Կայացավ աշխարհահռչակ Jamiroquai խմբի երևանյան մենահամերգը

Silk Note Festival-ի շրջանակում Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է միակ և անկրկնելի Jamiroquai խմբին:

Եվ երեկ՝ նոյեմբերի 6-ին, արդեն տեղի ունեցավ խմբի երկար սպասված մենահամերգը։ Մարզահամերգային համալիրը՝ զինված ժամանակակից նորագույն տեխնիկաններով ու տեխնոլոգիաներով, ընդունեց հազարավոր երկրպագուների, ովքեր դեռ ամռանից էին սպասում խմբի հայաստանյան մենահամերգին։

Հայ երկրպագուների համար այս հնարավորությունը ստեղծվել էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ջանքերի շնորհիվ:

Համերգի ընթացքում հիմնականում հնչեցին Jamiroquai-ի Automation ալբոմի երգերը, որոնց մեջ հատկապես առանձնանում էին հիթ դարձած We can do it, Summer girl, Cloud 9, Carla երգերը։ Այնպես որ, Ջեյ Քեյը երկրպագուներին ուրախացրեց ինչպես այս՝ համեմատաբար նոր երգերով, այնպես էլ հին ալբոմների շատ հայտնի ու սիրված հիթերով:

Դահլիճը ամբողջ երեկոյի ընթացքում չդադարեց երգել և պարել, ձայնակցում էին անգամ նրանք, ովքեր այդքան էլ ծանոթ չէին խմբի երգերին ու երգացանկին (ես էլ բացառություն չէի)։

Ի դեպ, համերգին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի հետ միասին։

Նշենք, որ Silk Note Festival-ի շրջանակում 1-ին անգամ համերգով հանդես կգան նաև The Parov Stelar Band-ն ու ամերիկացի վիրտուոզ կիթառահար Al Di Meola-ն, որոնց համերգները տեղի կունենան համապատասխանաբար՝ նոյեմբերի 8-ին և 10-ին ՄՀՀ-ում։

Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992թ․ ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:
1993-ին խմբի առաջին՝ Emergency on Planet Earth ալբոմի լույսընծայումից հետո, Jamiroquai-ն յուրատեսակ կերպով ամփոփեց ժամանակակից փոփ երաժշտությունը՝ դառնալով մերօրյա վառ արտիստներից շատերի համար իսկական հեղինակություն:


Jamiroquai-ի երկրպագուների թվում են Chance the Rapper-ը, Pharrell-ը, Tyler the Creator-ը, Jungle-ը, Redman & The Internet-ը։ Խումբը պատմական ելույթներ է ունեցել Սթիվի Ուանդերի և Դայանա Ռոսի հետ, հետևողական կերպով ապացուցելով, որ Jamiroquai-ն մեր ժամանակների մոլորակի ամենահեղինակավոր երաժշտական նորարարներից է:
Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-յակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): «Գրեմմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Նյութը՝ Լուս Ավագյանի