Լուվրի կայքը «պայթել» է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը

Վերածննդի դարաշրջանի մեծագույն արվեստագետ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի առաջին օրը ցուցահանդեսի տոմս գնելու ցանկություն ունեցող անձինք «պայթեցրել» են Լուվրի թանգարանի կայքը: Այս մասին գրում է Le Figaro-ն:

Ցուցահանդես այցելելու համար Լուվրի տոմսարկղից տոմսեր գնելն անհնար է։ Տոմսերն անհրաժեշտ է գնել նախօրոք՝ առցանց տարբերակով: Ցուցահանդեսի տոմս է գնել ավելի քան 260 հազար մարդ:

Ի դեպ, նույն իրավիճակը ստեղծվել էր հունիսի 18-ին՝ տոմսերի նախնական վաճառքի ժամանակ:

Հիշեցնենք, որ Լուվրի թանգարանը, որտեղ պահվում է Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, հինգշաբթի բացել է դռներն այցելուների առաջ՝ հնարավորություն տալով դիտել Վերածննդի դարաշրջանի ավելի քան 160 ստեղծագործություն։ Դրանց մի մասը ժամանակավորապես Փարիզ են տեղափոխվել բրիտանական թանգարանից: