մինչև հիմա էլ կարող եք տեսել այնպիսի հայտնիների, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Սթինգը և շատ ուրիշներ։

— Ներկա պահին աշխատու՞մ եք նոր երգի վրա։ Նորությունների սպասե՞նք Ձեզնից։

— Այո, աշխատում ենք։ Մենք մշտապես էլ նորի ստեղծման գործընթացի մեջ ենք։

— Շատերը նշում են,  որ Հայաստանում շոու-բիզնես ասվածը գոյություն չունի։ Դուք ի՞նչ եք կարծում, կա՞ ինչ-որ բան, որը կփոխեիք հայկական երաժշտաշուկայում։

— Ես շոու-բիզնես ասվածից այդքան էլ գլուխ չեմ հանում։ Ինձ թվում է՝ այս հարցին ավելի լավ կպատասխանեն պրոդյուսերները, նրանք այդ գործից ավելի շատ բան են հասկանում։

— Ձեր կարերիան մտադի՞ր եք Հայաստանում շարունակել։ Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ առաջարկներ ստացել եք արտերկրից։

— Գործունեությունս շարունակելու եմ և´ Հայաստանում, և´ արտասահմանում։ Նայած թե երբ, ինչպես կստացվի։

— Ձեր երգերից ո՞րը կառանձնացնեիք իր ասելիքով ու կարևորությամբ։

— Առանձնացնել առհասարակ չեմ սիրում ու չեմ կարող։ Ամեն երգ ստեղծվել է մի առիթով ու նպատակով և իր հիմքում խորը իմաստ է կրում։ Այնպես որ՝ ամեն երգ էլ կարևոր է իր ասելիքով։

— Ի՞նչ է տալիս ձեր երաժշտությունը ձեզ և ձեր ունկնդիրներին։

— Երաժշտությունը իմ կյանքի անբաժան մասնիկն է, այդ իսկ պատճառով էլ չեմ կարող առանձնացնել կոնկրետ մի բան։ Իսկ ինչ վերաբերվում է ունկնդիրներին, այդ հարցին չգիտեմ ինչպես պատասխանել։ Համենայնդեպս, եթե լսում են, ապա իրենց ձգող ու հոգեհարազատ ինչ-որ բան են գտած լինում երգի մեջ։

— Համագործակցության գաղափարներ կա՞ն։ Ու՞մ հետ կցանկանայիք համատեղ երգ ձայնագրել։

— Դեռևս չկան։ Ճիշտն ասած՝ այդ ուղղությամբ չեմ էլ մտածել, երևի որ միտքը չի եղել, դրա համար կարիք էլ չի եղել այդ ուղղությամբ աշխատելու համար։

— «Դորիանս»-ն առաձնահատուկ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Այսքան ժամանակ անց կա՞ ափսոսանք, որ խումբն ավարտեց իր պատմությունը։

— Ոչ, ափսոսանք ընդհանրապես չկա։ Կան միայն լավ հիշողություններ։ «Դորիանս»-ը միշտ էլ կմնա իմ ամենասիրելի խումբը։

— Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել։ Լինելով ռոք կատարող՝ ինչպիսի՞ն է Ձեր playlist-ը։

— Ես լսում եմ ամեն ինչ, անկախ ոճից, բայց անպայման որակյալ երաժշտություն պետք է լինի։ Ես ինձ չեմ համարել ու չեմ համարաում ռոք կատարող և առահասարակ չեմ սիրում ինձ ոճերով սահմանափակել։ Ինձ համար արտիստն ինքն իրենով արդեն մի ոճ է։

— Դուք նույնպես ստեղծագործում եք․․ Ի՞նչ է անհրաժեշտ Գոռ Սուջյանին նոր երգեր հեղինակելու համար։

— Այո, ստեղծագործում եմ։ Ստեղծագործելու, նորին կյանք տալու համար ուղղակի պետք է ապրել։

Նյութը՝ Լուս Ավագյանի

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ