«Կորեայի մշակույթի օր» փառատոն․ միջոցառման հետաքրքիր դրվագներն ու անհատները մեկ բեմում

Երևի ոչ մեկի համար էլ արդեն գաղտնիք չէ, թե ներկայում ինչ մեծ սեր ու ճանաչում են վայելում հարավկորեական երաժշտական խմբերն, ու թե ինչ մեծ թիվ են կազմում դրանց երկրպագուները։
Հայաստանում ևս քեյ-փոփի ու ընդհանրապես կորեական մշակույթի սիրահարները քիչ չեն։ Իսկ երեկվա համերգն ու այնտեղ տիրող բարձր տրամադրությունն էլ դրա վառ ապացույցն են։

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոնը։
Փառատոնը նպատակ ուներ բարձրացնելու կորեական մշակույթի մասին իրազեկվածությունը Հայաստանում, ինչպես նաև ծառայելու երկու երկրների միջև համագործակցությանն ու բարեկամությանը։
Միջոցառման ընթաքում ԵՊՀ կորեերեն ուսումնասիրող ուսանողները, ինչպես նաև կորեական մշակույթով հետաքրքրված անհատներն ու խմբերը ներկայացրեցին կորեական ժամանակակից երգերն ու պարերը, կորեերեն ասմունքներն, ինչպես նաև հայտնի «Վագրը և ճանապարհորդը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։
Միջոցառման ընթացքում թեքվոնդոյի ցուցադրությամբ հանդես եկան նաև ՀՀ ռազմական թեքվոնդոյի ֆեդերացիայի սաները:

Մեզ հետ զրույում միջոցառման կազմակերպիչներից Հասմիկ Ճաղարյանը նշեց․ «Հայաստանում ամեն տարի Կորեայի մշակույթի օր միջոցառում տոնվում է, այս տարի էլ ԵՊՀ-ի 100-ամյակի հետ կապված որոշվեց միջոցառումն այստեղ անցկացնել, իհարկե, պետհամալսարանի և Հայաստանում կորեական համայնքի աջակցությամբ։
Շատ հեշտ ստացվեց ամեն ինչը կազմակերպելը, որովհետև Հայաստանում մեծ քանակությամբ խմբեր կան, որոնք հետաքրքրված են կորեական մշակույթով և սիրով համաձայնվեցին ելույթ ունենալ։ Այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ ունեն և տարվա ընթացքում մի քանի անգամ առիթ ստեղծվում է այսպիսի փառատոններ անցկացնելու համար։

Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան հայ քեյ-փոփ հասարակությանը ծանոթ շատ խմբեր, նրանց թվում էին՝ BANG Dance Studio-ն, Earth A-ը, Np Project-ը, Blue Rose-և և շատ այլ խմբեր ու անհատ կատարողներ։«Քանի որ հետաքրքրվում ենք Կորեայով ու կորեական միջոցառումներով, այս անգամ էլ տեղեկանալով մշակույթի օրվա մասին, ցանկացանք մասնակցել։ Պատրաստվել ենք շատ կարճ ժամանակահատվածում, բայց ամեն ինչ շատ լավ անցավ։ Հուսանք հանդիսատեսը հավանեց մեր ելույթը։
Տպավորությունները կրկին շատ լավ էին, շնորհակալ ենք պատվոգրերի ու նվերների համար։ Հուսանք, որ այս ամեն ինչն ավելի կխթանի Հայաստանի և Հվ. Կորեայի հարաբերությունների սերտացմանն ու խթան կհանդիսանա հետագայում նմանատիպ այլ միջոցառումների, ինչու չէ, նաև մրցույթների կազմակերպման համար»,- իր խոսքում նշեց Earth A խմբի լիդեր Գոհար Պետրոսյանը։

Մենք նաև զրուցեցինք միջոցառման մասնակիցներից Զարուհի Աբրահամյանի հետ, ով զուգերգով էր հանդես եկել Մարիետտա Մխիթարյանի հետ և ներկայացրել կորեական Black Pink խմբի երգերից մեկը։ «Մենք Մարիետտայի հետ վաղուց ենք ծանոթ, նա էր իմացել միջոցառման մասին, հետո ինձ առաջարկեց, ես էլ համաձայնվեցի ու այդպես որոշեցինք մասնակցել փառատոնին։
Միջոցառումն էլ շատ հավես ու հետաքրքիր անցավ, ես, ճիշտն ասած, այդքան էլ տեղյակ չէի, որ Հայաստանում այսքան պարող խմբեր կան, այնպես որ ամեն ինչ շատ հետաքրքիր էր ու դիտարժան»,- ասաց Զարուհին։

Միջոցառման ներկաներից շատերն էլ նշեցին, որ այսպիսի միջոցառումներն իրոք լավ առիթ են հավաքվելու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու և ևս մեկ անգամ իրենց սիրելի խմբերի երգերն ու պարերը վայելու համար։