Վատ քնի սարսափելի հետևանքները

Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ գտել են, որ խորը քնի բացակայությունը մարդուն դարձնում է սթրեսի նկատմամբ խոցելի, մեծացնում է տագնապալի վիճակը:

Գիտափորձին մասնակցել է 18-ից մինչև 50 տարեկան ավելի քան 330 մարդ: Գիտնականները դիտարկել են, թե ինչպես է փոխվում նրանց հոգեկան վիճակը՝ կախված այն բանից, թե օրական քանի ժամ են նրանք քնել: Դրա համար կամավորներին խնդրել են լաբորատորիայում երկու գիշեր անցկացնել՝ մեկն ընդհանրապես առանց քնելու, իսկ երկրորդը՝ նորմալ տևողությամբ քնելով: Երկու դեպքում առավոտյան նրանց ցուցադրել են հատուկ ընտրված տեսահոլովակներ, որոնք փորձի մասնակիցների մոտ պետք է առաջացնեին տագնապ կամ նողկանք: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ առանց քնելու գիշեր անցկացնելուց հետո զգայական և նյարդային դաշտերը գործել են խափանումներով: Գիտնականները նաև պարզել են, որ վատ քունը գրեթե 30 տոկոսով նպաստում է սթրեսի մակարդակի բարձրացմանը:

Ավելի վաղ Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք տառապում են անքնությամբ, մեծանում է սրտի անբավարարության և ինսուլտի զարգացումը։