Արմեն Միքայելյան. «Շատ կարևոր է դերը մարմնավորելիս դերասանություն չանել, այլ ապրել ու գործել այդ կերպարի հոգեվիճակով»

Վերջերս Առաջին ալիքը հեռուստադիտողին ներկայացրեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալը, որը նկարահանվել է Վարդգես Պետրոսյանի համանուն վեպի հիման վրա: Հեռուստասերիալում նկարահանվում են բազմաթիվ հայտնի դերասաններ՝ Խորեն Լևոնյանը, Էվելինա Շահիրյանը, Աշոտ Ղազարյանը: Սակայն փորձառու մասնագետների կողքին իրենց դերերը փայլուն կատարում են նաև երիտասարդ ու սկսնակ դերասանները, որոնցից մեկը նաև Արմեն Միքայելյանն է, ում բաժին է  հասել գլխավոր դերերից մեկը:
ShowBiz.am կայքի հետ զրույցում Արմենը կիսվում է՝ որքան դժվարությամբ է նա կարողացել կերտել այդ դերը, ինչ խոչըդնոտներ է հաղթահարել և նաև կիսվում է թատրոնում իր գործունեության ու ապագա ծրագրերի մասին:

Արմենը սովորել և ավարտել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ուսանելով Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած կուրսում:
Շատերն են երազում ստանալ փոքրիկ դեր թատրոնում կամ հեռուստատեսային որևէ նախագծի շրջանակներում, սակայն Արմենը դեռ ուսանելու տարիներից մի շարք առաջարկներ է ստացել ու խաղացել է 20-ից ավելի ներկայացումներում։
Հեռուստատեսությունում առաջին փորձը ստացել է «Լրագրողները» հեռուստասերիալում, որից հետո երկար դադար է ունեցել:


«Փոքր ժամանակ երազանքս միշտ եղել է օդաչու դառնալ, հետո շատ էի ուզում դառնալ քահանա, ինչքան էլ, որ զարմանալի է։ Ինձ շատ էր դուր գալիս այդ խորհրդավոր վիճակները, սև հագուստը՝ դրանց մեջ ինչոր միստիկ բան կար։
Ավելի ուշ՝ 14 տարեկանում պապիկիս խորհրդով ընդունվեցի Աշոտ Ղազարյանի դերասանական ստուդիա, որից հետո էլ ցանկություն առաջացավ դառնալ դերասան»,- կիսվում է Արմենը:

«Վերջին ուսուցիչը» հեռուստանովելում նկարահանվելու առաջարկը պատահական էր. դերասանն անգամ կարծում էր չի անցել քասթինգը, սակայն էլ ո՞վ, եթե ոչ նա, կարող էր խաղալ խորհրդավոր, զուսպ, համեստ, նուրբ ու զգայուն հոգի ունեցող Վահանի դերը:

«Դերասանների մեծ մասը, ինչպես նաև ես, ընտրվել ենք քասթինգի միջոցով։ Առաջին օրը կարդացի Աշոտի կերպարը, և հետո ռեժիսորն ասաց. «Շնորհակալություն, մենք Ձեզ կզանգենք»:
Ճիշտ է, այդպես են ասում այն ժամանակ, երբ չեն հավանում դերասանին, բայց զանգը շատ չուշացավ. 10 օր հետո զանգեց պրոդյուսերը, և առաջարկեց Վահանի դերը։
Մեծ սիրով ընդունեցի առաջարկը»,- հիշում է Արմենը:

Սկսնակ դերասանը փայլուն կարողացել է մտնել դերի մեջ ու սիրվել բազմաթիվ հեռուստադիտողների կողմից, ովքեր անհամբեր սպասում են զարգացումներին և ուշադրությամբ հետևում են իրենց սիրելի կերպարին՝ Վահանին: Սակայն Արմենը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարում, որպեսզի լիարժեք կարողանա մարմնավորել Վահանին:

«Դժվարություններ շատ են եղել կերպարի հետ կապված։ Մինչև այսօր էլ, երբ նայում եմ հերթական սերիան, նկատում եմ, որ շատ տեսարաններում դրանք չեմ հաղթահարել։ Եթե լիներ հնարավորություն, միանշանակ այլ կերպ կխաղայի։ Վահանի հետ նմանություններ շատ կան։ Շատ պարագաներում ես ինքս կգործեի այնպես, ինչպես Վահանը:
Որպես դերասան ինձ համար բոլոր կերպարներն էլ հետաքրքրիր է մարմնավորելը։ Այս պահին որևէ կերպար չեմ կարող առանձնացնել, որից կհրաժարվեի։ Սակայն հրաժարվելու պատճառ կարող են լինել մի շարք հանգամանքներ, որոնք ինձ կխանգարեն նկարահանման հրապարակում, կամ ներկայացման փորձերի ժամանակ։ Շատ կարևոր է, թե ով է խաղընկերդ»,- ասում է Արմենը:

Արմեն Միքայելյանը նաև խաղում է թատրոնում:
«Կլինեմ անկեղծ ու կասեմ, որ թատրոնում ինձ ավելի լավ եմ զգում, քան նկարահանման հրապարակում։ Նկարահանումների ժամանակ մի փոքր կաշկանդված եմ, իսկ թատրոնում փորձում եմ անել առավելագույնը։
Գեղարվեստական ֆիլմի մեկ փորձ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել։ Քամյուի «Կալիգուլա» պիեսի էկրանավորումն է։ Այնտեղ մարմնավորորում եմ Սկիպիոնին, և պետք է ասեմ, որ դա բարդագույն աշխատանք է։
Այս պահին որևէ հեռուստաընկերությունից առաջարկ չունեմ, բայց թատրոնի սիրահարներին կարող եմ ուրախացնել։
Հիմա աշխատում ենք երկու հրաշալի ներկայացումների վրա՝ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» և Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդը»։ Աշխատում եմ երկու հրաշալի ուսանող ռեժիսորների հետ, որոնք զգում են ժամանակակից թատրոնի շունչն ու զարկերակը։

Արմենն ունի իր հաջողության գրավականը և սկզբունքները, որոնց հետևելու շնորհիվ էլ երիտասարդ դերասանը ակրողանում է հաղթահարել նոր բարձունքներ՝ վահելելով երկրպագուների ու գործընկերների սերն ու հարգանքը:

«Այսօր շատերն են իրենց համարում դերասան։ Իսկ լավ դերասանները տարբերվում են նրանցից իրենց անկեղծությամբ։ Երևի թե շատ դերասաններ լսել են ռեժիսորների կողմից այս արտահայտությունը՝ «Մի՛ խաղա, դերասանություն մի՛ արա» ։
Շատ կարևոր է դերը մարմնավորելիս դերասանություն չանել, այլ ապրել ու գործել այդ կերպարի հոգեվիճակով։
Ես ինքս կարծում եմ, որ լավ դերասան լինելու համար առաջին հերթին պետք է լինել չափազանց գրագետ ու ինտելեկտուալ։ Դա և՛ բեմից, և՛ էկրանից երևում է»:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի