Կիանու Ռիվզը նկարահանվելու է «Մատրիցա»-ի չորրորդ մասում

Ռեժիսոր Լանա Վաչովսկին պատրաստվում է նկարահանել «Մատրիցա» (The Matrix) ֆիլմի չորրորդ մասը, որում Կիանու Ռիվզը և Քերրի-Էնն Մոսսը կներկայանան Նեոյի և Թրինիթի կերպարներում։ «Warner Brothers Pictures» կինոընկերությունը արդեն հայտարարել է հայտնի նախագծի շարունակությունը նկարելու մասին։

Կինոստուդիան բազմիցս փորձեր է կատարել «Մատրիցան» վերակենդանացնելու համար, և վերջապես պլանները մոտեցել են կյանքի կոչվելուն։ «Variety» ամսագիրը տեղեկացրել է, որ նկարահանումները կսկսվեն 2020-ի սկզբներին։ Ֆիլմի սյուժեի մանրամասներից առայժմ ոչինչ հայտնի չէ։ «Մատրիցա»-ի նախորդ երեք մասերը իրենց բյուջեում հավաքել են ավելի քան 1,6 մլրդ դոլար։

«Շատ գաղափարներ, որոնք ես ու Լիլին մշակել ենք 20 տարի առաջ, այժմ ավելի արդիական են դարձել: Ես շատ ուրախ եմ, որ այս կերպարները վերադարձել են իմ կյանք, և ես շնորհակալ եմ իմ հիասքանչ ընկերների հետ աշխատելու հնարավորության համար»,- ասել է Լանա Վաչովսկին։

Կիանու Ռիվզը առայժմ չի մեկնաբանել նորությունը, սակայն վերջին ժամանակներս նա աշխատանքից չի հրաժարվում։ Դերասանը մասնակցել է «Ջոն Ուիք 3» ֆիլմի նկարահանումներին։