Հաղորդավար Ժակը հեռանում է Հանրայինից

Հանրային հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար Ժակին՝ Հակոբ Պապիկյանին:
Ժակն այսօր գրառում է արել այս մասին, թեև աշխատանքից ազատվել է դեռևս սեպտեմբերի 2-ին:
Իր հրապարակման մեջ Ժակը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով դրա դադարեցման պատճառները: “Ես՝ իմ համեստ մասնագիտական որակներով, այլևս չեմ համապատասխանում առաջադրված պահանջներին և, առհասարակ, որևէ այլ հաղորդման տարբերակ ևս մոտ ապագայում չի կարող դիտարկվել”- գրում է Ժակը։

Հաղորդավարին առաջարկվել է հնարավոր ապագայում զբաղվել մի այլ նախագծի պրոդյուսերական աշխատանքով, սակայն Ժակն անհեռանկարային է համարել առաջարկը:
“Ուրախ կլինեմ մի օր վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն, երբ այդտեղ տեղի ունենան իրակա՛ն և կոնկրետ փոփոխություններ: Շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, ովքեր իրենց մտահոգությունն են արտահայտել և գոտեպնդում են ինձ ջերմ վերաբերմունքով ու խոսքերով: Մնաք բարով, ընկերնե՜ր: Մինչ նոր հանդիպում եթերում “,- գրում է Ժակ Հակոբ Պապիկյանը։