Աննա Կուրնիկովան փոխել է իր ազգանունը

Երգիչ Էնրիկե Իգլեսիասի կինը՝ Աննա Կուրնիկովան, ինստագրամայն էջում փոխել է իր ազգանունը և այսուհետ կներկայանա երկրպագուներին Կուրնիկովա-Իգլեսիաս ազգանվամբ: Նրա այս քայլից հետո շատերը կարծում են, որ Աննան և Էնրիկեն պատրաստվում են ամուսնանալ:
Աշխարհի նախկին առաջին ռակետի և իսպանացի երգչի հարաբերությունները սկսվել էին դեռ 2001 թվականին՝ «Escape» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Լրագրողների հետ զրույցներում աստղային զույգը հաճախ է կիսվում միասին անցկացրած տարիների, համատեղ ձեռքբերումների ու կորուստների մասին:

«Ես և Աննան միասին ենք արդեն 17 տարի: Մենք ունեցել ենք լավ և վատ պահեր: Եղել են պահեր, երբ ես ցանկացել եմ վերջ տալ ամեն ինչի, երբ մտածել եմ, որ այլևս չեմ կարող այսպես»,- անկեղծացել է Իգլեսիասը Hola US լրատվամիջոցի հետ իր հարցազրույցում:
Երգիչն իր հարցազրույցում պատմել է նաև, որ տարիներ առաջ, երբ Կուրնիկովան լքել էր իրեն, նա կարողացել է «Enamorado Por Primera Vez» երգով ներում խնդրել սիրելիից ու վերականգնել հարաբերությունները: Չնայած բոլոր դժվարություններին և խոչընդոտներին՝ զույգը կարողացել է պահպանել իրենց սերն ու այժմ նրանք անչափ երջանիկ են: 2018 թվականին Կուրնիկովան երկու զավակ է պարգևել երգչին:

Իգլեսիասը, պատասխանելով այն հարցին, թե երբ է պատրաստվում օրինականացնել իր հարաբերությունները Կուրնիկովայի հետ պատասխանել է. «Ես երբեք մեծ նշանակություն չեմ տվել ամուսնությանը. միգուցե դրա պատճառն այն էր, որ իմ ծնողներն ամուսնալուծված էին, բայց միևնույն է, ես մտածում եմ, որ թղթի կտորը չի կարող ինչ-որ կերպ ազդել սիրո վրա»: