Սամվել Թոփալյանն արժանացել է Open World Toronto-ի «Լավագույն դերասան» մրցանակին

Ավելի վաղ մենք ձեզ պատմել էինք, որ դերասան Սամվել Թոփալյանը Open World Toronto կինոփառատոնում առաջարդվել է «Լավագույն դերասան» անվանակարգում՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Սամվելը մրցանակի է արժանացել: Այս մասին հայտնել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Սամվել Թոփալյանը հաղթեց ֆրանսիացի և կանադացի մրցակիցներին և ճանաչվեց Լավագույն դերասան «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի համար: Հուսով եմ, իր թատրոնի ղեկավար Նարինե Մալյանը թույլ կտա նրան նոյեմբերի 7-ին մեկնել Տորոնտո ու ստանալ մրցանակը»,- գրել է ռեժիսորը:

Սամվելը մրցանակի համար պայքարել է դերասաններ Ուիլյամ Ռասսի և Հյուգո Դիեգո Գարսիայի հետ։ Նշենք, որ նույն ֆիլմում մարմնավորած կերպարի համար Սամվելը, որպես «Լավագույն դերասան» առաջադրված էր նաև Հայաստանի Կինոակադեմիայի կազմակերպած «Անահիտ» մրցանակաբաշխությանը, սակայն «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթեց Լեռնիկ Հարությունյանը` «Սպիտակ» ֆիլմում դերակատարման համար: