Ի՞նչ է պետք Անի Լուպեին հաջողության հասնելու համար

Տարիներ առաջ վենեսուելլացի գործընկերոջ խորհրդով Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե ու բեմական գործունեության ընթացքում հանդես եկավ հենց այդ անվամբ: Գանգրահեր, տաքարյուն ու կրքոտ դերասանուհուն, թե՛ անվան, թե՛ արտաքինի պատճառով հաճախ են համեմատում բրազիլուհու կամ իսպանուհու հետ, սակայն ինքը՝ Անին երբեք մտադրություն չի ունեցել այլ ազգի նմանվել
«Ես հպարտ եմ, որ հայ եմ, սակայն ես երազել եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ տարին 12 ամիս շոգ կլինի»:

Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհին նաև պարուհու ու երգչուհու մասնագիտական կրթություն է ստացել: Ուսանողական տարիներից դեռ աշխատել է թատրոնում, սկզբում` Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, իսկ 2010-ից մինչև այսօր Կամերային պետական թատրոնում:

«Դեռ մանկուց սիրում էի արվեստը։ Միշտ ուզում էի նկարել, հետո հասկացա, որ պետք է դաշնակահարուհի դառնամ։ Երաժշտական դպրոցն ավարտելուն պես որոշեցի պարուհի դառնալ․ավարտեցի պարարվեստի ուսումնարանը և արդեն վերջնական որոշում կայացրի ընդունվել Թատերական ինստիտուտ։
Ընտանիքս մեջքիս կանգնած է եղել որոշմանս ժամանակ և դեմ չի եղել երբեք։
Հիմա, երբ հետ եմ նայում իմ անցած ճանապարհին, հպարտ եմ, որ այդ ամենին հասել եմ միայն ու միայն իմ ուժերով»։

 Քանի որ Անին խաղում է  նաև թատրոնում, նա չի անտեսում այդ ոլորտում առկա խնդիրները՝ մոտենալով դրանց իրատեսորեն ու առաջարկելով դրանց լուծման իր տարբերակները։

«Ես սիրում եմ հայ թատրոնը, մերոնք լավն են։ Միայն կուզեի, որ աշխատավարձերը բարձրացնեն, որպեսզի դերասանը միայն իր կերպարի մասին մտածի։ Նաև կցանկանայի, որպեսզի տարբեր երկրներից ռեժիսորներ հրավիրվեին այստեղ ներկայացումներ բեմադրելու համար։ Կարծում եմ նորություններ մեզ պետք են»։
Շատերը պնդում են, որ սերիալներն ու ֆիլմերն այսօր խեղդել են թատրոնը, ում հանդիսատեսն օրեցօր պակասում է, սակայն դերասանուհին համաձայն չէ․ նա կարծում է, որ յուրաքանչյուր թատրոն ունի իր հանդիսատեսը։


Անին ակտիվ նկարահանվել է նաև տարբեր սերիալներում և համաձայն չէ, որ հայկական սերիալների մեծամասնությունը որակի լուրջ խնդիրներ ոնեն։ Լուպեն պնդում է, որ կան նաև շատ լավ սերիալներ, սակայն կա կարևոր պայման, որին պետք է հետևեն բոլորն առանց բացառության․

«Միակ բանը, որ կցանկանայի փոխել սերիալներում՝ ժարգոնային խոսքն է, որն ականջի համար չափազանց տհաճ է։
Կան խոսքեր, որոնք կոպիտ են հնչում հայերենում, սակայն այլ լեզուներում այդքան տհաճ չեն։ Հայերենում այդ խոսքերը, պարզապես, գռեհիկ են հնչում»։

Դերասանուհին հենց «Ազիզյանները» սիթքոմում Ռուզանի դերից հետո մեծ ճանաչում ձեռք բերեց ու երկրպագուների մի ամբողջ բանակ։
Գեղեցկուհին «Ազիզյանները»  հեռուստասերիալում փայլուն կատարեց իր դերը, սակայն մեզ հետ զրույցում նա խոստովանում է, որ կոմեդիկ դերերից բացի իրեն նաև հիասքանչ է զգում այլ կերպարներում։
«Դերասանը, բնականաբար, պետք է ունենա երևակայություն, խորություն, հոգի, միտք։
Ինձ համար շատ կարևոր է ռեժիսորը․ նրանից է կախված, թե դերասանն ինչպես կներկայանա։ Ես սիրում եմ, երբ ինձ բացահայտում են, երբ ես անում եմ անասելին, անգամ այն, ինչ մտածում էի, որ երբեք չեմ կարողանա»։

Շատ պրոֆեսիոնալներ, իրենց օրվա հացը վաստակելու համար, ստիպված աշխատում են՝ կորպորատիվ միջոցառումներին երգելով և նշում են, որ դա անում են բացառապես գումարի պատճառով։ Քանի որ Անի Լուպեն մասնագիտությամբ նաև երգչուհի է և ունի համապատասխան կրթություն, նա նշում է, որ հաճելի է, երբ մասնագիտությունը գումար է բերում և առհասարակ դեմ չէ դրան։

2013-ին Անին արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում: Այդ մրցանակը գեղեցկուհին ստացել է  Արա Երնջակյանի՝  «Պարոնայք ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» ներկայացման համար, սակայն ուրախության հետ մեկտեղ դերասանուհին նշում է նաև դրա բացասական կողմը․  «Վատ բանն այս ամենի մեջ այն է, որ դրանից հետո էլ ուրիշ աստիճան չկա թատրոնի համար, «Արտավազդ» և վերջ»։

Զրուցներում Անի Լուպեն հաճախ է նշել, որ տեսակով անընդհատ պետք է սիրահարված լինի. Դա հոգեվիճակ է, առանց որի ապրելը նրա համար գորշ է:
Անին նշել է, որ ընտրյալ ունի, սակայն չի գերադասում հանրայնացնել իր անձնական հարաբերությունները։ Մեզ հետ զրույցում դերասանուհին պարզապես խոստովանեց, որ սիրված է և սիրում է։
Իսկ ապագայի մասին խոսելիս Անին ասում է, որ իրեն միշտ ներկայում է  տեսնում, իսկ երազանքներ շատ ունի և ամեն կերպ փորձում է, աշխատում դրանք իրականացնել։

Իր հաջողության բանաձևի մասին խոսելիս Անին ասում է. «Ամեն բան երևի նրանից է, որ ես հավատում եմ առաջինը Աստծուն, երկրորդը՝ իմ ուժերին: Ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Շնորհակալ եմ այն հրաշալի լույսի համար, որ բացվում է ամեն առավոտ Աստծո շնորհիվ. մի՞թե դա բավական չէ հաջողակ լինելու համար»:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի