«Տոնում ենք 7 օր և 7 գիշեր». Աշոտ Ղազարյանի 70-ամյակն ու գլխավոր երազանքը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում իրական տոն էր։
Չդադարող ծափահարություններ, ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ․ հայ էստրադայի, կինոյի և հումորի աստղերը եկել էին շնորհավորելու ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանին՝ նրա 70-ամյակի կապակցությամբ։
Աշոտ Ղազարյանը 70 տարեկան է դարձել մայիսի 15-ին։  Նրա համար տարեդարձը կրկնակի տոն էր, քանի որ երկու տարի առաջ հենց այդ օրը լույս աշխարհ եկավ իր անունը կրող թոռնիկը՝ կրտսեր Աշոտ Ղազարյանը։

Ծննդյան օրը արտիստը դեռ 2018 թվականին որոշել էր, որ նշելու է 7 օր ու 7 գիշեր։
Հումորիստը դեռ ապրիլին, սկսելով տոնել իր հոբելյանական տարին, Մոսկվայում՝ համերգային շոու-ծրագրի շրջանակներում համախմբել էր հայ հանդիսատեսին ու հայ աստղերին: Առաջին կանգառը Կրեմլի դահլիճն էր, հաջորդը եղավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, համերգային շոու-ծրագրով նա դեռ կներկայանա նաև ԱՄՆ-ում։

Աշոտ Ղազարյանի համար օրը հագեցած է եղել հուզիչ ու ուրախ պահերով.  Տարիքը դերասանին չի խանգարում ծավալել ակտիվ գործունեություն ։ Հակառակը՝ ասում է, որ իրեն կարող է հոգնեցնել անգործությունը։

«Մի երանելի ջերմություն է գալիս մեջս, երբ զգում եմ, որ ես ընդամենը 70 տարեկան եմ։ Ամփոփում ես անցյալի լավ ու վատ օրերը, քաղցր ու դառը ժպիտները, որոնք առանց իրար հերթ տալու գալիս, լցվում են մեջդ ու կոկորդդ խեղդում։
Շնորհակալ եմ Աստծուն, ում օգնությամբ ու օրհնությամբ հասել եմ այս ամենին»,- խոստովանում է Աշոտ Ղազարյանը։

Ավարտելով Թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը՝ Աշոտ Ղազարյանը դեռ 50 տարի առաջ իր առջև նպատակ դրեց՝ դառնալ երկրի գլխավոր դերասանն ու հումորիստը՝ ծիծաղ ու դրական էմոցիաներ հաղորդելով մարդկանց։ Հումորիստի պնդմամբ՝ իր ողջ տաղանդն ու հմտոթյունները նա ժառանգել է ծնողներից և հավատացնում է, որ այդ ամենը հնարավոր չէ սովորել ոչ մի տեղ։

Արդեն երկար տարիներ է, ինչ ժողովրդական արտիստն ինքն է կրթում հազարավոր սաների ու պատմում է, որ իրենք տաղանդ չեն ներարկում երեխաների մեջ, այլ տաղանդին ուղղություն են տալիս, մաքրում են, կտրում են ավելորդ մասերը։
Հիմա Աշոտ Ղազարյանը հաճախ է ընդունում հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկները և խոստովանում է, որ որ իրեն հետաքրքիր ու հոգեհարազատ են դրամատիկ կերպարները։ Ինքն իրեն ավելի շատ դրամատիկ դերասան է համարում, քան կատակերգու և լիրիկական մասերն ավելի հաճույքով է կատարում։

Իր ամենամեծ ձեռքբերումը հումորիստը համարում է ընտանիքը, իսկ բոլոր հաջողությունների համար շնորհակալ է կնոջը։ Եվ միանշանակ համաձայն է, որ յուրաքանչյուր կայացած և խելացի տղամարդու մեջքին խելացի կին է կանգնած:

Երեկոյի ամենահետաքրքիր պահերից մեկը Աշոտ Ղազարյանի թոռների ելույթն էր. Անահիտ և Բորյա Ադամյանները երգեցին, մյուս թոռնուհին՝ Ինեսա Ադամյանը, պարեց։
Համերգին շնորհավորանքներով ու գեղեցիկ կատարումներով ներկայացան Ձախ Հարութը, Թաթա Սիմոնյանը, Արմենչիկը, Հրանտ Թոխատյանը, Նունե Եսայանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Ներսիկ Իսպիրյանը, Լալա Մնացականյանն ու շատ ուրիշներ։
Իր յուրաքանչյուր տարդեդարձին Աշոտ Ղազարյանը նույն երազանքն է պահում, որն ավելի շատ նման է մաղթանքի:

«Վերջում մի խնդրանք ու աղաչանք ունեմ, առանց ամաչելու անուշ ու քաղցր խոսքեր ասեք իրար, ասեք ամեն վայրկյան, ամեն պահ, որովհետև հաջորդ պահը կարող է չլինի։ Օգտագործելով իմ պահը՝ ուզում եմ ասել, որ սիրում եմ ձեզ»,- հուզված եզրափակեց իր խոսքը Աշոտ Ղազարյանը:

Նյութը՝ Լազարյան Տաթևերի