Քիմ Քարդաշյանի ելույթը WCIT 2019 համաժողովում

Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովի շրջանակներում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մանրամասն պատմել է, թե ինչպես է իր գաղափարները վերածում արտադրանքի, ինչպես է թողարկում և դուրս բերում շուկա։

Ամերիկահայ հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը  WCIT 2019 համաժողովի շրջանակներում խոսքով է հանդես եկել իր բիզնես-կայսրության և մեդիաինդուստրիայում առաջին քայլերի մասին։

«Ես 11 տարեկանից գիտեի, որ նկարահանվելու եմ ռեալիթի շոուներում։ Ես դեռահասության շրջանում նայում էի բոլոր շոուները և երազում իմ սեփականի մասին։ Այսօր ես աշխատում եմ այդ բնագավառում և չեմ կարող ինձ պատկերացնել ավելի երջանիկ, քան հիմա եմ»,- ասել է բիզնես-լեդին։

Քարդաշյանը պատմել է, որ հաջողությունների է հասել մի շարք սխալների ուղիով և դասեր է քաղել դրանցից։

«Իմ կարիերայի սկզբում ես կարելի է ասել՝ չէի հասկանում անձնական կյանքի կարևորության մասին։ Ինձ թվում էր, որ մարդիկ իմ մասին ամեն ինչ կարող են իմանալ ու ինձ համար խնդիրներ չառաջացնել։ Բայց ժամանակի ընթացքում ես մեծացա, իմ կյանքում երեխաներս հայտնվեցին, և ես սկսեցի այդ ամենին ավելի ուշադիր լինել։ Օրինակ՝ երեկ գիշեր իմ աղջիկը արթնացրեց ինձ և խնդրեց, որ պարային երեկո կազմակերպենք։ Իհարկե, ես կարող էի դա համացանցում տարածել, բայց չարեցի։ Ոչ թե նրա համար, որ վատ եմ պարում (ծիծաղում է), այլ քանի որ ցանկանում եմ անձնական և հանրային կյանքի բալանսը պահպանել»,- անկեղծացել է Քիմը։ Նա չի մտածում լայքերի քանակի և վերահրապարակումների մասին։ Այդ ամենի մասին նա մտածում է միայն բիզնեսի շրջանակներում։ Նրա կարծիքով հաջողակ բիզնեսի համար հարկավոր է ամեն ինչն ինքնուրույն կառավարել։

Քարդաշյանը նշել է, որ իր գործերով զբաղվող հիմնական հինգ աշխատակից ունի, որոնց հետ ամեն շաբաթ քննարկումներ է ունենում։ Բայց իր համար կարևոր է տեղյակ լինել բոլոր մանրամասներից՝ սկսած նոր ապրանքանիշի գույնից, վերջացրած փաթեթավորմամբ։ Հեռուստաաստղը նաև ուրախացրել է WCIT 2019-ի ունկնդիրներին՝ ասելով, որ պատրաստվում է իր ապրանքանիշը համալրել ևս չորս հավաքածուով՝ ոգեշնչվելով երևանյան զբոսանքից։

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղ Քիմ Քարդաշյանը Երևանում է ՏՏ ոլորտի WCIT 2019 համաժողովի շրջանակներում։ Քարդաշյանը ֆորումին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։