«Անհարմար է, պարոնայք». Լիլիթ Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի հայտարարության մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ հայկական շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչ ոչ մի դրամ հարկ չեն վճարել և բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները: Այդ թվում նշվել է նաև հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, սակայն երգչուհու ամուսինը` Վահրամ Պետրոսյանը, ով նաև նրա պրոդյուսերն է, վստահեցրել է, որ հայտարարությունը ոչ մի կապ չունի Լիլիթի հետ:
«Ես և Լիլիթը վերջին շրջանում Հայաստանում շատ քիչ ենք լինում՝ հաշված օրեր: Լիլիթը համերգներ ունի աշխարհի ավելի քան 70 քաղաքներում և ֆիզիկապես չի կարող այստեղ ներկա գտնվել»,-ասել է Վահրամ Պետրոսյանը:
Պրոդյուսերը նաև հավատացրել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի հարկերն արդեն վաղուց վճարվել են և շուտով կհրապարակվի դրա մասին հավաստող փասթաթուղթ:
Վահրամ Պետրոսյանը նաև նշեց, որ ՊԵԿ-ի անանուն հայտարարությունը Լիլիթի անվան հետ կապելը լրագրողների երևակայության արդյունքն Է:
Ի հավելում այս ամենի՝ Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է ամուսնու այս հայտարարությամբ՝ հրապարակմանը կից ասելով. «Անհարմար է, պարոնա’յք, մի’ արեք նման բաներ»: