«Լավ «սննդի» նույնպես պետք է վարժվել». Արաքսյա Մելիքյանը` Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի մասին

Ժամանակակից ֆիլմարտադրությունը, ձգտելով բարձրացնել հանդիսատեսի  գեղագիտական ճաշակն ու մակարդակը, առավել հաճախ է դիմում  գրական ստեղծագործությունների էկրանավորմանը։ Պահանջարկը դեռ մեծ չէ, բայց ինչպես նշում էր հայտնի հայ ռեժիսոր Անրի Վերնոյը՝ հասարակությանը պետք է սովորեցնել բարդ, բայց բարձրակարագ արտադրանքի՝ խուսափելով հեշտ մարսվող սցենարներից ու դերերից։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ShowBiz-ի հետ զրույցում պատմեց, որ այժմ ստեղծագործական բուռն գործունեություն է ծավալում՝ սերիալներում  ու թատրոնում իր աշխատանքը համատեղելով Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմում նկարահանումների հետ։
Հրաչ Քեշեշյանի՝ Մարկ Արենի «Անատոլիական պատմություն» գրական ստեղծագործության հիման վրա նկարահանվող բազմասերիանոց ֆիլմը եթերում կլինի հոկտեմբերից։ Նկարահանվում են Սերժ Ավետիքյանը, Խորեն Լեւոնյանը, Սոս Ջանիբեկյան, Լուիզա Ղամբարյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Անդրանիկ Զաքարյանը, Ռոզի Ավետիսովան։
Հիշեցնենք, որ Մարկ Արենի այս ստեղծագործությունը ցեղասպանության թողած խորը և չսպիացող վերքերի մասին է։
Արաքսյա Մելիքյանին բաժին է հասել 40-ամյա թրքուհու՝ Մեդինայի դերը, ում՝ ազգությամբ հայ մայրը կտրականապես դեմ է և արգելում է դստերն ամուսնանալ ազգությամբ թուրք Դեմիրի հետ։
«
Հենց ես մեռնեմ, 40 օրն անցնի, սգից դուրս գաս՝ կամուսնանաս թուրքի հետ»,- պնդում է Մեդինայի մայրը։

Դերասանուհին իր ուրախությունն է հայտնում՝ համաձայնվելով, որ նման նախագծերն, իսկապես, կարևոր են մարդկանց համար և օգնում են ձևավորել ճիշտ արժեհամակարգ ու կիրթ հասարակություն։

«Դե խոցելի թեմա է։ «Առաջին ալիքը» պարբերաբար լավ սցենարով ու դերասանական կազմով սերիալներ է նկարահանում, բայց այնուամենայնիվ, չի հավաքում լայն լսարան։ Օրինակ՝ Գրիգ Վահրամյանի «Ժիրայր Գլենց» հեռուստանովելը, որը ևս ճաշակով գործ էր, բայց մեծ լսարան չհավաքեց՝ չնայած գրական հիմքով, արտակարգ ճաշակով գործ էր։ Կարծում եմ հանձնվել պետք չէ.  դա 1000% անոց ճշմարիտ ճանապարհն է. լավ «սննդի» նույնպես պետք է վարժվել»,- կարծում է Արաքսյան։

Արաքսյա Մելիքյանը հայտնի է դարձել բազմաթիվ ռեյտինգային սերիալների շնորհիվ։ Առաջին հեռուստասերիալը, որում դերասանուհին նկարահանվեց Դավիթ Բաբախանյանի «11» սարսափ ժանրի նախագիծն էր, սակայն «Կյանքի կարուսել» հեռուստասերիալն, իսկապես, Արաքսյային լայն ճանաչում ու երկրպագուների մի ամբողջ բանակ նվիրեց։ Դերասանուհին գտնում է, որ և թատրոնում, և սերիալներում պետք է լինեն միայն պրոֆեսիոնալ դերասաններ:

«Պետք է լուրջ վերաբերվել ցանկացած դրվագի, մատների արանքով չնայել, «չթքել» կադրի վրա՝ մտածելով «ա դե էս ինչ էր որ ես դեռ լուրջ դերեր ունեմ խաղալու»։ Երբեք չես իմանա՝ այդ մի անգամ «թքածդ» քանի անգամ քո կյանքում դեռ կթքի երեսիդ կապույտ էկրաններից»,- խորհուրդ է տալիս բոլոր դերասաններին Արաքսյան։ Թատրոնի մասին խոսելիս Արաքսյան ասում է.

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհին չի մոռանում նաև վերհանել թատրոնի արդի խնդիրները՝ փորձելով գտնել դրանց հնարավոր լուծումները։ Հանդիսատեսի հոսքը պակասում է, իսկ տոմսերի վաճառքից գոյացած գումարով գոյատևող թատրոնն աշխատում է լսարան որսալ՝ շատ ժամանակ գցելով ներկայացումների որակը։

«Անհասկանալի դադարի մեջ ենք։ Կարծես դոփելիս լինենք, ռիսկեր չկան, մեծ թռիչքներ չկան, կարծես անընդհատ կրկնօրինակումներ ու կրկնություններ լինեն։ Ես դեմ եմ էժանագին, «կոնֆետկա» ներկայացումների, տարափով հանդիսատես լցնելու գաղափարին։
Անշուշտ դա ևս անհրաժեշտ է, բայց ցավոք, հիմա դա ավելի շուտ առաջնային է, քան այլընտրանքային»,- բացատրում է դերասանուհին՝ հավելելով, որ նույն խնդրով տառապում են նաև աշխարհի այլ թատրոններ, բայց նրանք կարողանում են չափավորել «կոնֆետկա» ներկայացումները՝ չմոռանալով նաև լուրջ գրական գոևշերի բեմականացման մասին: Դերասանուհին խորոհւրդ է տալի հեռու չգնալ և որդեգրել ռուսական թատրոնի մոդելը:

Թե՛թատրոնում, թե՛ ֆիլմերում, թե՛ սերիալներում դերասանուհու պնդմամբ՝ լավ կլինի, եթե խաղան պրոֆեսիոնալներ, քանզի դա ոչ միայն հեշտացնում է ռեժիսորդերասան կապը, այլ նպաստում է որակյալ գործ ստեղծելուն: Իսկ որակյալ գործ ստանալու առաջնային ու գլխավոր պայմանը դերասանի վարպետությունն է:
Տեխնոլոգիաների զարգացման մեր դարում գնալով ավելի է մեծանում բարձրակարգ և ասելիք ունեցող աշխատանքների կարիքը՝ ֆիլմարտադրության, երգարվեստի, գեղարվեստի և մնացած ոլորտներում:
Փորձել կրթվել, կրթել ու զարգանալ. սա պետք է լինի ժամանակակից արվեստի ոլորտի գլխավոր նպատակը:

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան