Ո՞վ է «Full Yere1» նախագծից հայտնի Լիանա Վանոյանը, ինչպե՞ս է հայտնվել նախագծում և ինչպիսի՞ հարաբերություններ ունի դերասանական կազմի հետ

26-ամյա դերասանուհի Լիանա Վանոյանը, ով հանրությանը հայտնի դարձավ իր Ինստագրամում հրապարակվող կարճ հոլովակների միջոցով, այժմ նկարահանվում է Արմենիա TV-ի «Full Yere1» հումորային նոր նախագծում։ ShowBiz զրուցել է դերասանուհու հետ, քննարկել հետաքրքիր մանրամասներ իր դերից, խոսել դերասանների հետ ունեցած հարաբերություններից, թատերական կրթության կարևորությունից, հումորային նախագծերի մակարդակից և ոչ միայն։

Դերասանուհին, անդրադառնալով իր դերին, նշում է․ «Առաջարկը ստացել եմ Մենչից։ Բավականին հետաքրքիր ու տարբերվող կերպար էր, երբեք չէի ունեցել հնարավորություն հանդես գալու նմանատիպ դերում։ Դրա համար էլ միանգամից սիրով համաձայնվեցի»։ Հիշեցնենք, որ դերասանուհու կերպարի անունը Լուիզիկ է, ով մեծացել է «տղայական» գաղափարներով և չունի աղջկան վայել պահվածք ու բնավորություն։

Զրույցի ընթացքում Լիանան անկեղծացավ և խոստովանեց, որ հեշտ չի ստացվում դերը կերտելը, քանի որ իր բնույթից այն բավականին հեռու է։ «Առանձին տիպաժ է, որին պետք է առանձին գույներ տալ, առանձին բնավորություն, և որ ամենակարևորն է՝ կարողանաս օժտել առանձին հատկություններով, որ այն լիարժեք դառնա։ Դրա համար էլ բավականին աշխատատար է ։ Կերպարը դեռ չի ստացել իր ամբողջական տեսքը, անընդհատ ավելանում են նոր մանրամասներ ու հետաքրքիր դետալներ»,- ասաց դերասանուհին։

Լիանան առաջին անգամ է նկարահանվում այսպիսի մեծ նախագծում և սկզբում մի փոքր անհանգիստ է եղել։ Սակայն երբ ծանոթացել է դերասանական կազմի հետ՝ ամեն ինչ տեղն է ընկել։ «Այստեղ հավաքված են միայն պրոֆեսիոնալ մարդիկ։ Իրենք իրենց գործում հմուտ դերասաններ են։ Լարվածությունը երևի թե տևում է մեկ-երկու րոպե, հետո արդեն նկարահանման հրապարակում այն վերածվում է ուղղակի հաճույքի, որը հարկավոր է միայն վայելել։ Բնականաբար հենց առաջին նկարահանումից հետո շատ լավ հարաբերությունների մեջ էինք, որովհետև նկարահանումները միայն այն չէ, ինչը տեսնում է հանդիսատեսը, նկարահանումը նաև այն ջերմ մթնոլորտն է, որտեղ ընկերական հարաբերություններ են։ Հենց դա է տալիս սպասված արդյունքը։ Եթե լարված լինի մթնոլորտը, հեռուստադիտողը այն առաջինը կզգա։ Եվ չեմ հոգնի նշել, որ այնտեղ այնպիսի մարդիկ կան, ումից ես սովորելու շատ բան ունեմ, հենց Գրիգոր Դանիելյանը, ով նախագծում մարմնավորում է իմ հոր կերպարը։ Այդպիսի հիասքանչ խաղընկեր ունենալուց լավ բան չկա, քանի որ անընդհատ աշխատանքին զուգահեռ նաև սովորում ես»,- պատմեց Լիանան։

Զրույցի ընթացքում նաև անդրադարձանք այն փաստին, որ այժմ մեր հեռուստաեթերում շատ են ոչ դերասան «դերասանները»։ Ինչը իհարկե չի կարող ուրախացնել։ Լիանան նշեց, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով և կապ չունի՝ դա կլինի դերասան, ինժեներ, թե բժիշկ։ «Ես շատ կուզեի, որ ամեն մարդ զբաղվեր իր գործով, այսինքն ամեն մեկը լինի իր տեղում. «Այդպիսով մենք կունենանք ֆիլմարտադրության մեջ պրոֆեսիոնալ ֆիլմեր՝ համապատասխան դերասանական կազմով։ Իհարկե, կան ի ծնե տաղանդավորները, ում թատերական կրթությունը անհրաժեշտ չէ, սակայն այդիսինները շատ չեն։ Թատերական կրթությունը քեզ թույլ է տալիս, որ տեղյակ լինես ինչ-ինչ բաներից, մեր մասնագիտությունը հիմա գտնվում է շատ հասանելի վիճակում, քանի որ յուրաքանչյուր մեկը կարող է հայտնվել TV-ում, ինչն, իհարկե, շատ վատ է»։
Դերասանուհին նաև խոսեց հումորային և դրամատիկ դերերի տարբերությունների ու դրանց առանձնահատկությունների մասին։ Լիանայի կարծիքով՝ երկու դեպքում էլ դերը կերտելու առումով կարող են շատ դժվարություններ առաջանալ, քանի որ հանդիսատեսին ծիծաղ պարգևելը բարդ է, իսկ նրան հուզելն ու ներաշխարհի վրա ազդելը՝ էլ ավելի։ Ունիվերսալ դերասանների համար, ովքեր երկու ժանրերում էլ հանդես են գալիս, երկուսն էլ հավասարաչափ կարող են բարդություններ առաջացնել։

Լիանայի հետ նաև փորձեցինք խոսել իր մյուս զբաղվածությունների և առօրյայի մասին։ Դերասանուհին կիսվում է, որ այժմ մի քանի առաջարկ ունի, որոնք քննարկման փուլում են, ինչպես նաև հավելում, որ ունի իր ինստագրամյան էջը, որտեղ շատ ակտիվ է ու մշտապես նորություններով է հանդես գալիս։

Դերասանուհին նաև խոստովանում է, որ շատ պահանջկոտ չէ դերերի ընտրության հարցում։ «Ինձ համար առաջնայինը բովանդակությունն է։ Եվ յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է, թե ինչքան է քեզ տվյալ նյութը հնարավորություն տալիս աճելու և ինչ-որ բան սովորելու։ Կան չէ՞ դերեր, որոնք ուղղակի դեր են և չկա այնտեղ աշխատելու  հնարավորություն, չունի որևէ հետաքրքրություն, այդ դեպքում գործդ դառնում է տանջանք, դրա համար էլ հարկավոր է դրանցից ի սկզբանե հրաժարվել։ Իսկ մնացած հարցերում լուրջ ամբիցիաներ չունեմ, չեմ վախենա ասել, որ ես դեռ սկսնակ եմ, թատերական ինստիտուտը ավարտելուց հետո սա իմ առաջին լուրջ նախագիծն է, այնպես որ ես կարող եմ շատ զիջումների գնալ, թեկուզ միայն նրա համար, որ դեռ սովորելու շատ բաներ ունեմ»,- անկեղծացավ Լիանան։

Իսկ դե թատրոնի ու TV-ի միջև էլ չկարողացավ ընտրություն կատարել՝ կատակով պատասխանելով, որ ինչպե՞ս ընտրես որ քրոջդ ես ավելի շատ սիրում․ «Ոչ մի կերպ չեմ կարող առանձնացնել։ Կարող եմ նշել միայն դրանց տարբերությունը։ Օրինակ՝ թատրոնում դու հնարավորություն չես ունենում թեկուզ մի փոքր բան թաքցնել հանդիսատեսի աչքից, քանի որ մեզ էկրանը չի բաժանում, իսկ հեռուստատեսությամբ կան օգնող հանգամանքներ, գոյություն ունի մոնտաժը, որը կարողանում է շատ բաներ ծածկել»։

Վերջում էլ անդրադառնալով հումորային նախագծերին ու դրանց որակին՝ դերասանուհին ասաց․ «Բնականաբար հիմա մենք ունենք աճ։ Առաջ ավելի քիչ էին հումորային նախագծերը, հիմա դրանք շատ են և որոշակիորեն տարբերվելու, առաջ անցնելու համար հարկավոր է լավ որակ ապահովել։ Այնպես որ բարելավելու ու նոր մարկարդակ ցույց տալու համար մենք հաստատ ունենք բոլոր հնարավորությունները»,- ամփոփում է Լիանա Վանոյանը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան