«Գանգստեր Մաք» ներկայացման պրեմիերան պայթեցրեց Դրամատիկական թատրոնի դահլիճը - Showbiz.am

«Գանգստեր Մաք» ներկայացման պրեմիերան պայթեցրեց Դրամատիկական թատրոնի դահլիճը

By

Սրամիտ հումորով համեմված «Գանգստեր Մաք»-ի պատմությունը Դրամատիկական թատրոնում իրական փայթուցիկի էֆեկտ ունեցավ։ Երեկ՝ ներկայացման պրեմիերայի ժամանակ լեփ-լեցուն դահլիճի էմոցիաներն ու էներգետիկան խեղդում էր բառի ամենալավ իմաստով։
Էմմա Մանուկյանի, Էմմա Մկրտչյանի, Դիանա Մալենկոյի, Լիդիա Լևոնյանի, Գագիկ Մկրտչյանի, Լևոն Հախվերդյանի, Նիկոլայ Ավետիսյանի, Նարեկ Մարտիրոսյանի և Նարեկ Քթոյանի մասնակցությամբ ներկայացումը պատմում էր սեքսուալ մերկապարուհիների և նրանց սարսափելի ու դաժան տնօրենի՝ Գանգստեր Մաքի մասին, ում ընկերուհու կյանքում հայտնվում է տղամարդ, ով էլ փոխում է ողջ պատմության ընթացքը։
Մերկապարուհիների դերում Էմմա Մանուկյանը, Էմմա Մկրտչյանը, Դիանա Մալենկոն և Լիդիա Լևոնյանն են։
Բեմադրության հեղինակը Գրիգոր Խաչատրյանն է։ Վերջինս այս բեմադրությունը բնորոշում է որպես էսթետիկ զվարճանք պարգևող աշխատանք։

Գլխավոր հերոսներից Լևոն Հախվերդյանի ելույթներին դահլիճը բավականին բուռն էր արձագանքում։ Խարիզմատիկ և պրոֆեսիոնալ դերասանը կատարում էր Գանգստերի ընկերուհու սիրեկանի դերը․ մեկ ներկայացման ընթացքում նա  հասցրեց լինել և՛ սիրեկանի, և՛ կաբարեյի պարուհու, և՛ արվամոլի, և՛ ոստիկանի կերպարում։ Այս բոլոր կերպարանափոխությունները կատարվում էին նրա համար, որ Ջերին կարողանա ազատվել դաժան Գանգստեր Մաքի ճիրաններից։

«Այո, մտավախությունները և վախերը սկսեցին տանջել դեռ փորձերի սկզբից, երբ նոր-նոր սկսել էինք ընթերցումները, դա նորմալ էր, իսկ դժվարությունները սկսեցին արդեն բեմական փորձերի ժամանակ։ Իմ կարիերայի ընթացքում դեռևս չեր եղել այնպիսի դեպք, երբ ես դերին պատրաստվելու համար խորապես պետք է ուսումնասիրեի մեկ այլ մասնագիտություն՝ այն էլ մերկապարուհու մասնագիտություն։
Սկզբում ամեն բան թվում էր հեշտ, սակայն, երբ ինքս փորձեցի այդ պարերը, դժվարությունը զգալուց հետո միանգամից մեծ հարգանք ծնվեց այդ մասնագիտության հանդեպ․ես չէի պատկերացնում, որ այդ աղջիկները այդպիսի տաժանակիր աշխատանք են կատարում հանուն մեզ»,- պատմում է Լևոն Հախվերդյանը և հավելում, որ հիմնական դժվարությունը կապված էր ներկայացման խելագար տեմպի հետ, որովհետև այդպիսի տեմպ ապահովելու համար քաջ առողջություն է պահանջվում։

Լևոնի պնդմամբ՝ ներկայացման ժանր չունենալը նույնպես առաջացնում էր անհասկանալի վիճակ։ Ռեժիսոր և բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը պահանջում էր «լինել իրական, այլ ոչ թե ձևանանք բնական»։ Նա ցանկանում էր ներկայացում, որը կլիներ միակն իր տեսակի մեջ և դա նրա մոտ ստացվեց։

Լևոն Հախվերդյանն, ով իդեալական կատարեց տաքարյուն ու առնական սիրեկանի դերը, իսկ դրանից վայրկյաններ անց դարձավ ճկուն ու սեքսուալ կաբարեի պարուհի, պնդում է, որ  դերերի ընտրության հարցում որևէ սահմանափակում չունի, կարևորը  այնպիսի կերպար լինի, «որտեղ խաղալու բան կա»․««Գանգստեր Մաքը» ապացուցեց, որ ժանր կարող է գոյություն չունենալ, որովհետև իրականությունն էլ ժանր չունի, կան միայն մարդկային փոխհարաբերություններ»։

Եվ, իհարկե, առնական, տաքարյուն ու դաժան Գանսգտերի դերը բաժին էր հասել Նիկոլայ Ավետիսյանին, ով խոստովանեց, որ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը շատ խստապահանջ է և այնպիսի խդիրներ էր դնում, որոնք, իրոք, որպես դերասան դժվար է հաղթահարել։
«Ես միշտ ցանկացել եմ, որ այս դերը տարբերվի մյուսներից, և հետաքրքիրն այն էր, որ միշտ սիրել եմ գանգստերական ֆիլմերն ու ցանկացել եմ առնչվել այս թեմային։ Ամեն շարժում անելուց անկախ ինձնից հիշում էի իմ սիրելի դերասան Ռոբերտ Դե Նիրոին, և նրա խաղաոճին մոտենալու ցանկությունը մեծ էր։ Իհարկե ավելի բարդ է, երբ ամեն ինչ մի փոքր գրոտեսկային է․ մտավախություններ կար, որ գուցե հանդիսատեսը չընկալի, չէ՞ որ պիեսը կոմեդիա է, իսկ մեր մոտեցումները չափազանց դրամատիկ։ Բայց մեկ անգամ խաղալուց հետո պարզ դարձավ որ ամեն բան էլ  հանդիսատեսը հասկանում էր ու լիաթոք ծիծաղում»։

Նիկոլայը թեման համարում է արդիական, որովհետև այն ի վերջո սիրո մասին է, իսկ սերը հավերժ արդիական թեմա է։ Նրա պնդմամբ՝ հանդիսատեսը կարողացավ տեսնել քարացած կարծրատիպերի լրիվ հակառակ կողմը․«Չէ՞ որ մենք փորձել ենք կարծրատիպերը կոտրել։ Օրինակ՝ գանգստեր ասելիս պատկերացնում են շատ չար և վատ մարդու, սակայն իրականում նրանք բոլորովին ուրիշ են։ Եվ ոչ միայն դա․․․
Կարծում եմ հանդիսատեսը նայելուց հետո կպայքարի սիրո համար՝ մի կողմ դնելով բոլոր տեսակի հանգամանքները, կարծում եմ, որ այսօր շատ է պակասում այդիպիսի սերը, երբ նույնիսկ մահի վտանգը զգալով՝ դու պայքարում ես քո  սիրո համար»։

«Գանգստեր Մաք»-ի պայթուցիկային ու նախադեպը չունենալու միտումը պայմանավորված էր նաև բազմաթիվ հանդիսատեսների ուշադրությունը գրավելու մտքով․ չէ՞ որ այսօր ֆիլմերը, սերիալները, հեռուստատեսությունը խեղդում են թատրոնը, որն էլ աշխատում է գտնել մարդկանց հետաքրքրելու իր տարբերակը։

Հանդիսատեսների պահանջարկը փոխվում է, կարծում է Լևոն Հախվերդյանը․ «Ես պարտավոր եմ այսօր մտածել վաղվա հանդիսատեսի մասին և կատարելագործվել հանուն այն բանի, որ հետաքրքիր լինեմ այդ հանդիսատեսին։ Լինում են դեպքեր, երբ արվեստագետը առաջ է ընկնում հանդիսատեսից․ դրա ապացույցը այն է, երբ օտարազգի հանդիսատեսը հիացած է, իսկ քո հանդիսատեսը դեռ չի ընկալում։ Բայց անցնում է որոշ ժամանակ, և նույն գործը ընկալվում է լրիվ ուրիշ ձև, հետեւաբար՝ այո, պահանջարկը փոխվել է, փոխվում է և պետք է փոխվի, իսկ արվեստագետը չպիտի շարժվի հանդիսատեսի պահանջով, արվեստագետը պիտի շատ առաջ լինի այդ պահանջներից։
Թատրոնի ձևավորումից ի վեր խոսում են այն մասին, որ թատրոնը կորցնում է հանդիսատեսին, որ հասարակությանը այլ բաներ են հետաքրքրում, որ կինոն սպանում է թատրոնը և այսպես շարունակ։ Ես համոզված եմ մի բանում, որքան էլ մարդկությունը զարգանա, որքան էլ տեխնիկապես հասարակությունը հագեցած լինի, միևնույն է, թատրոնը լինելու է, մնալու է և հանդիսատես ունենալու է, որովհետև մարդը միշտ ցանկանաում է գնալ մի տեղ, որտեղ նա հնարավորություն կունենա տեսնելու մարդկային փոխհարաբերություններ, պատմություներ։ Ես կցանկանայի, որպեսզի մեր հասարակությունը «թատերականաֆիկացվեր»։ Նման հանդիսատես կա և նրանք գնալով շատանում են, ես այս հարցում լավատես եմ: Իհարկե մենք էլ պարտավոր ենք զարմացնել նրանց և արդարացնել հույսերը»։

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ