Սոնա Շահեգլդյանն անակնկալ ունի երկրպագուների համար

Երգչուհին Սոնա Շահգելդյանը լավ նորություն ունի իր երկրպագուների համար:
Showbiz.am կայքի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ գալիք տարում, վերջապես, հանդես կգա մենահամերգով:
Սոնան կուրախացնի իր երկրպագուներին նաև նոր ալբոմով, որտեղ լինելու են ոճային ու տարբերվող կատարումներ:
Երկրպագուներին սպասվում է նոր տեսահոլովակ և էլի շատ նախագծեր:

Վերջերս իր նոր տեսահոլովակում Շահգելդյանը հանդես եկավ նոր կերպարով: Անճանաչելի դարձած երգչուհին բոլորին զարմացրեց իր համարձակ ոճով:
«Ես սիրում եմ փոխվել: Չկորցնելով ինձ՝ միշտ փորձում եմ տարբերվել՝ ամեն բան անելով չափի մեջ և գրագետ»,-այդ կերպարանափոխության մասին ասում է Սոնան:

Երգչուհի Սոնա Շահգելդյանն առաջին հայ մասնակիցն էր, ով «Նոր ալիք» երգի մրցույթում 2010 թվականին գրավեց առաջին հորիզոնականը։
Սոնան նշում է, որ միշտ ու ամեն տեղ ձգտել է լինել առաջինը: Չնայած դրան երգչուհին զերծ է մնացել աստղային հիվանդությունից:
«Այն մարդիկ, ովքեր տառապում են աստղային հիվանդությամբ, գոռոզ են ու իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Նրանք, ովքեր շատ բան են անում, իրականում, ավելի համեստ ու պարզ են: Ես էլ եմ պարզ ու չեմ պատրաստվում փոխել իմ տեսակը: Աստղային հիվանդությամբ տառապողները, պարզապես, փորձում են ինքնահաստատվել»,- ասում է երգչուհին:

Հայտնի դառնալու ճանապարհն այդքան էլ հեշտ չի եղել Սոնայի համար:
Շահգելդյանը կիսվում է, որ շատ խոչընդոտների միջով է անցել ժամանակին, որպեսզի հասնի այն ամենին, ինչ այսօր ունի:
«Շատ դժվարություններ եմ ունեցել, որոնք հաղթահարել եմ ձայնիս ու ընտանիքիս շնորհիվ: Շատ մարդիկ կան, որ նախանձում են, ու լավ գիտեմ, թե ովքեր են:
Ի տարբերություն ուրիշների՝ ամեն բանի հասել եմ իմ ուժերով»,- կիսվում է Սոնան:

Երգչուհու փայլուն կարիերան Շահգելդյանը կարողանում է համատեղել նաև ընտանիքի հետ: Սոնան մեծացնում է իր փոքրիկ որդուն. նրան այդ հարցում շատ է օգնում մայրը:
«Շնորհակալ եմ Աստծուց, որ նման մայր ունեմ: Իսկական հայ կին է: Երազում եմ լինել հենց իր նման մայրիկ: Իսկ տղաս շատ խելացի ու բարի բալիկ է, և եթե լավ ձայն ունենա, ապա կօգնեմ, որպեսզի ուժեղացնի իր կարողությունները: Բայց եթե տաղանդ չունենա, նրան առաջ չեմ տանի՝ ի տարբերություն ոմանց»,- խոստովանում է Սոնան:

Հիմա երգչուհին ակտիվ աշխատում է իր նոր ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:
Չնայած իր զբաղվածությանը՝ երգչուհին ամեն հարմար առիթի դեպքում շփվում է երկրպագուների հետ, իսկ չարախոսներին մեկնաբանություններին ուշադրություն չի դարձնում.
«Բայց հիմա էլ չեմ մտածում վատ բաների մասին: Փառք Աստծո, ժողովուրդն ինձ հարգում ու սիրում է. դրանից կարևոր բան չկա ինձ համար»:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի