Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

«Associated Press»-ը օրեր առաջ հայտնել է, որ իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ:
Լրատվամիջոցի հավաստմամբ՝ Պլասիդոյի դեմ այդ մեղադրանքով հանդես են եկել 8 երգչուհի և մեկ պարուհի: Նրանցից միայն մեկն է համարձակություն գտել և բացահայտել իր ինքնությունը՝ Պատրիսիա Վուլֆը, իսկ մյուսները հրաժարվել են հրապարակել իրենց անունները՝ վախենալով, որ դա վատ կանդրադառնա իրենց կարիերայի վրա:
Ի միջի այլոց՝  երգիչն արդեն 57 տարի է, ինչ ամուսնացած է երգչուհի Մարտա Օռնելասի հետ: Պլասիդո Դոմինգոն մեկնաբանել է կատարվածը՝ հերքելով բոլոր մեղադրանքները:

«Այս մարդկանց հայտարարությունները, որոնք 30 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի մասին են, ճիշտ չեն ձևակերպված: Ինձ համար ցավալի է լսել, որ ես կարող էի ինչ-որ մեկին նեղացնել կամ դնել անհարմար իրավիճակի մեջ, և կարևոր չէ՝ որքան վաղուց է դա եղել: Ես համոզված էի, որ իմ վերաբերմունքն ու փոխհարաբերությունները մարդկանց հետ փոխադարձ են: Մարդիկ, ովքեր աշխատել են ինձ հետ կամ ճանաչում են ինձ, գիտեն, որ ես մտածված երբեք ոչ ոքի չեմ պատճառի վնասմ, չեմ վիրավորի կամ անարգի: Բայց ես խոստովանում եմ, որ այն կանոններն ու ստանդարտները, որոնցով մենք հիմա առաջնորդվում ենք, խիստ տարբերվում են նախկինում եղածներից: Ես պատիվ եմ ունեցել 50 տարի գործունեություն ծավալել օպերայում և հավատարիմ եմ մնալու բարձր ստանդարտներին»,- հայտարարել է Պլասիդո Դոմինգոն: