ԱՄՆ-ում հանդիսատեսն ընտրել է տարվա լավագույն ֆիլմը

Ամերիկյան People’s Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ, որի հաղթողներն ընտրվում են հանդիսատեսի քվեարկության արդյունքում, տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը: People’s Choice Awards-ի 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:

Լավագույն դերասան է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը, իսկ լավագույն դերասանուհի՝ Զենդայան՝ «Սարդ-մարդը. Տնից հեռու» ֆիլմում կերտած դերակատարման համար:

Որպես լավագույն ընտանեկան ֆիլմ հանդիսատեսն ընտրել է «Ալադին»-ը: «Լավագույն հեռուստասերիալ» և «Լավագույն դրամատիկ հեռուստասերալ» անվանակարգերում հաղթող է ճանաչվել «Չափազանց տարօրինակ գործեր» հեռուստասերիալը, իսկ լավագույն հումորային շոու է ճանաչվել «Մեծ պայթյունի տեսություն»-ը:

Էքշն ժանրի աստղ է ճանաչվել Թոմ Հոլլանդը՝ «Սարդ-մարդը. Տնից հեռու» ֆիլմում դերակատարման համար, իսկ անիմացիոն ֆիլմի աստղ՝ Բեյոնսեն՝ «Առյուծ արքա» ֆիլմի համար:

Հեռուստասերիալի լավագույն դերասանի տիտղոսին արժանացել է Քոուլ Սփրոուսը՝ «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում դերակատարման համար, իսկ հեռուստասերիալի լավագույն դերասանուհու մրցանակը ստացել է Միլի Բոբի Բրաունը՝ «Չափազանց տարօրինակ գործեր» հեռուստասերիալում իր խաղի համար: Իսկ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն արժանացել է Icon Award մրցանակին: