Հայկ Մելիքյանի հաջողության ուղին, հաղթահարած մարտահրավերներն ու իրականացած երազանքները

Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում արդեն իսկ ունի իր ուրույն ձեռագիրն ու տեղը:
Հայկը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը։

Հոկտեմբերի 20-ին դաշնակահարը ելույթ ունեցավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գալա-համերգին՝ Մարինյան թատրոնի նվագախմբի հետ կատարելով Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը՝ Վալերի Գերիևի ղեկավարությամբ:

ShowBiz-ի հետ զրույցում դաշնակահարից տեղեկանում ենք, որ մեկնելու է Լիբանան՝ մենահամերգով հանդես գալու Les Musicales de Baabdath միջազգային փառատոնի շրջանակում, որից հետո կմեկնարկի համերգային շրջագայությունը՝ Միացյալ Նահանգներում:  

 

Հայկը նաև պատմում է՝ ինչպես է անցել հաջողության իր ուղին, ինչ մտավախություններ է ունեցել նա կարիերայի սկզբում և ինչ է իր համար դասական երաժշտությունը։

-Հայկ, հիշո՞ւմ եք այն օրը երբ առաջին անգամ փորձեցիք դաշնամուր նվագել։  Ո՞վ Ձեզ օգնեց ընտրել հենց այդ ճանապարհը։

-Գիտեք դաշնամուրը և երաժշտությունն իմ մանկության անքակտելի մասն էին. այնքան սովորական երևույթ էր, երբ պապիկս նվագում էր ազգային նվագարանների վրա, ես լսողությամբ փորձում էի նվագակցել նրան՝ տան հին գործիքի՝ դաշնամուրի վրա: Այս պահին հստակ հիշում եմ այն բերկրանքը, որ ապրում էի, երբ ամեն անգամ հարմոնիկ երաժշտություն էի կարողանում կառուցել, ամեն օր ավելի էի սիրահարվում դաշնամուրի հնչողությանն ու ստեղներին: Ես իհարկե մեծապես շնորհակալ եմ մայրիկիս, ով այդ ամենը նկատեց ու գործադրեց ամեն ջանք, որպեսզի ես սկսեմ պրոֆեսիոնալ կերպով ուսանել կատարողական արվեստը:  

 

– Ինչպե՞ս ընդունեց ընտանիքը Ձեր՝ դաշնակահար դառնալու որոշումը չէ՞ որ շատերը կարծում են, որ այդ մասնագիտությունը Հայասատնում հեռանկարային չէ։

 Ընտանիքս միշտ խթանել է իմ՝ երաժշտության նկատամամբ սերը։
Այո՛, եղել են խորհուրդներ նաև այլ բան փորձելու առումով, հատկապես այն բնագավառներում, որոնցում ցուցաբերում էի առաջադիմություն՝ լեզուներ, պատմություն, գրականություն: Սակայն դրանք բացի խորհուրդներից, երբեք այլ ձևաչափ չեն ընդունել, իսկ ես հստակ գիտեի՝ ինչն է իմ նպատակը և ուր եմ ես գնում: Ինչ վերաբերում է հեռանկարային մասնագիտությանը, ապա, նայելով իմ անցած ճանապարհին, վստահորեն կարող եմ ասել, որ չկա որևէ անհեռանկարային ոլորտ, կա մոտեցման խնդիր և ինքդ քեզ հետ ազնիվ լինելու պատրաստակամություն, որպեսզի սիրով անես այն, ինչ դառնալու է քո կյանքի կարևոր մասը:

Հայկ Մելիքյանի միջազգային բեմելը կայացել է Հռոմի “Concerto di Concerti” միջազգային փառատոնում: Նա բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, այդ թվում` “Premio Valentino Bucchi”, “Ibla Grand Prize”, “Yvar Mikhashoff Trust for New Music”, Օրլեանի միջազգային մրցույթ և այլն: Համաշխարհային ժամանակակից երաժշտության պրոպագանդման համար 2012թ. Մոսկվայի կոմպոզիտորների տան անունից դաշնակահարին շնորհվել է ոսկե մեդալ: 2013թ. Հայկ Մելիքյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: 2018թ. ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում Հայկ Մելիքյանի մենանվագ ձայնասկավառակն ընտրվել է որպես «Տարվա լավագույն դասական ալբոմ»:
Դաշնակահարն ասում է, որ կոչումները պարտավորեցնող են, բայց ինքը երբեք չի ձգտել հաջողության կամ փառքի

 Իհարկե, պարտավորեցնող է, բայց առաջին հերթին ինձ համար բերկրանք է այն, որ կրում եմ կոչում՝ հայրենիքիս անունից։
Գիտեք, երբեք չեմ մտածել այդ մասին. ես միշտ մտածել եմ նվագելու մասին, երբեք չեմ ձգտել հաջողության կամ փառքի ու համարում եմ, որ հաջողությունն ու բարեկեցությունը հետևանքներ են, դրանք նպատակներ լինել չեն կարող: Իսկ իմ արվեստի սիրահարներին ուղղակի երախտապարտ եմ, ես նրանց նույնիսկ չեմ առանձնացնում ինձնից. մենք միասին ենք ու միասին էլ ճանապարհ ենք գնում, վայելում բարձր արվեստի բերկրանքը, կարծում եմ՝ ունկնդրելը կատարողականությունից ոչ պակաս պատասխանատու գործ է:

 

-Ինչպիսի՞ մտավախություններ եք ունեցել կարիերայի սկզբում։

 Չեմ թաքցնի, որ եղել են պահեր, որ ինչ-որ մտավախություններ ծանրաբեռնել են միտքս, ինչպես օրինակ՝ երբ հանդիպել եմ շատ տաղանդավոր արվեստագետի, ով հոգին կեղեքող թշվառություն է ունեցել՝ գրկած իր անհաջողությունները և, ամենավատը՝ արդեն դրանց հետ հաշտված: Բայց բարեբախտաբար միշտ իմ կողքին են եղել ամուր ընտանիքս, նվիրյալ մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովը և պրոդյուսերս՝ Ալեքսանդր Պլատոն, ովքեր կյանքիս բարդ փուլերում անձնանվեր սատարել են ինձ:

 

Կա՞ որևէ կոմպոզիտոր, ում դեռ չեք անդրադարձել և կցանկանաք անդրադառնալ։

 Երաժշտությունն անսպառ է ու հավերժ, իսկ մեր կյանքը՝ այնքա՜ն անցողիկ. ամեն օր նոր ստեղծագործություն է ծնվում, նոր մեկնաբանություն, փոխվում են աշխարհայացքները, միտումները: Այնպես որ, միշտ լինելու են անուններ, որոնց գուցե կանդրադառնամ իմ հաջորդ երկրային կյանքում :

 

Իր խոսքը տաղանդավոր երաժիշտն ավարտում է ասելով, որ դասական երաժշտությունը, ինչպես և արվեստի ցանկացած ճյուղ, միատարր չէ․ «Նրանում կան բազում տարրեր ու միտումներ. դրանք կիսում են ցավն ու հրճվանքը, մեր ապրումները, ամոքում են ու կենացնում մարդկային հոգին, իսկ անհոգի մարդ ես չեմ տեսել, բայց ցավոք տեսել եմ միտքը շատ ծանրաբեռնած կամ՝ ընդհակառակը, ներուժը դույզն ինչ բացահայտելու նախաձեռնություն չցուցաբերած մարդկանց: Հետևաբար, դասական երաժշտությունը բոլորինն է, սակայն այն հիրավի պահանջում է իր նկատմամբ հարգանք և ազնվություն»:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի