«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, կայացավ երկար սպասված «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմի ռեժիսորն է Արշո Հարությունյանը, գլխավոր դերերում են Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Մարջան Ավետիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անի Խաչիկյանը և Արթուր Մանուկյանը։

«Եթե նայել եք և հավանել, ուրեմն բռավո դերասաններին, իսկ եթե ոչ՝ մեղավոր եմ ես»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Արշո Հարությունյանը։ Իր խոսքում նա առանձնացնում և շեշտում է, որ անչափ շնորհակել է ֆիլմի նկարիչ Հրաչ Քեշիշյանից, ասաց, որ սկզբում ամաչելով է դիմել նրան՝ օգնություն խնդրելու նպատակով, իսկ դերասանները կողքից ծիծաղելով ավելացրին, որ Նազենի Հավհաննիսյանի միջնորդությունն է պետք եղել։ «Ու երբ որ Հրաչ Քեշիշյանը համաձայնվեց, դա ինձ համար, իրոք, շատ երջանիկ պահ էր»,- ասում է ռեժիսորը։ Արշո Հարությունյանը պատմեց, թե ինչպես է ծագել գաղափարը այսպիսի ֆիլմ նկարելու․ «Գաջետները, որ ամենուրեք շրջապատում են մեզ, մեր անբաժան մասն են դարձել, և մենք ուզենք, թե չուզենք, պետք է համակերպվենք դրա հետ։ Մեր հեռախոսները կածես սև արկղ լինեն ու մեր մասին պարունակաում են չափազանց անձնական ու գաղտնի ինֆորմացիաներ, ու ֆիլմը նայելով արդեն հասկացաք, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ դրա պարունակությունը հասանելի դառնա մեր շրջապատին։ Ֆիլմում շոշափվում են շատ թեմաներ, որոնք խնդրահարույց են, և մենք ինչ-որ կերպ փորձել ենք անդրադառնալ դրանց, ինչքան էլ առաջին հայացքից թվա, որ մենք կոկնկրետ այս մի հարցն ենք բարձրացրել, իրականում այդպես չէ, ուղղակի, միգուցե, դրանք են առաջին հայացքից աչք ծակել։ Ռեժիսորը նաև խոսեց, թե ինչպիսին են իր տպավորությունները, երբ աշխատանքներն արդեն ավարտված են, ու նա ֆիլմը նայում է արդեն կողքից՝ ամբողջական պատրաստ վիճակում։ Կան որոշակի բաներ, որ հիմա նայում է ու մտածում, որ կարելի էր ուրիշ ձև անել, ուրիշ լուծումներ տալ կամ ինչ-որ դետալներ փոխել, բայց իր կարծիքով հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ միշտ էլ կա ցանկությունը ավելի կատարյալը ստեղծելու։

Դերասանները ևս անմասն չմնացին և կիսվեցին իրենց տպավորություններով ու ապրածով։ «Գիտեք՝ ցանկացած ֆիլմ ազդում է ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև հենց դերասանների վրա, ու դա է ամբողջ նպատակը ինչ-որ բան ստեղծելու։ Եվ, այո, մենք բոլորս էլ ունեցել ենք մեր հասունացումը այս ֆիլմից հետո։ Չկա անսխալական մարդ և մենք այս գաջետներով անընդհատ փորձում ենք մեզ «ֆոտոշոփել», դառնալ իդեալական մյուսների աչքին։ Բայց պետք է հասկանանք, որ ոչ թե հարկավոր է հեռախոսները թաքուն պահել մյուսներից, այլ ընդհանրապես թաքցնելու, ծածուկ պահելու բաներ չունենալ, որ վերջում էլ այսպիսի դաժան ու ողբերգական դրության մեջ չհայտնվենք, ինչպես հերոսները»,- պատմում է Նազենի Հովհաննիսյանը։

«Այն, ինչն առաջին հայացքից պարզ է թվում, իրականում ամենախճճվածն է լինում»,- ասում է Սոս Ջանիբեկյանը և կատակով ավելացնում, որ բոլոր դերասանները հերթով կարող են կրկնել իր մտքի փայլատակումը։

Իսկ Խորեն Լևոնյանը նշում է, որ ֆիլմի իր գլխավոր ձեռքբերումը դերասաններն են․ բոլորի հետ շատ է մտերմացել, իսկ Անի Խաչիկյանին, ում նախկինում չի ճանաչել, հասցրել է շատ սիրել։

Ինչպես գիտենք՝ «Անհայտ բաժանորդը» իտալական հայտնի ֆիլմի ռիմեյքն է։ Հայկական տարբերակից բացի կա ևս ութ ֆիլմ՝ տարբեր երկրների արտադրության։ Դերասանները մյուս երկրների արտադրանքները չեն տեսել։ Անի Խաչիկյանն էլ միայն ֆիլմի նկարահանումների ավարտից հետո է նայել իտալական տարբերակը, քանի որ չի ցանկացել, որ այն ինչ-որ ազդեցություն ունենա իր կերպարը ճիշտ կերտելու վրա։ Իսկ Նազենի Հովհաննիսյանն ընդհակառակը՝ նայել է 4-5 տարբերակ և դրանք բացարձակ ոչ մի ազդեցություն չեն թողել իր վրա։

Ֆիլմի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում։ Պրեմիերային ներկա էին ֆիլմի դերասանկան կազմը,  հայկական շոու-բիզնեսի հայտնի «դեմքերն» ու պրեմիերային սպասող հանդիսատեսը։

«Անհայտ բաժանորդ» ֆիլմը պատմում է յոթ ընկերների մասին, ովքեր որոշել էին հավաքվել լավ ժամանակ անցկացնելու և Գրիգի նորահայտ ընկերուհու հետ ծանոթանալու համար։ Իսկ ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու համար որոշում են մի հետաքրքիր խաղ խաղալ, որի գլխավոր պայմանն այն է, որ ամբողջ հանդիպման ընթացքում ինչ հաղորդագրություն կամ զանգ գա ընկերների հեռախոսներին, նրանք պարտավորվում են դրանք բարձրաձայն կարդալ կամ պատասխանել զանգին։ Իսկ թե ինչ է տեղի ունենալու և ինչ ապշեցնող բացահայտումներ են սպասվում ֆիլմի հերոսներին, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։

Նյութը՝ Լուս Ավագյանի