Հեղափոխության օրերին վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվելու մասին հայտարարած գործիչները դեռ պահպանում են այդ կոչումները

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներից ոմանք նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության օրերին հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց կոչումներից ու ոսկե մեդալներից:

Ապրիլի 22-ին՝ այդ ժամանակ դեռեւս պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումներից հետո, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից հրաժարվելու հայտարարությամբ հանդես եկան դերասան Մկրտիչ Արզումանյանը, երգչուհի Էռնա Յուզբաշյանն ու «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանը:

«Հայկական ժամանակ»-ից տեղեկանում ենք, որ 2017 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած Մկրտիչ Արզումանյանը չգիտի, թե ինչպիսին է կոչումից հրաժարվելու ընթացակարգը և ինչ պետք է անի: Դերասանի խոսքով՝ այս ընթացքում ժամանակ էլ չի ունեցել դրանով զբաղվելու, սակայն կոչումից հրաժարվելու իր որոշումը միանշանակ է:

«Պրոտոկոլին չեմ հետևել: Ես հիմա այնքան ծանրաբեռնված եմ, որ հազիվ հասցնում եմ մի քանի ժամ քնել հանգստանալ ու աշխատել: Երբեք չեմ էլ սպասել, որ ինձ այդ կոչումը տան. ո՛չ ստանալուց է հուզել, ո՛չ էլ՝ վերադարձնելուց: Շարունակում եմ աշխատել. ինձ համար ժողովրդի գնահատականը շատ կարևոր է, որի համար անընդհատ աշխատում եմ»,- ասել է դերասանը:

Նշենք, որ կոչումից հրաժարվելու մասին դերասանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումն անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ: Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,- նշել էր նա:

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանն էլ է հայտնել, որ կոչումից հրաժարվելու դիմումը հանձնել է նախագահական, որտեղից իրեն բացատրել են ընթացակարգը: Ավելի ուշ նախագահականի աշխատողներից մեկը հայտնել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է Բաբայանի հետ զրուցել, սակայն հանդիպումը չի կայացել: «Ես ինքս ինձ զրկել եմ այդ կոչումից, և երբևէ որևէ տեղ չեմ ասում, որ նման կոչում ունեմ կամ ունեցել եմ»,- ասել է նա:

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էռնա Յուզբաշյանը ևս միացել էր նրանց: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունը կարեւոր է ցանկացած մեդալից»: Նշենք, որ երգչուհի Էռնա Յուզբաշյանը նույնպես իր կոչումը ստացել էր Սերժ Սարգսյանի կողմից՝ 2015 թվականին: