«Տեսախցիկն ինձ սիրում է»․ դերասանուհի Ժաննա Վելիցյանը սերիալում և թատրոնում իր դերերի, դերասանական կրթության կարևորության, Ինստագրամի և իր ամառվա մասին

Թատրոնի և կինոյի դերասանուհի Ժաննա Վելիցյանն այժմ հանգիստն է վայելում։ Ժաննան խաղում է Համազգային թատրոնում, որպես հրավիրյալ դերասանուհի հանդես է եկել նաև Գոյ թատրոնում։ Երիտասարդ դերասանուհին միայն թատրոնով չի սահմանափակվել և խաղացել է նաև «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, որն էլ իրեն ճանաչում է բերել։

ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ, փորձել պարզել, թե այժմ ինչով է զբաղվում դերասանուհին, խոսել թատրոնի, իր խաղացած դերերի, դերասանական կրթություն ունենալու կարևորության, իր ինստագրամյան էջի և հետաքրքիր ամառվա մասին։

– Ավարտվեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, որում Դուք մարմնավորում էիք Աննային։ Առաջիկայի համար ի՞նչ նոր նախագծեր կամ առաջարկներ ունեք։

– Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան խիտ էր գրաֆիկս, որ դեռ փորձում եմ հանգստանալ։ Բայց նաև չեմ էլ կարող երեկար դադար տալ։ Սպասում եմ այնպիսի առաջարկների, որն իրոք կհետաքրքրի ինձ։

– Թատրոնում շարունակու՞մ եք խաղալ, ի՞նչ նոր ներկայացումներ ունեք։

– Թատրոնում շարունակում եմ խաղալ, այն իմ մոտիվացիայի հիմնական աղբյուրն է։ Առաջիկայում ունենք մի շարք պրեմիերաներ, որոնցից մի քանիսում արդեն ունեմ զբաղվածություն։ Մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի որ իրականում ես էլ գրեթե ոչինչ չգիտեմ, ցանկը դեռ ներկայացված չէ մեզ։

– Թատրո՞նն եք գերադասում, թե՞ հեռուստատեսությունը։

– Թատրոնն ու հեռուստատեսությունը ծայրահեղ տարբեր են, ուղղակի անհամեմատելի։ Երկու վայրում էլ կարողանում եմ ինքնադրսևորվել, բայց ամբողջանում եմ թատրոնումս։ Այն իրոք լրիվ ուրիշ աշխարհ է։

– Ձեր կարծիքով սերիալային դերասանի համար պարտադի՞ր է դերասանական կրթություն ունենալը։

– Ի՞նչ ասել է «սերիալային դերասան»։ Դերասան կամ լինում են կամ չեն լինում։ Իսկ կրթությունն առհասարակ կարևորում եմ։ Կապ չունի կլինես դերասան, թե մեկ այլ մասնագետ։

– Ի՞նչ եք կարծում Թատերական ինստիտուտն ավարտելը բավարար է դերասանական բոլոր հմտություններին տիրապետելու համար։

– Թատերական ինստիտուտը դերասանի համար այբուբենն է։ Այն քեզ սովորեցնում է տառերը, հետո գրել, կարդալ, բայց թե հետո դու այդ սովորածովդ ինչ գրքեր կկարդաս, ինչքան կզարգանաս ու ինքնակրթությամբ կզբաղվես, դա էլ արդեն քեզնից է կախված։ Դերասանը միշտ և անդադար պետք է աշխատի իր վրա և կատարելագործվի, թե չէ կժանգոտվի։

– Ինչ-որ տեղում խաղալու կամ նկարահանվելու առաջարկն ստանալիս ի՞նչ է Ձեզ հարկավոր այն ընդունելու համար։

– Պիտի կերպարը հավանեմ։ Ամենաառաջնայինը դա է ինձ համար։ Թե չէ մնացած բոլոր հարցերում էլ կարելի է փոխզիջման գնալ։

– Ձեր ո՞ր դերն է տպավորվել իր ասելիքով և կարևորությամբ։

– Կարծում եմ՝ այն դեռ չեմ խաղացել։ Իսկ ինչ վերաբերվում է խաղացածս մյուս բոլոր դերերին՝ դրանցից յուրաքանչյուրն էլ իր ուրույն ասելիքն ունեցել է։ Դերասանի համար իր բոլոր դերերն էլ կարևոր են։

– Ինստագրամում բավականին ակտիվ եք և հաճախ եք ֆոտոշարքերով հանդես գալիս, դրանց գաղափարները Ձե՞րն են, թե՞ լուսանկարչի հետ եք համաձայնության գալիս։

– Լուսանկարվել շատ եմ սիրում։ Դա ևս ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու մի ձև է։ Ֆոտոշարքերի գաղափարներից որոշները իմն են, որոշները լուսանկարիչներն են տալիս, մի մասն էլ համատեղ քննարկումների արդյունքում ենք ստացել։ Անհամեստ թող չթվա, բայց ես կարծում եմ, որ տեսախցիկն ինձ սիրում է։

– Ինչպե՞ս անցկացրիք ամառը, հասցրիք հանգստանալ։

– Խենթանում եմ ամառվա համար և վայելում եմ նրա յուրաքանչյուր օրը։ Երբ ավարտվեց հեռուստասերիալը, կարծես թե, գործերս թեթևացան։ Այնպես որ դրանից հետո հասցրի հանգստանալ։ Մի քանի օր Սև ծովում եմ եղել․ վայելեցի, թարմացա ու նոր ուժերով վերադարձա հայրենիք։

Հեղինակ՝ Լուս Ավագյան