«Save միլիոն»․ Մկրտիչ Արզումանյանը՝ նոր ներկայացման մանրամասների, առաջիկա հեռուստանախագծի և թատրոնի խնդիրների մասին - showbiz.am

«Save միլիոն»․ Մկրտիչ Արզումանյանը՝ նոր ներկայացման մանրամասների, առաջիկա հեռուստանախագծի և թատրոնի խնդիրների մասին

By

Նոր ներկայացում, սիրված դերասանական կազմ։ Հոկտեմբերի 25-26-ին տեղի կունենա նոր «Save միլիոն» ներկայացման պրեմիերան։ Գլխավոր դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Լևոն Հարությունյանը, Սերգեյ Գրիգորյանը, Էվա Խաչատրյանը և Վիկտորիա Սահակյանը, ներկայացման ռեժիսորն է Նորա Գրիգորյանը, սցենարի հեղինակը՝ Արմեն Վարդանյանը։

Ներկայացումից օրեր առաջ ShowBiz.am-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ, փորձել պարզել նոր և հետաքրքիր մանրամասներ ներկայացումից, դերասանական կազմից, դերասանի նոր հեռուստատեսային նախագծից ու թատրոնի խնդիրներից։

Ներկայացումը երկու գործողությամբ ծավալվող կատակերգություն է , որը պատմում է մարզպետի և իր օգնականի մասին, ովքեր հայտնվում են շատ ծանր իրավիճակում։ Մարզպետը օրենքի հետ խնդիրներ է ունենում և փորձում  է ճանապարհներ գտնել դրանց լուծումներ տալու համար։ Իսկ օգնականը, լինելով իրավաբան, փորձում է իր հերթին հնարավորինս օգնել մարզպետին։ Ըստ դերասանի՝ այն բավականին դինամիկ, շատ արագ ու հետաքրքիր սյուժետային զարգացումներով հարուստ ներկայացում է, որը հաստատ հանդիսատեսին դժգոհ չի թողնի։

«Ես և իմ ընկեր Արման Միտոյանը, ով բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր է եղել, միասին շատ մեծ և երկարատև թատերական նախագծեր իրականացնելու պլաններ ունենք ապագայում և այնպես ստացվեց, որ ներկայացման ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու GIS Production-ը ցանկություն հայտնեցին միասին համագործակցելու։ Եվ մենք՝ Արմանի ու իր թիմի հետ միասին միավորվեցինք այս գաղափարի շուրջ ու այդպիսով ստեղծվեց այս ներկայացումը»,- պատմում է դերասանը։

Ներկայացման մեջ խաղալու առաջարկն ստանալիս դերասանը մեծ ուրախությամբ համաձայնվել է: Ասում է, որ հրաշալի թիմ է հավաքվել և´ կազմակերպչական, և´ շատ լավ ու տաղանդավոր դերասանական կազմի առումով։ «Լևոն Հարությունյանի հետ բազմիցս աշխատել եմ և ի ուրախություն ինձ  այժմ ևս կաշխատեմ, մենք թատերական նախագծում էլ ենք միասին հանդես եկել՝ մեր հիշարժան «Մեա կուլպա» ներկայացումը, հետո նաև «Կարգին հաղորդում»-ի, «Ալաբալանիցա»-ի և շատ ուրիշ նախագծերի շրջանակներում։ Դարասաններից Էվայի և Սերգեյի հետ էլի բազմիցս աշխատել եմ, միայն Վիկտորիայի հետ աշխատելու հնարավորություն չեմ  ունեցել, բայց կարող եմ նշել, որ շատ տաղանդավոր դերասանուհի է ու դեռ կհասցնի փայլել թե´ կինոյում և թե´ թատրոնում»,- հավելում է դերասանը։

Ներկայացման մեջ դերասանը կերտելու է մարզպետի օգնականի դերը։ Իր կերպարի մասին խոսելիս Մկրտիչը նշում է, որ հետաքրքիր, ճկուն, արագաշարժ և էմոցիոնալ մարդու դեր է տանելու։  Ինչպես ցանկացած նախագծում՝ այստեղ ևս դերասանի համար ամենակարևորը այն է, որ կերպարը չկրկնվի, ունենա նորություն ու ասելիք, հանդիսատեսին կարողանա ճիշտ տրամադրություններ փոխանցել ու ընթացքում նաև հոգեհարազատ դառնալ։

Դերասանն այս դերն ու ներկայացումը նրանով է առանձնացնում նախորդներից, որ առաջին հերթին նյութը շատ հետաքրքիր ու միաժամանակ շատ բարդ է։ «Ես շատ եմ ուրախանում,  երբ հնարավորություն եմ ունենում ուժերս փորձելու նմանատիպ ծանր և դժվարին աշխատանք պահանջող նախագծերում ու այդպիսով է´լ ավելի եմ կատարելագործվում ու ինձ ցույց տալիս ուրիշ, լրիվ տարբերվող կողմերից»,- ասում է Մկրտիչ Արզումանյանը։

Ինչպես նախորդ կերտած դերերում, այստեղ ևս դերասանը իր մտքերն ու տարբերակներն է առաջարկել։ «Նոր դերեր կերտելիս ես միշտ էլ առաջարկում եմ իմ մտքերն ու գաղափարները, անընդհատ աշխատում եմ դերերը հղկելու ուղղությամբ, ինչքան էլ սցենարիստը քեզ լավ ճանաչի կամ սցենարը անթերի լինի, միշտ էլ աշխատելու տեղ կունենա և նախևառաջ դերը պետք է դառնա քոնը, որպեսզի խաղալիս էլ հանդիսատեսը չթերագնահատի քո հնարավորություններն ու պրոֆեսիոնալիզմը»,- նշում է դերասանն ու ավելացնում․ «Սպասումներս, իրոք, մեծ են, հուսով եմ, որ ներկայացումը երկար կյանք կունենա, բոլորս էլ դրա համար ենք աշխատում։ Այստեղ չեմ կարող չհիշել «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացումը, ուզում եմ շեշտել, որ ներկայացումը շարունակելու է ապրել, մենք մոտ ապագայում կհայտարարենք, թե որ թատրոնում կշարունակվի բեմադրվել այն, ի դեպ, ներկայացումն իմ ամենասիրելիներից մեկն է։ Այնպես որ մենք ամեն ինչ անում ենք, որ նմանատիպ նախագծերը երկար լինեն ու նույն ուժով էլ աշխատում ենք այս նոր «Save միլիոն» ներկայացման վրա»։

Դերասանը հայտնեց նաև, որ հեռուստատեսային նոր նախագիծ է սպասվում մոտ ապագայում։ 24 մասանոց սիթքոմը կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերությամբ։ Շուտով դերասանը ներկայացմանը զուգահեռ սկսելու է աշխատել նաև այս նախագծի վրա։

Իսկ թատրոնի և նրա խնդիրների մասին խոսելիս Մկրտիչը նշում է, որ կուզենար տեսնել նոր գաղափարներ, լայն մտածահորիզոն․ նոր գույներ, հետաքրքիր լուսային լուծումներ, որը ցավոք չկա։ Ասում է, որ մեր թատրոնները նորության կարիք ունեն, իսկ դրա համար հարկավոր է, որ դրանք զինվեն նոր տեխնոլոգիաներով։ Կարծում է, որ դրանում մեծ դեր է խաղում պետությունը, քանի որ թատրոնը միայնակ, առանց օգնության չի կարողանա այդ խնդիրներին լուծումներ տալ։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ