«Vader» խմբի համերգը չի կայանա Տիկնիկային թատրոնում

Տիկնիկային թատրոնը չեղարկել է լեհական «Vader» խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին բեմ տրամադրելու որոշումը։ Ամեն ինչ սկսվեց ԱՄՆ-աբնակ մի ֆբ-օգտատիրոջ դժգոհությունից առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում» ու դրան հետևած սոցցանցային ալիքից։ Համերգի կազմակերպիչ Zhesht Events-ն ի պատասխան մեջբերել է երաժիշտների խոսքերը․ «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է և չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ։ Մենք օգտագործում ենք այդ սիմվոլիկան, որպեսզի մեր ըմբոստությունն արտահայտենք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումներ, դաժանություն, պատերազմներ և այլն»։ Համերգն, այնուամենայնիվ, կկայանա, սակայն դրա տեղը դեռ չի նշվում։

PanARMENIAN.Net -ին  տված իր մեկնաբանություններում արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատմել է, որ թատրոնը միշտ աջակցել է ռոք համերգներին, և՛ հայկական, և՛ արտերկրի խմբերին։ Բայց իր ղեկավարության տարիների ընթացքում կտրականապես արգելված է որևէ քարոզչություն՝ լինի դա կուսակցական, թե կրոնական։

– Ցավոք սրտի, այս ռոք խումբն ունի բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն, որի մասին իր հարցազրույցներում բազմիցս ասել է խմբի ղեկավարը: Եվ այստեղ իրար բախվեցին երկու սկզբունք: Մեկը՝ տալ հնարավորություն, որ ռոքը զարգանա Հայաստանում, որպեսզի նոր խմբեր երևան, և երկրորդը՝ խախտել թատրոնի կողմից ընդունված սկզբունքը: Ես գերադասեցի այդ սկզբունքը չխախտել. այստեղ, երևի իմ մեղքն է, որ նախօրոք չեմ ծանոթացել՝ ինչ խումբ է: Ես ինքս էլ ծանր մետալի սիրահար չեմ, այդքան էլ տեղյակ չեմ խմբերից:

Ռուբեն Բաբասյանը չի բացառում նման արվեստի առկայությունը՝ ասելով, որ այն ունի բազմադարյա պատմություն և՛ գեղարվեստի մեջ, և՛ գրականության մեջ և հիշատակելով Գյոթեի «Ֆաուստը», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» և շատ այլ գործեր:

Ես բացարձակապես չեմ բացառում, որ սատանիզմը որպես ըմբոստության սիմվոլ է օգտագործվում՝ ընդդեմ ամեն վատի: Բոլոր դեպքերում, այդտեղ կա որոշակի քարոզչություն՝ էլի կրոնական. աստված է, սատանա է՝ իրականում ի՞նչ տարբերություն, քարոզչությունը մնում է քարոզչություն: 

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարծում է, որ այսօր լուսավորության և կրթության մեջ մենք մեծ խնդիր ունենք, և հենց դա էր համերգի չեղարկման պատճառը:

-Ես շատ քիչ բան գիտեմ սատանիզմի մասին, բայց կարծում եմ կա ևս մի շատ կարևոր բան. մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, տարօրինակ պատկերացումներ կան ամեն ինչի մասին: Ես կարծում եմ, որ այսօր լուսավորության և կրթության մեջ մենք մեծ պրոբլեմ ունենք: Այն ինչ ասում եք, ոչ թե պետք է մակերեսային մակարդակով մատուցվի, այլ խորանալ, որպեսզի հասկանալ, որ արվեստը շատ ավելի լայն և շատ ավելի բազմագույն երևույթ է, քան պարզունակ ճշմարտությունները։ Ու սա պետք է սկսվի դպրոցից: Եթե չլիներ հանրության մշակութային կրթության այդ պրոբլեմը, համերգի՝ Տիկնիկայինում չեղարկում չէր լինի. Գիտե՞ք՝ ինչ խոսակցություններ են․ «Ինչպե՞ս կարող է մի տեղ նման համերգ լինել, որտեղ գալիս են մեր երեխաները»: Բայց համերգը տեղի էր ունենալու երեկոյան, ի՞նչ կապ ունի երեխաների այստեղ գալը, որոնք, պարզ է, էդ համերգին չեն գալու: Մի խոսքով՝ դեմագոգիայի բազմաթիվ շերտեր կային, բայց ես ասեմ, բազմաթիվ ծանր մետալի խմբեր, հիմնականում հենց այդ ուղղությունն ունեն, որքանով ես եմ տեղյակ, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս:

Ծանոթ չլինելով խմբին՝ Ռուբեն Բաբայանը չցանկացավ հարվածի տակ դնել թատրոնը, որովհետև, բոլոր դեպքերում, թատրոնն ունի իր խաղացանկը և տարեկան գրեթե 70 000 հանդիսատես:

-Ես կարծում եմ, որ մեծ պրոբլեմ ունենք հանրության կրթության հետ: Այս խումբը, երևի, մի քիչ չափից ավելի վառ արտահայտված էր մեր հասարակության համար: Ես պարզապես որպես թատրոնի տնօրեն ունեի մի մտավախություն. սա կարող էր դառնալ նախադեպ, որ քարոզչական տարբեր խնդիրներով տառապող խմբեր փորձեին օգտագործել այս թատրոնի բեմը: Սահմանափակումը սա էր, կազմակերպիչների հետ կապված որևէ կոնֆլիկտ և խնդիր չի եղել, առաջին դեպքը չէ, որ նրանք ռոք համերգ են կազմակերպում:

Բաբայանը հիշեցնում է երկու շաբաթ առաջ Կոնսերվատորիայի միջոցառումը, որը մեծ աղմուկ հանեց. 2 ժամ տևած միջոցառումը դադարեցվել էր դասախոսներից մեկի և ուսանողների բարձրացրած աղմուկից հետո: Ներկաների արտաքին տեսքը, միջոցառման բնույթը և հնչած երաժշտությունը նրանց կասկածելի և անընդունելի էր թվացել: 
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը  որոշակի ուղղվածություն, ուղղորդում է տեսնում այս ամենի մեջ: Նա

-Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խավարամտությունը գլուխ է բարձրացնում, պիտի անկեղծ դա խոստովանեմ: