Քեթի Փերիին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ

Եվս մեկ աստղ, ով հայտնվել է սեքսուալ բնույթի սկանդալի մեջ։  Որպես կանոն՝ ոտնձգության մասին խոսելիս կանայք լինում են զոհի դերում։ Սակայն Քեթի Փերիի դեպքում ամեն ինչ հակառակն է ստացվել։ Ջոշ Քլոսը, ով նկարահանվել էր նրա «Teenage Dream» երգի տեսահոլովակում, իր Ինստագրամի էջում պատմել է դեպքի մանրամասներից։

Նա հայտնել է, որ աստղը, երբ մենակ է եղել, իրեն զուսպ ու բարի է պահել, սակայն հանրության շրջանում սառն է դարձել և նկարահանման հրապարակում նշել, որ իր համար տհաճ է եղել համբուրվել հոլովակի զուգընկերոջ հետ։ Մի անգամ նա ընկերոջ հետ երեկույթի է գնացել, որին ներկա է եղել նաև Քեթի Փերին։ Երբ ինքը ցանկացել է ընկերոջը ծանոթացնել երգչուհու հետ, վերջինս անսպասելիորեն իջեցրել է նախկին կոլեգայի հագից տաբատն ու կիսավարտիքը։ «Կարո՞ղ եք պատկերացնել՝ որքան խղճուկ ու անհարմար էի ես ինզ զգում»,- գրել է Քլոսը։

Դերասանը նշել է, որ տեսահոլովակի տարեդարձի առիթով պատրաստվել է նվագել երգը, սակայն հետո որոշել է, որ այլևս չի ցանկանում պահպանել Քեթիի դրական իմիջը։ Ջոշի խոսքով՝ նախկինում ինքը չի կարողացել պատմել ճշմարտությունը, քանի որ ստիպված է եղել պահպանել Փերիի կերպարը, իսկ հարցազրույցները, որոնք ինքը տվել է, միշտ շտկվել են նրա ներկայացուցիչների կողմից։