SOAD-ի՝ շրջագայության ծրագրի մասին կայքում Երևանը դեռ նշված չէ

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի երևանյան ելույթը դեռ նշված չէ եվրոպական շրջագայության ցանկում: Նրանց ծրագիրը ներկայացնող կայքում ներկայացված են 14 համերգների ամսաթվերը: Դրանք սկսվելու են հունիսի 3-ին Հոլանդիայում և ավարտվելու հուլիսի 3-ին Իսպանիայում:

Հիշեցնենք, որ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանում իրենց ապագա համերգի մասին երկրպագուներին հայտնել էր 2 օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, WCIT համաժողովից հետո: Նա նշել է, որ Երևանը ներառված է իրենց ցանկում, համերգի վայրի վերաբերյալ էլ դեռ տարբերակներ են քննարկում:

Կոնկրետ օրը Թանկյանը նույնպես չի նշել, բայց ասել է, որ գալու են հունիսին: Ամեն դեպքում SOAD-ի՝ հունիսի ծրագիրը բավականին խիտ է: Նրանք եվրոպական տարբեր քաղաքներում ելույթներ ունեն հունիսի 3-ին, 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին և 30-ին:

5 տարի անց SOAD-ի 2-րդ համերգը Հայաստանում․ սա իրոք ապշեցուցիչ նորություն էր։ Առաջին անգամ խումբը մեզ մոտ ելույթ էր ունեցել 2015 թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը կրում էր «Արթնացրեք հոգիները» խորագիրը: