Ռիփփին՝ անձնական կյանքի, պլաստիկ վիրահատությունների և ապագա ծրագրերի մասին

Երգչուհի Ռիփփին տարիներ առաջ համարձակ քայլերով ներխուժեց հայկական շոու-բիզնես և իր գայթակղիչ ու սեքսուալ կերպարների շնորհիվ կարողացավ հիշվել ու առանձնահատուկ տեղ զբաղեցնել ոլորտում։ Այդ տարիների ընթացքում շատ բաներ տեղի ունեցան. Գեղեցկուհին հասցրեց մտնել թատերական դաշտ, հեռանալ շոու-բզինեսից, նշանադրվել, բաժանվել, վերադառնալ, բայց միևույն է՝ նա չկորցրեց իր հավատարիմ երկրպագուներին։

Showbiz.am կայքի հետ զրույցում Ռիփփին պատմել է իր ողջ անցած ճանապարհի, ապագա պլանների մասին և բացահայտել է անձնական մի քանի  գաղտնիք։

Ռիփփին մի քանի անակնկալ ունի իր երկրպագուների համար․ «Հիմա զուգահեռ աշխատում եմ մի քանի երգերի վրա, որոնց պրեմիերաները շուտով կլինեն։ Գնալով ավելի եմ ակտիվանալու, այնպես որ սպասեք։ Գործունեությունս ավելի ակտիվացնելուց հետո մենահամերգներ եմ ծրագրում»:

Ուժեղ, անկանխատեսելի և փոփոխական․ այդպես է իրեն բնութագրում երգչուհին, ով խոստովանում է, որ կյանքում ստացել է այն ամենը, ինչի մասին երազել է։
Ռիփփին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և պատանի տարիքում ստացել է նաև երաժշտական կրթություն։ Հիմա նա ակտիվ զբաղվում է ոչ միայն երգարվեստով, այլև նկարահանվում է տարբեր հեռուստասերիալներում:

 

Ռիփփիին հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ «Կարգին սերիալ» հումորային հեռուստասերիալում. Գեղեցկուհուն սիթքոմում բաժին էր ընկել բավականին երգիծական դեր, սակայն տարիներ անց Առաջին ալիքով հեռարձակվող «Ժիրայր Գլենց» հեռուստասերիալում մենք նրան տեսանք բոլորովին այլ դերում։ Մեզ հետ զրույցում Ռիփփին անկեղծացավ, որ լիրիկական դերերն իրեն ավելի շատ են դուր գալիս. «Եթե խոսենք, թե ո՞ր դերն է ինձ ավելի մոտ, ապա իհարկե «Ժիրայր Գլենց»-ում իմ կերպարը։ Իսկ «Կարգին սերիալ»-ի Մոնիկայի դերն ինձնից բավականին հեռու է։ «Կարգին սերիալ»-ի նկարահանումների առաջին օրերին տղաները կասկածամտորեն էին մոտենում ու մտավախություն կար, որ միգուցե չստացվի:
Բայց ինձ մոտ շատ լավ ստացվեց և՛ դա, և՛ «Դոմինո» սիթքոմում՝ Կարայի դերը, որը նույնատիպ կերպար էր։ Ուրախ եմ, որ ստացա «Ժիրայր Գլենց»-ում հենց իմ դերը ու մտադրություն ունեմ ապագայում շարունակել փորձել ինձ հենց այդպիսի դերերում»:

Ռիփփին պարբերաբար հանդես է գալիս կոմերցիոն միջոցառումների ժամանակ։ Շատերը կարծում են, որ արվեստագետներին հարիր չէ նման միջոցառումներում ելույթ ունենալը, սակայն ինքը՝ Ռիփփին, դրան դեմ չէ, միայն ցանկանում է, որպեսզի Հայաստանում արվեստն ավելի զարգանա ․«Բոլորս էլ ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում արվեստն ավելի ակտիվ լինի, իսկ արվեստի ճյուղերը՝ ավելի հարուստ։ Այսինքն, որպեսզի մեր ներկայացրած որակյալ արտադրանքը վաճառվի»:

Ռիփփին խոստովանում է, որ մանուկ տարիքում շատ երազանքներ է ունեցել․ դրանց թվում եղել է  նաև երգչուհի դառնալը․ «Դժվարություններ շատ են եղել, սակայն դրանց մասին հիմա պատրաստ չեմ խոսել։ Մեծացել եմ հայրիկիս հետ, ով առանձնապես կողմ չի եղել իմ ընտրած ուղուն»:

Չափազանց սեքսուալ ու գայթակղիչ երգչուհին հաճախ է հանդես գալիս բաց տեսարաններում կամ համարձակ կերպարներում։ Երգչուհին խոստովանում է, որ հայկական կարծրատիպերն իրեն չեն շրջանցել․ «Կարծրատիպերի հետ շատ եմ բախվել, եղել են վատ կարծիքներ, սակայն դրականները նույնպես քիչ չեն եղել։ Բազմակարծությունը նորմալ է»:
Գեղեցկուհին չի մոռանում նաև պատասխանել երկրպագուների կողմից ամենից շատ տրված հարցին՝ արդյոք նա դիմե՞լ է պլաստիկ վիրահատության, թե ոչ․«Պլաստիկ վիրահատությունների երբեք չեմ դիմել։ Սակայն երբևէ չեմ քննադատել այն մարդկանց, ովքեր դիմել են նման միջամտությունների: Հետևում եմ մաշկիս որակին, որովհետև չափազանց հաճախ եմ դիմահարդարմամբ հանդես գալիս և կոսմետիկ միջոցներն ինձ շատ են պետք գալիս»:

Չմոռացանք տեղեկանալ նաև՝ ինչպիսի՞ հաջողություններ է գրանցում Ռիփիին անձնական կյանքում, չէ որ տարիներ առաջ բոլոր լրատվամիջոցները հեղեղված էին նրա նշանադրության չեղարկման ու սիրելիի հետ բաժանման մասին լուրերով։
Անհաջող սիրո պատմությունից հետո Ռիփփին իր անձնականի մասին երկար ժամանակ լռում էր, սակայն վերջերս նա իր ինստագրամյան էջում հաճախ է սկսել տեղադրել գեղեցիկ լուսանկարներ անհայտ երկրպագուից ստացած նվերներով, որոնք մակագրում է ռոմանտիկ ու սիրային աֆորիզմներով։


«Իմ սիրտը զբաղված է, թե՞ ոչ․հիմա չեմ ցանկանում պատասխանել, որովհետև պատրաստ չեմ։ Երբ կարևոր, հստակ բան լինի իմ կյանքում, դա հաստատ կերևա։
Հիմա զբաղված եմ գործերով, որովհետև շատ հետաքրքիր առաջարկներ կան առջևում»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ սերն իր համար անկառավարելի և ուժեղ զգացողություն է։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան