«Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Կարո՞ղ է գողությունն արդյոք լինել ազնիվ: Առաջին իսկ հայացքից դա ծիծաղելի և անիրական մի բան է թվում: Սակայն ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն առավել լուրջ է մոտեցել այս արտահայտությանն ու փորձել նկարագրել, թե որ դեպքում գողությունն ու գողերը  կարող են լինել ազնիվ: Նրա մտորումների ու պատկերացումների արդյունքում էլ ծնվել է «Ազնիվ գողեր» կատակերգությունը, որի պրեմիերան կայացավ երեկ Մոսկվա կինոթատրոնում:

1 ժամ 40 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է ընկերների մասին, որոնցից յուրաքանչյուրն իր կյանքում ունի իր խնդիրներն ու փորձում է գումար վաստակել: Ի վերջո` հասկանալով, որ չեն կարողանում հոգալ իրենց խնդիրներն ու բավարար գումար աշխատել, որոշում են դիմել գողության: Գողություն, որը պետք է ունենար ազնիվ վերջաբան, քանի որ նրանք իրենց գողացած իրը պատրաստվում էին տանել ոստիկանություն և դրա դիմաց էլ հենց ստանալ պարգևատրում գումարի տեսքով:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են ուղիղ մեկ տարի առաջ` հեղափոխության օրերին, ինչն էլ հաճախ դժվարություններ է առաջ բերել անձնակազմի համար: Իսկ ֆիլմի միտքն ու գաղափարը ռեժիսորն ունեցել է դեռևս 2014 թվականին: Այնևհետև գրվել է սցենարը, որի գործընթացին մասնակցել են նաև «Դեմք շոու»-ի անդամներից ռեժիսորի մի քանի ընկեր:

Ֆիլմում ընդգրկված են դերասաններ Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թովմասյանը, Աշոտ Ղազարյանը, Արտաշես Մխիթարյանը ,Արտակ Լևոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Գասպարյանը, և այլք: Ի դեպ` ֆիլմում Արամ MP3-ի անունը զուգադիպության բերումով համընկել է կերպարի անվան հետ, սակայն սցենարը գրելիս և անունները որոշելիս դեռևս որոշված չի եղել Արամի մասնակցությունը:

Ֆիլմի համար նախատեսված ասուլիսի ժամանակ դերասաններից յուրաքանչյուրն ու ինչպես նաև ռեժիսորը պատմեցին մանրամասներ, խոսեցին իրենց տպավորությունների, զգացողությունների, զավեշտալի դեպքերի և դժվարությունների մասին:

Արամ MP3-ի դերն, իր նկարագրմամբ, շատ բարի, ազնիվ, հանգիստ ու մաքրասեր  մի կերպար է, սակայն ֆիլմի համար Արամը հետևյալ բարդությանն է հանդիպել. «Առաջին խնդիրը, որ դրվեց իմ առջև այն էր, որ ես պետք է սափրվեի: Ինձ համար ամենադժվարը դա էր, որ ես ամեն առավոտ պարտադիր պետք է սափրվեի. մաշկս էլ այնքան դյուրագրգիռ է»,- ժպիտով նշեց նա:

Հակառակ այս ամենի` Դավիթ Թովմասյանի համար էլ բարդ է եղել ֆիլմի համար պահած բեղերը, ինչի պատճառով հաճախ էր դրսում հայտվում զավեշտալի իրավիճակների մեջ. «Այս կերպարս շատ չի տարբերվում մյուս դերերիցս, փորձում եմ նույն դերը խաղալ, որ չտանջվեմ: Հայկը միամիտ ու  ընկերասեր է: Թիմի հետ աշխատել ենք շատ հեշտ, քանի որ միմյանց հետ աշխատելու տարիների փորձ ունենք»,- ասում է նա:

Դերասան Լևոն Տեր-Պետրոսյանն, ի տարբերություն մյուսների, այդքան էլ մեծ փորձ չունի նկարահանման և առաջին անգամ գլխավոր կերպարով հանդես է եկել հենց «Ազնիվ գողեր»-ում. «Անկեղծ ասած, ի սկզբանե չէի հավանում իմ` Վարդանի կերպարը, քանի որ այն ինձ լուրջ ու պասիվ մի կերպար էր թվում, սակայն Գոռն ինձ մի օր ասաց, որ հենց այդ կերպարն է ամենակարևորը, քանի որ ամենավերջում անակնկալ պետք է անեի հանդիսատեսին»:

Ասուլիսի ողջ ընթացքում իրեն բնորոշ բարի ժպիտով, հումորային արտահայտություններով ներկա էր նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը. «Երբ Գոռը զանգահարեց եւ ասաց, որ ցանկանում է նման ֆիլմ նկարահանել, սցենարը կարդացի ու անմիջապես ինձ պատկերացրի  հենց այն կերպրում, որը մարմնավորում եմ: Ինձ համար, սակայն, ամենադժվարը ֆիլմում այդ մեխանիկական ավտոմեքենան անընդհատ վարելն էր, որն անգամ մի անգամ այրվել է նկարահանումների օրերին»:

Նյութը` Կիմա Միրզոյանի