«Դա ամենաբարդ բանն է իմ և Իննայի համար, որը պետք է հաղթահարենք». Բեն Ավետիսյանը` «Երկուսով» հեռուստասերիալի և իր ու Իննայի սիրային պատմության մասին

Սեպտեմբեր ամսին «Շանթ» հեռուստաընկերությունում կտիրի սիրային տրամադրություն և նոր շունչ. հեռուստաընկերությունն արդեն սկսել է նոր հեռուստանախագծի նկարահանումները, իսկ իր հեռուստադիտողին խոստանում է նոր՝ անչափ հետաքրքիր, ամենատարբեր լուծումներով և արդեն սիրելի դարձած կերպարներով նախագիծ: «Երկուսով». այսպես է կոչվում նոր հեռուստասերիալը, որի գլխավոր կերպարներին մարմնավորելու են դերասաններ Բեն Ավետիսյանն ու Իննա Խոջամիրյանը:

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի նկարահանման վերջին օրերին նոր նախագծի գաղափարն ու սցենարն արդեն իսկ կար: Անցկացնելով քասթինգ՝ գլխավոր կերպարների դերերը բաժին հասան Բենին և Իննային: Անդադար աշխատելով ու նկարահանվելով՝ Բենն արդեն 2 տարի կլինի , ինչ չէր հասցրել հանգստանալ, սակայն այս անգամ նա կարողանում է ընդամենը 6 օր հատկացնել իր հանգստին և մեկնել Սոչի, որտեղից օրեր առաջ է վերադարձել:

ShowBiz.am-ը զրուցել է դերասանի հետ նրա ծովային կարճաժամկետ հանգստի, նոր հեռուստասերիալի, կերպարային գծերի և Իննայի հետ սիրային զույգ խաղալու մասին:

Մարկ և Մանե. ահա այս անուններով է հեռուստադիտողը շուտով սկսելու ասոցացնել իր սիրելի դերասաններին: Մարկի և Մանեի կերպարները կերտելու համար Բենին և Իննային ընտրել է ռեժիսորը. ««Շանթ» հեռուստաընկերությունում քասթինգը պարտադիր է, և ես դա նորմալ եմ համարում, քանի որ ռեժիսորն ինքը պետք է տեսնի ու հասկանա ` համապատասխանում է տվյալ դերասանը կերպարին թե ոչ»,-ասում է դերասանը:

Իմանալով,  որ միասին են կերտելու գլխավոր հերոսի ու հերոսուհու դերերը` Բենն ու Իննան, անչափ ոգևորվում են այդ փաստից. «Մեր արձագանքը միանշանակ դրական էր: Մինչև նկարահվելը այս նոր նախագծում, ես ու Իննան արդեն իսկ սկսել էինք  խոսել ու քննարկել սցենարը, մեր կերպարներն ու դրանց նուրբ առանձնահատկությունները, հասցրել ենք փոխանակվել մեր կարծիքներով ու մտքերով. անգամ պատկերացրել ենք, թե վերջում ինչեր են լինելու ըստ սցենարի»:

Հե՞շտ է արդյոք նկարահանման հրապարակում աշխատել Իննայի հետ` Բենը պատասխանեց. «Իննայի հետ աշխատել եմ, սակայն մեկ այլ բան է խաղալ մեկ-երկու տեսարան, խաղալ որպես ընկերներ,համակուրսեցիներ, լրիվ մեկ ուրիշ բան է  խաղալ հերոս ու հերոսուհի: Խոստովանեմ, որ դա ամենաբարդ բանն է իմ և Իննայի համար, որը պետք է հաղթահարվի»:

Խոսելով իր նոր կերպարի` Մարկի ու նրա բնավորության գծերի մասին` Բենը մի փոքր բացեց փակագծերը. «Մի փոքր անպատասխանատու տղա է Մարկը. նրա համար առաջնային տեղում իր հոր կարծիքն ու կամքն է: Ունի հայր, մայր, քույր. նկարագրվելու են տարբեր փոխհարաբերություններ նրանց հետ: Հիմա դեռ ամբողջովին լավ չեմ պատկերացնում այն, բայց որոշ ժամանակ երբ անցնի, ավելի լավ կհասկանամ` ինչքանով է այն  Բենին համապատասխան կամ ոչ»,-ասում է նա և հավելում, որ  իր մոտ  այժմ  այն փուլն է, երբ ինքն իր մեջ փորձում է հասկանալ իր նոր կերպարի էությունը, նրա բնավորության ամեն գիծն ու մանրուքները, փորձում է հավաքել կերպարն իր մտքում և մտնել նրա մեջ:

Դերասանը վստահեցնում է, որ սցենարային շատ հետաքրքիր լուծումներով աշխատանք է, բայց, այնուամենայնիվ,  նա գտնում է, որ սերիալներն ու ֆիլմերը  այնքան էլ դաստիարակչական հատկանիշներով օժտված չեն. «Դաստիարակությունը պետք է լինի տանը, ծնողներից, իսկ սերիալներն ու կինոները մարդուն տալիս են  իրավիճակներ ու ամենատարբեր լուծումները դրանց համար: Պատմության հետ մեկտեղ տրվում է զարգացման տարբերակներն ու ճիշտ ընտրության հնարավորություն »,-նշում է դերասանը:

Անձնակազմում կան ինչպես ծանոթ, այնպես էլ լրիվ անծանոթ դեմքեր: «Էլենի օրագրի» անձնակազմից այս նախագծում ներգրավվել են Էդ Իգիթյանը, Մարինկա Խաչատրյանը, Գագիկ Մադոյանն ու Վարուժ Մարգարյանը:

Խոսելով այս հեռուստասերիալի և «Էլենի օրագրի» տարբերությունների մասին` նա ասաց. ««Էլենի օրագիրն» ավելի երիտասարդական էր, ստեղծվել էին տարբեր զույգ կերպարներ, որոնց պատմությունները զարգանում էին և շատ հետաքրքիր էին: Հեռուստադիտողն ուներ իր սիրելի զույգերին, իսկ այս նոր նախագիծը կարծում եմ` բոլոր տեսակ մարդկանց հետաքրքիր կլինի: Սկզբում գուցե բարդ լինի նախկին կերպարներից հետո անմիջապես անցում կատարելը այս նորերին, սակայն ժամանակի ընթացքում հաստատ կսովորենք և՛ մենք, և՛ հեռուստադիտողը»:

Զրույցի վերջում Բենը ուրախությամբ նշեց, որ դեռ եթերով չհերարձակված, ընդամենը համացացում տարածված մեկ-երկու լուսանկարով` նախագիծն արդեն իսկ մեծ հետաքրքրության շարժառիթ է դարձել և սկսել սիրվել. «Մենք մեծ սպասումներ ունենք, իսկ մեզ, երբ վստահված է գլխավոր կերպարների դերը, պատասխանատվությունն ավելի է մեծանում»:

Հեղինակ` Կիմա Միրզոյան