Սուրճի բացասական կողմերը

Սուրճը մեր առօրյայում բավականին մեծ տեղ է զբաղեցնում։ Գրեթե բոլոր աշխատող մարդիկ օրը 1-2 բաժակ այս ըմպելիքից խմում են, եթե ոչ հաճույք ստանալու, ապա գոնե՝ թարմանալու, աշխատանքային ժամերին առույգանալու համար։
Հաշվի առնելով այս ըմպելիքի օգտագործման հաճախականությունը՝ արդեն մի քանի տասնամյակ գիտնականներն ուսումնասիրում են սուրճի՝ մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունը։
Հետազոտություններից պարզ է դարձել, որ սուրճի չափավոր քանակությունը՝ օրական 2-4 գավաթը, մարդու առողջությանը որևէ վնաս չի հասցնում, սակայն կա մեկ բացասական գործոն՝ կոֆեինի նկատմամբ շատ արագ կախվածություն է առաջանում։
Սուրճի սիրահարների համար առանց սուրճ խմելու անցկացրած 12-24 ժամն էլ բավական է, որ գլխացավ ունենան, ապակենտրոնացում, ընկճվածություն և այլն։

Պետք չէ սուրճ օգտագործել ստամոքսի խնդիրների առկայության դեպքում, քանի որ այս ըմպելիքը մեծ քանակությամբ ստամոքսաթթու է առաջացնում:
Սուրճի շատ հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել հյուծման և գրգռման,  նաև քնի խնդիրների: Սրա պատճառով կարող է սկսվել որոշ վիտամինների և աղերի թույլ յուրացում (մագնեզիում, ցինկ, երկաթ), արյան  ճնշման բարձրացում, ատամի էմալի գույնի փոփոխություն:
Հետևաբար, օրական հարկավոր է ըմպել հստակ քանակությամբ սուրճ: