«Ավրորա»-ի միջոցառումները մեկնարկեցին Շուշիում

Այսօրվանից մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները: Այսօր Արցախի Շուշի քաղաքում տեղի կունենա պատմական հուշակոթողի՝ 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը:

Շուշիի XIX դարի ճարտարապետական-կրոնական համալիրի` «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերականգնումն ու պահպանումը կարող են նպաստել նաև վերջինիս օգտագործմանը՝ որպես կրթամշակութային կենտրոնի:

Շուշիի միջոցառման մասնակիցները կծանոթանան նաև հիմնադրամի մյուս ծրագրերին, որոնք ուղղված են հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նրանց թվում են Հայաստանի Տաթևի վանական համալիրը, Վրաստանի Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա «Ավրորա» ֆորումը, որի ընթացքում մի շարք միջոցառումներ են լինելու Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Տաթևում և Շուշիում: «Ավրորա» ֆորումն արդեն ունի 156 Բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: