Քիմ Քարդաշյանն առաջին անգամ նկարվել է արաբական «Vogue» ամսագրի համար

Քիմ Քարդաշյանը հայտնվել է «Vogue» ամսագրի արաբական հրատարակության շապիկին։ Քարդաշյանը կրել է ֆրանսիացի հայտնի դիզայներ Թյերի Մյուգլերի մոդելավորած սեքսուալ սև զգեստը (ի դեպ, Met Gala-ի ընթացքում նրա զգեստը կրելու համար Քիմը մի քանի ամիս շարունակ շնչառական գիմնաստիկայով է զբաղվել)։ Վիզաժիստները վառ դիմահարդարում և յուրօրինակ սանրվածք են ընտրել Քիմ Քարդաշյանի համար։ Որպես աքսեսուարներ՝ ընտրվել են ձեռնոց եւ խոշոր ականջօղեր։

Ի դեպ, Քարդաշյանն առաջին անգամ է լուսանկարվել արաբական հրատարակության շապիկի համար։ Ընդ որում, երկրպագուներին կհետաքրքր նաև աստղի հարցազրույցը. Քիմը հարցազրույց է ունեցել ոչ թե լրագրողի, այլ ամուսնու՝ 42-ամյա Քանյե Ուեսթի հետ։

Հարցազրույցի ընթացքում Քիմը խոստովանել է, որ հետադարձ հայացք նետելով՝ կնախընտրեր, որ իրենց միջև սիրավեպն ավելի շուտ սկսվեր։ «Ես անմիջապես մտածեցի. «Աստված իմ, ինչո՞ւ եմ ես այդքան ժամանակ և էներգիա վատնել մյուսների վրա»»,- Ուեսթի հետ առաջին հանդիպման մասին հիշում է Քարդաշյանը։

Քարդաշյանը կարծում է, որ աշխատանքում, ինչպես նաև սիրո հարցում հարկավոր է կարողանալ ընդունել թերությունները։ «Ես ձգտում եմ լավ մարդ լինել և ընդունում եմ իմ սխալները։ Ես դրանք լավագույն փորձի եմ վերածում, աճում և առաջ շարժվում»,- ասել է նա։