Այս տարի «էրեբունի-Երևան» տոնակատարությունները կանցկացվեն հավասարապես բոլոր 12 վարչական շրջաններում էլ: Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը հայտնել է, որ բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել, նպատակը՝ ապակերոնացումն է:
«Միջոցառման տեխնիկական պայմանները որոշելիս հստակ ունեինք մի նախապայման՝ ծայրամասերում իրականացվող տոնական միջոցառումները ոչնչով չպիտի զիջեն կենտրոնում իրականացվողներին: Հրաժարվել ենք Հանրապետության հրապարակում մեկ բեմահարթակում իրականացվող միջոցառումից, քանի որ երբ այն կենտրոնանում է մեկ վայրում, ամբողջ քաղաքը զրկվում է բոլոր վարչական շրջաններում հավասար լավ որակի միջոցառումներ ունենալու հնարավորությունից»,- ասել է Վիրաբյանը։
Պաշտոնական միջոցառում կլինի նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգային միջոցառումները բոլոր վարչական շրջանում սկսվելու են ժամը 13:00-ին: Կլինի նաև միաժամանակյա հրավառություն՝ ժամը 22:00-ին: