«Պետք չէ երգարվեստը դարձնել բիզնես». երգչուհի Լիդուշիկը կուրախացնի երկրպագուներին լավ նորությամբ

Մանկուց հասարակության աչքի առաջ մեծացած երգչուհի Լիդուշիկը հանրության մեջ դեռևս տպավորված է որպես փոքրիկ աղջիկ, ում երգերն այսօր ծանոթ են գրեթե բոլոր երեխաներին։ Երգչուհին այս հանգամանքից չի բարդույթավորվում, չի էլ ձգտում ավելի մեծ երևալ։ ShowBiz-ը Լիդուշիկի հետ խոսել է այժմյան զբաղմունքների, առաջիկա անելիքների և հայ երգիչների առջև ծառացած խնդիրների մասին:

Լիդուշիկն իր երկրպագուների համար ունի բազմաթիվ նորություններ. նա շուտով կներկայացնի իր նոր երգն ու 2020-ին կներկայանա համերգներով և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում:

Երգչուհին սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի 2-րդ կուրսում։ Զուգահեռ հաճախում է արտասահմանում անցկացվող վարպետության դասերին։ Հետագայում Լիդուշիկը ցանկություն ունի ուսումը շարունակել և աշխատել արտասահմանում:
Գեղեցկուհին ամռանը նեկայացրեց նոր երգ և տեսահոլովակ, որից հետո, հայ համայնքի հրավերով, մեկնեց Փարիզ:
Այնտեղ Լիդուշիկը «Կոլաժ» թատերախմբի հետ ունեցել է ելույթներ Ֆրանսիայի 3 տարբեր քաղաքներում։
Այնուհետև, հոկտեմբերի 1-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ երգչուհու մենահամերգը, որն անցավ ինչպես միշտ լեփ-լեցուն դահլիճում, և անգամ պետք եղան լրացուցիչ նստարաններ։

Շատ հայտնի երգիչներ մինչ այսօր դեռ հանդես չեն եկել մենահամերգներով, որովհետև Հայաստանում համերգ կազմակերպելը բավականին ռիսկային է. Sold Out համերգներ այստեղ հազվադեպ են լինում: Սակայն սա երգչուհու համար առաջին մենահամերգը չէր:
«Առաջին մենահամերգս ունեցել եմ 13 տարեկանում։ Բնականաբար, 13 տարեկան երգչուհու համար մենահամերգ կազմակերպելը ռիսկային էր կազմակերպիչների համար, իսկ մեզ՝ անսպասելի։ Բայց ի ուրախություն բոլորիս, առաջին մենահամերգները՝ Գյումրիի Վ. Աճեմյանի դահլիճում, Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում, այնուհետև Երևանի Ա. Խաչատրյան համերգասրահում եղան Sold Out համերգներ։ Դրանց հաջորդեցին արդեն մյուս մենահամերգներս, որոնք նույնպես անցել են լեփ-լեցուն դահլիճներում»,- պատմում է Լիդուշիկը:

Լիդուշիկն արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում երգարվեստում և քրտանաջան աշխատանքով կարողանում է  հասնել իր ցանկացած արդյունքներին, սակայն երգչուհին ընդունում է նաև ոլորտում առկա խնդիրները՝ կարծելով, որ ամենամեծ խնդիրը երգիչների համերգային շրջագայությունների պակասն է:

«Այսօր մեր երգարվեստը, կարելի է ասել, շատ պասիվ վիճակում է։ Գրվում են գեղեցիկ երգեր, նկարահանվում են տեսահոլովակներ, սակայն այդ երգերը գեղեցիկ բեմերից ու դահլիճներից լսելու հնարավորություն գրեթե չկա։ Եթե շատ լինեն համերգները և բոլորն ունենան հնարավորություն համերգային ծրագրում ելույթ ունենալու համար, այդ ժամանակ մեր երգարվեստում աճ կլինի, ու բոլոր երգիչները շատ ավելի որակով ու գեղեցիկ երգեր կներկայացնեն»,- ասում է երգչուհին:

Գեղեցկուհին ցավով նշում է, որ համերգների բացակայության պատճառով այսօր շատ աստղեր ելույթ են ունենում կոմերցիոն միջոցառումներին, սակայն դա համարում է երգչի մոտ բեմի քաղցը լրացնելու միակ տարբերակը.«Իսկ հարց՝ որտե՞ղ երգեն, եթե համերգներ չեն կազմակերպվում։ Ցանկացած երգիչ, արտիստ ունի ելույթի կարիք, բեմ բարձրանալու ցանկություն և ինչո՞ւ չէ՝ նաև դրանով գումար վաստակելու հնարավորություն։»

Երգչուհին միևնույն ժամանակ չի մոռանում նշել, որ աշխատանքում ամենակարևորը երգարվեստը բիզնես չդարձնելն է:
«Երբ սկսել եմ երգել, ես «հեռանկարային» բառի բացատրությունն անգամ չգիտեի։ Իսկ առհասարակ, եթե դիտես որպես հեռանկարային գործ, ապա չես կարողանա գործդ անել սիրով, և այն կդառնա բիզնես. այդ դեպքում շատ դժվար է մնալ իսկական արտիստ: Այսօր համացանցի առկայության պարագայում հայտնի լինելը հեշտ է, բայց երբ հասկանում ես, որ դա ոչ թե զբաղմունք է, այլ մասնագիտություն, ուրեմն պետք է դառնաս գրագետ երգիչ և ունենաս համապատասխան կրթություն»։

Լիդուշիկը նաև խոստովանեց, որ իր սիրտն ազատ է, այն գերելու համար հարկավոր  է համապատասխանել գեղեցկուհու մի քանի պահանջների. «Այն տղան ում կընտրեմ, գտնում եմ որ պիտի հարգի Լիդուշիկին ու սիրի Լիդային, լինի հոգատար և նվիրված իր ընտանիքին: Կարիերան ու աշխատանքը շատ հեշտ կլինի համատեղել, եթե կա ընտանիքում սեր ու հարգանք իրար հանդեպ»:
Իր բոլոր հաջողություններում Լիդուշիկը շնորհակալ է պահանջկոտ, բայց նվիրված երկրպագուներին, որոնց խորհուրդներին երգչուհին միշտ ականջալուր է լինում.
«Երբ հայտնի լինելով քեզ չես առանձնացնում հասարակությունից, լսում ես նրանց կարծիքը, խորհուրդները, այդ ժամանակ շատ ավելի հեշտ է հասկանալ, թե ինչ է քեզ պետք, թե ինչ է սպասում քեզնից քո հանդիսատեսը։ Իսկ հասարակության մեջ կարող են մնալ նրանք, ովքեր չեն տառապում աստղային հիվանդությամբ։
Ուզում եմ նաև նշել, որ վաղ հասակում աստղային հիվանդությամբ վարակվում են նախ ծնողները, արտիստի կողքին գտնվող մարդիկ, հետո նոր ինքը՝ արտիստը։ Իմ դեպքում ես մշտապես ունեմ ինձ քննադատող ու ավելին պահանջող ընտանիք»։

Նյութը՝ Լազարյան Տաթևերի