«Նոր քասթինգ էր սկսվել, որտեղ էլ որոշվեց, որ պետք է խաղամ այդ դերը»․ Հայկ Հովհաննիսյանը «Երկուսով» հեռուստասերիալում իր դերի, նկարահանումների, դերասանական կազմի մասին և ոչ միայն

Այս օրերին «Երկուսով» հեռուստասերիալը գտնվում է մշտական խոսակցությունների և քննարկումների կենտրոնում։ Բանն այն է, որ գլխավոր դերակատարի և նրա ընկերոջ դերը կերտող դերասանների հետ կատարվել են հետաքրքիր և անսպասելի փոփոխութոյւններ․ մասնավորապես՝ Բեն Ավետիսյանի փոխարեն գլխավոր դերում հանդես կգա Վահե Զիրոյանը, իսկ նրա ընկերոջ դերը մարմնավորող Էդ Իգիթյանին կփոխարինի Հայկ Հովհաննիսյանը։
Այս նորությունները հայտնի դարձան այն բանից հետո, երբ հրապարակվեց «Երկուսով» հեռուստասերիալի թրեյլերը և հեռուստադիտողները հոլովակում չգտան Բենին և Էդգարին։
Դե ինչ, տեսնենք՝ ինչպես կընդունի հանդիսատեսը հեռուստասերիալի նոր դերասանական կազմին և ինչքանով կգնահատի ստեղծագործական թիմի աշխատանքը։

Մինչ այդ ShowBiz զրուցել է «Երկուսով»-ին նոր միացած դերասան Հայկ Հովհաննիսյանի հետ։ Հայկը պատմել է անցկացված քասթինգի, իր կերպարի, նկարահանումների ընթացքի մասին, ինչպես նաև անդրադարձել «Անավարտ երազ» հեռուստասերիալին ու իր նախընտրած դերերին։

««Անավարտ երազ» հեռուստասերիալի նկարահանումների ավարտից հետո նոր քասթինգ էր սկսվել երկու կերպարի համար։ Հենց քասթինգով էլ որոշվեց, որ ես պետք է խաղամ այս պահին ինձ բաժին հասաց դերը»,- իր խոսքը սկսելիս նշում է Հայկը և հավելում, որ այն դերը, որը կերտելու է, որոշ նմանություններ ունի իր հետ․ «Կերպարը, որը կերտելու եմ, երևի թե, ամենաշատը իր հումորով է ինձ շատ նման»։

Նշենք, որ հեռուստանովելի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանն օրերս ասել էր, որ փոփոխություններն իր համար էլ անհետևանք չեն մնացել, սակայն միևնույն ժամանակ հավելել էր, որ շատ արագ է ադապտացել։ «Նոր նախագծին միացել է Հայկ Հովհաննիսյանը, ում հետ արդեն աշխատել էի, շատ լավ տիրապետում էի իր միմիկային, ձայնային հնարավորություններին»,- իր խոսքում անդրադառնալով Հայկին՝ նշել էր սերիալի սցենարի հեղինակը։

Հայկը, անդրադառնալով նկարահանումների ընթացքին և դերասանական կազմին, նշում է․ «Նկարահանումները բավականին լավ են անցնում, հետաքրքիր։ Դերասանների հիմնական մասն ընկերներս են, նոր ծանոթություններ գրեթե չկան նախագծում։ Իմ դերը հիմնականում կապված է Մարկի կերպարի հետ, ում մարմնավորում է Վահե Զիրոյանը»։

Հայկը նոր նախագծերում նկարահանվելու առաջարկ ստանալիս շատ քմահաճ չէ, սակայն բաներ կան, որոնք չի կարող անտեսել։ «Ինձ համար կարևոր է, թե ով է առաջարկն անում և թե որ նախագծի հետ է այն կապված»,- ասում է դերասանն ու հավելում, որ դերերի հարցում էլ նախընտրություններ ունի․ «Բացասական դերերն ավելի հոգեհարազատ են, գրեթե միշտ դրանց եմ նախընտրությունը տալիս»։

Վերջում էլ անդրադառնալով իր նախորդ նախագծին Հայկն անկեղծացավ ու պատմեց․ ««Անավարտ երազ» հեռուստասերիալի նկարահանումները երկար տևեցին, բայց ամեն ինչ չափից ավելի լավն էր ու հաճելի էր աշխատելը թե´ նկարահանող թիմի, թե´ ընտրված դերասանական կազմի հետ»։
Դերասանը նաև նշեց, որ առաջիկայում բավականին շատ նոր պլաններ ունի, որոնք սակայն դեռ չցանկացավ բարձրաձայնել։

Վերջում նաև հավելենք, որ Բեն Ավետիսյանը, անդրադառնալով սերիալից իր բացակայության խոսակցություններին, ասել էր․ «Ես եմ առաջարկել դադարեցնել համագործակցությունը», իսկ Էդգար Իգիթյանը նշել էր, որ ո՛չ ֆիզիկապես և ո՛չ հոգեպես դեռ պատրաստ չի եղել այդ կերպարը մարմնավորելուն։

Նյութը՝ Լուս Ավագյանի