«Նրանք այս աղբից այնքան ունեն, որ իրենց ընդհանրապես սա պետք չէ»․ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հայկական կինոյի ու սերիալների, ինչպես նաև «Էրկեն Կիշեր» ֆիլմի Օսկարին ներկայացնելու մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հայկական «Էրկեն Կիշեր» ֆիլմը կներկայացվի Օսկարի մրցանակաբաշխությանը։ Ֆիլմը մեծ էկրաններ բարձրացել է անցած տարվա դեկտեմբերին և Հայկական ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է Հայաստանը 2020 թվականի փետրվարի 9-ին կայանալիք Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար:

ShowBiz.am-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ, պարզել ֆիլմին առնչվող հետաքրքիր մանրամասներ, խոսել հայկական կինոյից ու սերիալներից։

– Սպասու՞մ էիք, որ Ձեր «Էրկեն Կիշեր» ֆիլմը կընտրվի Հայաստանը Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար։

– Անկեղծ ասած՝ այո, սպասում էի։ Այս տարի դիմորդները քիչ էին և ես, իհարկե, սպասում էի, որ հենց իմ ֆիլմն է Հայաստանը ներկայացնելու Օսկարին։

– Օսկար մրցանակաբաշխությանը հաղթելու ընթացագարգն ինչպիսի՞ն է։ Դեռ ի՞նչ փուլեր պետք է անցնեք նոմինացվելու համար։

– Իրականում շատ ծանր և թանկ։ Ծախսերը հիմնականում կապված են պրոմո ակցիաների հետ, ավելի շատ ցուցադրություններ, ծանոթություն, մամուլ, այդ ամբողջը գումարներ է պահանջում։ Մոտավորապես 1,5-ից 3 մլն դոլար է ծախսվում այդ ամեն ինչին հասնելու համար։ Բնականաբար մենք այս ամենին վարդագույն ակնոցներով չենք նայում ու հասկանում ենք՝ ինչ խնդիրների առաջ ենք կանգնած։ Մյուս երկրներն էլ բավականին լավ ֆիլմեր են առաջադրել, մի քանիսը նայել եմ և շատ է դուր եկել։ Այնպես որ պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի։

– Ձեր ֆիլմի պրեմիերայից արդեն բավականին ժամանակ է անցել, այժմ ինչպիսի՞ն են ֆիլմից մնացած տպավորությունները։ Հիմա, որ նկարեիք, ինչ-որ փոփոխությունների կենթարկեի՞ք։

– Այո, կփոխեի։ Որոշ բաներ կփոխեի ոչ թե նրա համար, որ այն ավելի դյուրամարս սարքեի, այլ չի բացառվում, որ ես ֆիլմը մի քիչ փակել եմ, կարելի էր ավելի բաց դարձնել։ Նախորդ ֆիլմս շատ բաց էր․ «Սիմոնի ճամփեն» կարճամետրաժ ֆիլմը, որը շատ լավ կյանք ունեցավ՝ հագեցած փառատոններով։ Իսկ այս մեկը ավելի ինտրավերտ է, և հոգևոր հայացք է պահանջվում այն հասկանալու համար։ Ֆիլմը հեշտ չի ընկալելը, բայց դե դա նորմալ է, չեք կարող, չէ՞, դուք ամբողջ օրը զվարճանալ․․․

– Ֆիլմն իր մեջ ի՞նչ մեսիջ է կրում։ Ի՞նչ եք ցանկացել ասել այս ֆիլմով։

– Շատ կարևոր ասելիք եմ ունեցել։ Արդյո՞ք մենք ունենք մշակութային և հոգևոր բազիս, որի վրա հիմնվում ենք, դա է մեզ դարձնում ազգ և կապում մեր պատմությանն ու անցյալին։ Ցավոք սրտի մենք այնքան են տեսել թեթև, ժամանցային ու ոչինչ չասող ֆիլմեր, որ դժվարանում ենք այս տիպի ֆիլմերը հասկանալ։ Ու եթե մենք հիմա ոչինչ չփոխենք, ամեն ինչ գնալով վատանալու է։

– Միջազգային հարթակում  ֆիլմը ուրիշ փառատոնների մասնակցե՞լ է, ի՞նչ ձեռքբերումներ ունեք։

– Դեռ ոչ։ Նոր ենք սկսում, ինքը այս տարվա ֆիլմ է իրականում, որովհետև պրեմիերան արեցինք տարվա վերջին՝ դեկտեմբերին, և պարզ է, որ 15 օրվա համար չէինք գրելու 2018 թ․։ Այնպես որ դեռ սպասում ենք։ Իսկ մեր ազգային «Անահիտ» մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը 5-6 մրցանակ ստացավ։ Ամեն ինչ առջևում է։

– Հայկական ֆիլմերն այսօր ի՞նչ արժեք են ներկայացնում։ Ապագայի համար ինչպիսի՞ հեռանկարներ ունենք։

– Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որ մենք ենք գնում, մեզ տանում է ոչ մի տեղ։ Որովհետև շուկայական հարաբերությունները, երևի լավ բան է, բայց ես չեմ սիրում և, գնալով ինչքան մեծանում եմ, ավելի եմ սկսում ատել, որովհետև հասկանում եմ, որ դա վերածվում է արժեքի ու մենք ամեն ինչ կորցնում ենք՝ մարդուն, մշակույթն ու արվեստը։ Ու հիմա, երբ պոպկոռն ուտող հասարակությունն է սկսել թելադրել, թե իրեն ինչ է հարկավոր, ես փորձում եմ դրանից դուրս մնալ։ Ինձ չի կարող այդ հասարակությունը թելադրել, եթե իմ ֆիլմերը երեք հոգի են նայում, խնդիր չկա, ես հենց այդ երեքի համար էլ ֆիլմս կստեղծեմ։ Ու ի՞նչ է, ձեզ թվում է, որ աշխարհին մենք այս կոմեդիաները պիտի ներկայացնենք, որովհետև նրանք այս աղբից այնտեղ այնքան ունեն, որ իրենց ընդհանրապես սա պետք չէ։ Իրենց հետաքրքրում է ձեր տեսակը, ով եք դուք, ինչպիսին է ձեր ինքնամտածողությունը, կինոլեզուն և այսպես շարունակ։

– Հայկական սերիալները շատ հաճախ քննադատության են արժանանում։ Դուք ի՞նչ կասեք դրանց դերի և նշանակության, որակի մասին։

– Իսկ ինչի՞ պիտի արժանանային։ Գովասանքի՞։ Ես դրա մասին հիմա անգամ չեմ էլ ուզում խոսել, որովհետև գտնում եմ, որ դա իմ արժանապատվությունն է վիրավորում։ Եվ ուղղակի չեմ հասկանում՝ ինչպես են այդ մարդիկ այդպիսի սերիալներ գրում ու նկարում։ Որովհետև սերիալն էլ իրոք կարող է լավը լինել։ Ուղղակի անհրաժեշտ է առաջին հերթին տաղանդ և ճաշակ ունենալ, հետո նոր մտածել գումարի մասին։ Ու ցավոք սրտի հանդիսատեսն էլ է հիմա բավականին տգիտացել, քանի որ այդ պրոդուկտը հիմա ունի բարձր վարկանիշ, ինչը ուղղակի ցավալի է։ Իրեն հարգող ոչ մեկը, իրեն թույլ չի տա դա նայել։

– Ապագայում պլանավորու՞մ եք նոր սերիալ նկարել՝ նոր խոսքով ու ասելիքով։

– Մեծ հաճույքով կնկարեի։ Բայց մենք հեռուստատեսության վրա թանկ ենք նստում ու դա նրանց ձեռնտու չէ։ Իմ նկարած 12 սերիանանոց ֆիլմը հեռուստատեսության վրա նստեց մոտավորապես 70 մլն դրամ, իսկ մեզնից հետո արվածը՝ 30-35։ Ենթադրություններն արդեն ձեզ եմ թողնում։

– Հիմա նոր նախագծերի վրա աշխատու՞մ եք։

– Այո, նոր սցենար ունենք։ Կկոչվի «Նոր տարվա գոճի»։ Ենթադրվում է, որ միջազգային պրոյեկտ կլինի, քանի որ մենակ չենք կարողանա «տակից դուրս գալ»։

Վերջում նաև հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ ճակատագրերի մասին, որոնք կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից,  անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների  միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր էին, քան բարձրաստիճան ուղևորներինը:

Հեղինակ՝ Լուս Ավագյան