Հայկական սերիալներից «Պատվից առավել»-ն առաջինն է արժանացել  «ՏԵՖԻ» մրցանակի

«Պատվից առավել» հեռուստանախագիծն, ըստ էության, «ՏԵՖԻ» մրցանակաբաշխությունում հայտնվեց շնորհիվ իր երկրպագուների։ Հենց երկրպագուներն էին իրենց իսկ նախաձեռնությամբ հեռուստասերիալը թարգմանել և տեղադրել տարբեր կայքերում։ «ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթի ընտրող հանձնաժողովը դրա շնորհիվ է տեսել հեռուստասերիալը և ուղարկել հեռուստանախագծի ռեժիսոր Ելենա Արշակյանին մասնակցության հրավեր:

«Պատվից առավել» նովելլը, հաղթող ճանաչվելով «ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթում, առաջինն է հայկական հեռուստաեթերում, որ ստանում է այս մրցանակը:


ShowBiz.am կայքի հետ զրույցում Ելենա Արշակյանը բացահայտել է իրենց նախագծի հաջողության գրավականը և պատմել է ապագա ծրագրերի մասին.
«Երբ մենք զբաղվում էինք նախագծի նկարահանման աշխատանքներով, անգամ չէինք մտածում, որ երբևէ կներկայացնենք այն մրցանակաբաշխության շրջանակներում՝ առավել ևս նման հեղինակավոր. չէ՞ որ «ՏԵՖԻ»-ն հեռուստատեսության ոլորտում բարձրագույն մրցանակն է, և շատ պատասխանատու է «ՏԵՖԻ»-ի դափնեկիր լինելը»:

Ելենան իրենց հաջողության գրավականն է համարում  ողջ թիմի անկեղծ ու նվիրված աշխատանքը։
«Ինձ համար կարևոր է, որ նկարահանման հրապարակում գտնվողները աշխատեն հաճույքով ու սիրով: Սակայն հաջողության գրավականը կարող եմ համարել ազնվությունը, որովհետև բոլորս մեր աշխատանքը կատարել ենք ազնիվ»,- խոստովանեց ռեժիսորը:

Հաղթանակը ոգևորել է մասնակիցներին՝ նրանց տալով նոր ուժ ապագա ծրագրերի իրականացման համար:
«Դեռևս միտք չկա նոր մրցանակաբաշխության մասնակցելու, որովհետև հիմա աշխատում ենք 2020 թվականին ներկայացվելիք նոր եթերաշրջանի վրա: Մենք աշխատում ենք, որպեսզի ավելի հետաքրքիր ու ավելի որակով նախագծեր լինեն: Ես միշտ ինքս եմ իմ առաջ դնում նշաձող և փորձում եմ այն հաղթահարել»,- անկեղծանում է հեռուստանախագծի ռեժիսորը:

«ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցանակաբաշխության գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի տարածքում միասնական տեղեկատվական տարածքի ձևավորումն է, հեռուստատեսության նորագույն ձեռքբերումների տարածումն ու հեռուստաընկերությունների և հեռուստատեսության ոլորտի մասնագետների համագործակցությունը։

Նյութը՝ Տաթևեր լազարյանի