«Մել». ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում

Ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում: Ֆիլմի ռեժիսորն է լինելու Իննա Սահակյանը։

«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Մել Դալուզյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Հոլանդիայում: Տարիներ առաջ նա սկսեց բացահայտ խոսել իր սեռային պատկանելության մասին, հայտարարեց, որ չնայած կենսաբանորեն աղջիկ է ծնվել, բայց դեռ մանկուց իրեն տղա է զգացել ու այլ կերպ իրեն չի էլ պատկերացրել: Դալուզյանին նրա այս հայտարարությունները հասարակության քննադատությանն ու քարկոծմանն արժանացրին, ինչին էլ հաջորդեց Մելի՝ ծանրամարտը թողնելն ու Հայաստանից արտագաղթելը:

«Մել»-ի նկարահանումները սկսվել են Մելի և Ծաղիկի Հայաստանում համատեղ կյանքի սկզբից, իսկ դրանից հետո տեղի ունեցող բոլոր իրադարձությունները վավերագրվել են։ Եվ քանի որ ֆիլմը հետևում է իրական մարդկանց պատմությանը, դեռ բաց է ֆիլմի ավարտը, սակայն, ըստ զարգացող իրադարձությունների, այն կավարտվի Մելի վիրահատությամբ (սեռափոխություն) և դրան հաջորդող ժամանակահատվածով։