«Ֆեյք մամա»․ նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի մասնակցությամբ

Հոկտեմբերի 8-ից Արմենիա TV-ի եթերում կլինի նոր սիթքոմ․ «Ֆեյք մամա»-ն մեր հեռուստաեթերում կհայտնվի հայտնի դերասանների հետ միասին՝ Մկրտիչ Արզումանյան, Արփի Գաբրիելյան, Միհրան Ծառուկյան և Արթուր Հարությունյան։

Պրեմիերայի նախօրեին ShowBiz.am-ը զրուցել է գլխավոր դերասաններից Մկրտիչ Արզումանյանի հետ, խոսել սիթքոմի նկարահանումներից, դերասանական կազմից, առաջացած բարդություններից և պարզել հետաքրքրական մանրամասներ ոչ միայն նոր հումորային նախագծից, այլ նաև անդրադարձել «Save միլիոն» ներկայացմանն ու դերասանի կերտած մի շարք դերերին։

Մոտավորապես մեկ տարի է, ինչ Արմենիա TV-ին պլանավորել էր նոր նախագիծ իրականցնել։ Եվ ահա վաղը «Ֆեյք մամա»-ն կհայտնվի մեր հեռուստաէկրաններին։ Դերասանը պատմում է, որ սիթքոմի ստեղծման նախնական փուլում ինքն իր ներդրումն է ունեցել՝ առաջարկելով նոր գաղափարներ։ Դե քանի որ կերտվող դերն էլ գյուղացու կերպար է եղել, դերասանը մեծ սիրով համաձայնվել է նկարահանվել, բացի այդ էլ սիթքոմն ունի բավականին հետաքրքիր սյուժե։

Պատմությունը մի մեծահարուստ կնոջ մասին է, ով չի փայլում բարությամբ և իր այգեպանի նկատմամբ բավականին դաժան է գտնվում։  Հետագայում էլ ինչ-ինչ պատճառներվ կորցնելում է հիշողությունը, որից էլ օգտվում է այգեպանը՝ որոշելով վրեջխնդիր լինել։ Նա այդ կնոջը տանում է իրենց տուն՝ գյուղ, որտեղ էլ զարգանում են սիթքոմի հիմնական գործողությունները։

«Կերպարիս անունը Վրեժ է։ Նա ապրում է գյուղում և ունի բազմաթիվ շնորհքներ․ և´ այգեպան է, և´ տեխնիկայից է գլուխ հանում, չնայած որ գյուղում է ապրում, բայց խորամանկություններ էլ ունի, միևնույն ժամանակ էմոցիոնալ է և նյարդային, ինչպես նաև շատ բարի ու ազնիվ»,- պատմում է դերասանը։

Դերասանական կազմի մասին խոսելիս էլ նշեց, որ շատ ուժեղ դերասաններ են ներգրավված նախագծում՝ Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արթուր Հարությունյանը, ովքեր հրաշալի մասնագետներ են և իրենց գործը սիրող ու լավ կատարող դերասաններ։ «Շատ ուրախ եմ, որ այս թիմն է հավաքվել, կարծում եմ՝ լավ նախագիծ կստացվի և հեռուստադիտողը մեծ հետաքրքրությամբ այն կդիտի»,- հավելեց Մկրտիչ Արզումանյանը։

Լավ նախագիծ ստանալու համար շատ աշխատել է պետք և քանի որ հարթ ոչինչ չի ընթանում, դերասանը շեշտեց, որ անհրաժեշտ է մաքսիմալ կերպով ապահովել լավ ընթացքը, այսինքն՝ պետք է պրոֆեսիոնալ նկարահանող խումբ, ուշադիր մարդիկ, ովքեր իրենց գործը լավ գիտեն և չեն ստիպի, որ իրենց պատճառով ավելորդ ժամանակ ու նյարդեր ծախսես նկարահանման հրապարակում։ Այդ առումով Մկրտիչը նշեց, որ իրենց մոտ պրոֆեսիոնալներ են հավաքված, ովքեր իրենց գործի վարպետներն են։ Նկարահանումները դեռևս կշարունակվեն մինչը դեկտեմբեր, այսինքն հնարավոր է, որ խնդիրներ լինեն եղանակային պայմանների հետ կապված, այնպես որ դժվարությունները միայն այդքանով չեն սահմանափակվի։

Դերասանը նաև փորձեց այս մի նախագիծը առանձնացնել այն մյուսներից, որոնցում արդեն հասցրել է լինել ու հիացնել հեռուստադիտողին։ «Մոտեցումներն են տարբեր, տարբեր թիմեր են աշխատում, տարբեր սցենարիստներ, տարբեր դերասանական ռեսուրսներ են օգտագործվում, այնպես որ արդյունքը չի կարող նույնը լինել։ Այս նախագիծը կտարբերվի ոչ միայն մյուս բոլոր հեռուստատեսությունների հումորային նախագծերից, այլ նաև հենց Արմենիա TV-ի նկարահանած սիթքոմներից»,- պարզաբանեց դերասանը։

Զրույցի ընթացքում մենք նաև անդրադարձանք դերասանի մասնակցությամբ մեկ այլ նախագծի, որի մասին արդեն հասցրել էինք զրուցել։ Թատրոններում դեռ շարունակվում է բեմադրվել «Save միլիոն»-ը, որի պրեմիերան վերջերս էր կայացել։ ««Save միլիոն»-ը շատ լավ արձագանքներ ստացավ, մենք մի փոքր ձևափոխել ենք, ինչպես և որոշել էինք մինչ պրեմիերան, մի քիչ ավելի կոմպակտ ենք դարձրել՝ կատարելով սցենարական փոփոխություններ։ Կարծում եմ՝ դեռևս կշարունակվի այսպես բեմադրվել, մինչև ստանա իր վերջնական տեսքը»։

Դերասանը, այժմ ընդգրկված լինելով երկու ծավալուն նախագծում, գրեթե ազատ ժամանակ չի ունենում։ Գիշերները գնում է թատրոնի ներկայացման փորձերին, իսկ ցերեկը շտապում սիթքոմի նկարահանման հրապարակ։ Սակայն չի դժգոհում՝ ամեն առիթով նշելով, որ իր սիրած գործն է կատարում։

Դերասանը խաղացել է և´ բազմաթիվ հումորային նախագծերում, և´ հանդես եկել ավելի լուրջ կերպարներում։ «Երգիծական ժանրում ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում։ Անցել եմ բազմաթիվ նախագծերի միջով, բայց կարծում եմ՝ դեռևս շատ ասելիքներ ունեմ։ Իսկ ինչ վերաբերում է դրամատիկ ժանրին, այն ինձ ավելի հոգեհարազատ է։ Սակայն իդեալական տարբերակը տրագիկոմեդիան է, որը ամենաբարդ ժանրն է, ինչը կփաստեն նաև գործընկերներս, սակայն ամենահետաքրքիրն ու էմոցիոնալ առումով ամենահարուստը»,- նշեց դերասան Մկրտիչ Արզումանյանը։

Վերջում դերասանը չմոռացավ անդրադառնալ նաև իր գործընկերներին՝ նշելով, որ անչափ շնորհակալ է իրենցից։ Մարդիկ, ովքեր համբերատար ընդունել են իր դիտողությունները, խնդրանքներն ու միշտ ուշադիր են գտնվել իր նկատմամբ ու միշտ այնպես են արել, որ դերասանն իր աշխատանքից հաճույք ստանա։

Հեղինակ՝ Լուս Ավագյան