Թվացյալ պարզություն և բացառիկ խորություն. «Սուտ» ներկայացման պրեմիերան՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում - showbiz.am

Թվացյալ պարզություն և բացառիկ խորություն. «Սուտ» ներկայացման պրեմիերան՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում

By

Oրեր առաջ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի ունեցավ Ստեֆան Զիլլերի «Սուտ» պիեսի բեմադրությունը։
Առաջին հայացքից պարզ, կենցաղային ու սովորական թեման ձնագնդի պես գլորվելով մեծանում ու դառնում է երջանկության հասնելու ճանապարհին սարսափելի անջրպետ։ Հնարավո՞ր է ապրել առանց ստի, կամ մենք ցանկանո՞ւմ ենք առանց դրա ապրել։
Ամուսնական զույգի օրինակով հեղինակը ներկայացնում մարդկային հարաբերություննրում թվացյալ երջանկության ու դաժան իրականության բաժանարար բարակ ու աննշմարելի գիծը, որ ամեն պահ կարող է կտրվել՝ կախված մեր քայլերից։
Երջանիկ ամուսինները որոշում են բացառության կարգով սահմանել մեկ օր, որի ընթացքում նրանք կխոստովանեն միմյանց իրենց բոլոր գաղտնիքները, և թե ինչ աղետի կարող է հանգեցնել նրանց այդ էքսպերիմենտը, դուք կարող եք տեսնել հենց այս ներկայացման մեջ։ Դերերում են՝ Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Դավիթ Հակոբյանը, Մարիա Սեյրանյանը:

Ներկայացման գաղափարի և ընտրության մասին խոսեց «Սուտ» ներկայացման ռեժիսոր Սաթե Խաչատրյանը. «Ներկայացման գաղափարը պտտվում է ստի շուրջ․ սուտ, որը ամուսնական հարաբերությունների կենտրոնում է և դարձել է կենսակերպ։ Դժվարանում եմ պատասխանել, թե որն է նրա ուղերձը, որովհետև ներկայացումն առաջին հերթին ինձ համար արվեստի գործ է, և այն պետք է դիտարկել արվեստի տիրույթում։ Ինձ համար կարևոր է, որ ներկայացումը բավականություն պատճառի հանդիսատեսին և հնարավորություն տա, որպեսզի վերջինս ինչ-որ դրվագներում ճանաչի ինքն իրեն:
Հանդիսատեսը հաստատ որոշ դրվագների և իր կյանքի մեջ կգտնի նմանություն. դրամատուրգի վարպետությունը հենց դրանում է: Կարդալով պիեսը կամ նայելով ներկայացումը հասկանում ես, թե այդքան պարզ բանում, որքան հրաշալի կերպով է դրամատուրգը թափանցել մարդկային հարաբերությունների մեջ և որքան ստեղծագործ կերպով է կարողացել մատուցել այդ ամենը։
«Սուտ» պիեսի առանձնահատկությունը նրա թվացյալ պարզության և բացառիկ խորության մեջ է։ Նույնիսկ եթե մենք չենք նկատում առաջին հայացքից այդ խորությունը, միևնույն է, ավարտին տեսնում ենք հերոսների իրական դեմքն ու հարցնում ենք ինքներս մեզ՝ որքանով ենք մենք պատրաստ ապրել ճշմարտության մեջ և որքանով գոյություն ունի ճշմարտությունը։
Ինչո՞ւ բեմադրեցինք հենց այս պիեսը․ նախ նպատակը ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի հանրայնացումն է Հայաստանում և սա արդեն Զելլերի երկրորդ պիեսն է Համազգայինի բեմում»:

Ներկայացման մասին խոսեց նաև դերակատարներից դերասնուհի Մարիա Սեյրանյանը․ «Զելլերի «Սուտ» ներկայացումը իր թեմայով ու գաղափարներով շատ հետաքրքիր է, որովհետև նման հարցադրումներ լինում են, կարելի է ասել , յուրաքանչյուր գոնե 5 տարի իրար հետ ապրած զույգի կյանքում: Մեր թատրոնի խաղացանկում արդեն կար բեմադրված նույն հեղինակի «Ճշմարտություն» պիեսը, որտեղ  գործող անձիք նույնն են (բայց դերակատարները տարբեր) և մեզ հետաքրքիր թվաց ունենալ խաղացանկում նաև «Սուտ»-ը. տեսնել այդ կերպարներին այլ իրավիճակներում:
Որևէ առանձնահատկություն չունի ներկայացումը իր ֆորմայի տեսանկյունից, պարզապես հանդիսատեսը կարող է «խոշորացույցով» հետևել միևնույն երևույթի հանդեպ տարբեր աշխարհայացքների բախմանը»:

Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ ներկայացումների ավարտին ծափողջույնները՝ բուռն ու անկեղծ։ Թատրոնն այսօր չի պատրաստվում զիջել իր դիրքերը հեռուստատեսությանը կամ կինոյին և այս մտքի հետ համաձայն է նաև գլխավոր ռեժիսոր Սաթե Խաչատրյանը, ով գիտի՝ ինչն է հոգեհարազատ հանդիսատեսի սրտին։

«Այսօր հանդիսատեսին հետաքրքիր են ամենապարզ, սովորական մարդկային հարաբերությունները։ Մարդ միշտ զգայուն է սեփական ապրումների և դրանք արտացոլող ստեղծագործությունների նկատմամբ։ Մարդկային ամենապարզ հարաբերությունները ստեղծում են ամենահանճարեղ ստեղծագործությունները։
Ինձ հետաքրքրող ամեն բան մարդու մասին է։
Ինֆորմացիայի ահռելի հոսքի մեջ մարդիկ ունեն ճաշակի որոշակի ընկալում, և այդ ամենն անպայման իր ազդեցությունն է ունենում ժամանակակից թատոնի ընկալման մեջ։ Այսօր դժվար է հանդիսատեսին հրապուրել ոչ ժամանակակից դեկորով կամ հագուստով․ դա անպայմանորեն ունի իր ազդեցությունը։ Սակայն միայն դրանով չես խաբի հանդիսատեսին, եթե չկա կատարյալ դերասանական կազմ։
Թատրոնն առաջին հերթին դերասանն է։ Երբ մարդիկ գալիս են ներկայացում նայելու, նրանք նախ գալիս են դերասան տեսնելու։ Լավ պիեսն ու լավ դերասանական անձնակազմը դառնում է ռեժիսորի համար կատարյալ վայելք»։

Դերասանուհի Մարիա Սեյրանյանի պնդմամբ՝ թատրոնի առաջընթացի գրավականը ճիշտ մարքեթինգն է․ «Այսօր թատրոնը փորձում է քայլել ժամանակի հետ, հետևել ժամանակի պահանջներին և՛ իր ձևով, և՛ գաղափարներով: Բայց կարծում եմ թատրոնը չպետք է որևէ լուծում տա առաջ բերված խնդիրներին, այլ պիտի ներկայացնի իրավիճակներ ու թողնի հանդիսատեսին մտորելու ու ինքն իր համար եզրակացություններ անելու:

Ես` որպես դերասանուհի ու հանդիսատես, փորձում եմ ներկա լինել պրեմիերաներին, պիեսների ընթերցանություններին: Միշտ չէ, որ հավանում եմ, բայց կարծում եմ թատրոն գնացողները քիչ չեն, ամեն դեպքում յուրաքանչյուր թատրոն ունի իր հանդիսատեսը:
Գիտեք, ես նկատել եմ, որ իմ ուսանողական տարիներից ի վեր թատրոն գնացողները նույնիսկ շատացել են, այստեղ խնդիրը ճիշտ մարքեթինգն է: Թատրոնի մշտական հանդիսատեսը շատ խիստ է, և նրանց պահանջները բավարարելը մեր առաքելության մի մասն է: Հավերժական թեմաներից բացի( սեր, ատելություն, դավաճանություն, մահ) հանդիսատեսը ուզում է «խելառ» մի բան տեսնել, մի բան, որ չի տեսնի կյանքում: Այդ իմաստով, իհարկե, հեռուստատեսությունն ավելի ճկուն է, բայց հաստատ թատրոն սիրող մարդը երբեք կենդանի խաղ տեսնելու հաճույքը չի փոխի դրա հետ:
Թեպետ, կինոն ինձ համար սիրելի արվեստի տեսակ է, ես պաշտում եմ այն: Երկուսն էլ իրենց տեղն ունեն ու մեկը մյուսով փոխարինելու կարիք չկա: Անկեղծ ասած շատ կուզեի հավանել այն, ինչ տեսնում եմ այսօր մեր եթերներից, շատ կուզեի խաղալ ու զբաղվել նաև հեռուստանախագծերում, բայց այսօրվա պատկերը մեղմ ասած տխուր է: Ես մի քանի անգամ արդեն սխալվել եմ՝ մի քանի նախագծերում խաղալով, հիմա շատ ավելի զգույշ եմ այդ հարցում: Ավելի լավ է՝ ես հանրությանը անհայտ մնամ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Forbes-ի բացահայտումից հետո Քայլի Ջենների նկատմամբ կարող է քրեական հետաքննություն սկսվել՝ իր ընկերության արժեքը բարձրացնելու համար

Հեռուստաաստղ և գործարար Քայլի Ջենների նկատմամբ կարող է քրեական հետաքննություն սկսվել՝ իր ընկերության արժեքը, ենթադրաբար, բարձրացնելու համար, հայտնել է...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Լիլյային սիրում եմ, անբռնազբոս, գունեղ, խելացի աղջիկ է, վստահ եմ՝ հեռուստադիտողն էլ կսիրի»․ անկեղծանում է դերասանուհի Սաթեն Ղազարյանը

Դերասանուհի Սաթեն Ղազարյանն այժմ նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Խաբկանք» նոր հեռուստասերիալում։ Դերասանուհին ShowBiz.am-ի հետ զրույցում խոսեց իր...
Ավելին